ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրի մէջ յարգանքի տուրք մատուցեցին

«Շուշիի ազատագրումը հայ զինուորի սխրանքի, կամքի, ոգու դրսևորումն էր։ Շուշիի ազատագրմամբ փոխուեց արցախեան ազատամարտի ամբողջ ընթացքը, և նրանով սկզբնաւորուեցին մեր հետագայ յաղթանակները», յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մայիսեան յաղթանակներու և, մասնաւորապէս, Շուշիի ազատագրման առիթով շնորհաւորելով հայ ժողովուրդին։

Մայիսեան յաղթանակներու, ի մասնաւորի՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանութեան բանակի կազմաւորման առիթով այսօր Եռաբլուր պանթէոն այցելեցին ՀՅԴ Բիւրոյի, Հայաստանի Գերագոյն մարմնի, ՀՅԴ ՀԳՄ-ի ազատամարտիկներու յանձնախումբի, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան անդամներ, որոնք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Արցախեան գոյապայքարի ընթացքին զոհուած հերոսներու շիրիմներուն՝ յարգանքի տուրք մատուցելով նահատակներու յիշատակին։

«Մենք այսօր Եռաբլուրում ենք և հաշուետու ենք իւրաքանչիւր ընկած հերոսի առջև։ Հաշուետու ենք մեր պահուածքով, մեր գործերով, մեր առօրեայով, որովհետև նրանք իրենց կեանքը նուիրաբերեցին մեր հայրենիքին, հայ ժողովրդի անվտանգութեան ապահովմանը, Հայաստանի այսօրուան և ապագային։ Մենք պէտք է վառ պահենք իրենց յիշատակը և շարունակենք իրենց կիսատ թողած գործը»,- նշեց Ի. Սաղաթելեանը։

«Մեր սերունդը պէտք է դասեր քաղի Արցախեան ազատամարտից, պէտք է դաստիարակուի մեր հերոսների ոգով և շարունակի նրանց գործը։ Պէտք է յստակ ձևակերպել՝ մենք Արցախում սակարկութիւնների հարց չունենք, զիջումները բացառւում են, և պէտք է զարգանանք՝ չզիջելով»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձաւ նաև Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարար Լավրովի վերջին յայտարարութեան՝ հայկական կողմի արձագանգը անբաւարար նկատելով. «Մենք շատ յստակ յայտարարել ենք, որ պաշտօնական Երևանի այն հաւաստիացումները, որ սեղանին չկայ փուլային կարգաւորման տարբերակ, մեզ վստահութիւն չեն ներշնչում։ ՀՀ վարչապետը բառախաղերի միջոցով այդ հարցի յստակ պատասխանը չտուեց, և մենք պահանջում ենք նրանից՝ յայտարարել, որ ՀՀ-ն երբեք չի քննարկելու հակամարտութեան կարգաւորման փուլային տարբերակը։ Այդ իմաստով յստակ չէր վարչապետի՝ մայիսի 7-ին ԱԺ-ում ունեցած ելոյթը։ Այնինչ՝ ՀՀ վարչապետը պէտք է շատ յստակ, ուղիղ և առանց բառախաղերի յայտարարի, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում և չենք քննարկելու»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.