ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական խորհրդի յայտարարութիւնը՝ վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան գործողութիւնների և յայտարարութիւնների վերաբերեալ
Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները հարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրոյթը։ Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատեացութեան նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրութիւնը ոտնահարելու փորձեր կատարելու և Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնելու։ Պաքուի քաղաքական վարքը, ինչը մեծապէս ազդուած է Թուրքիայի կեցուածքից, անվերադարձելիօրէն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միաւորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգութիւնն առկայ սահմանների անձեռնմխելիութիւնը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղաւորւում են նաև ցեղասպանական մտադրութիւնների համատեքստում՝ արտայայտուելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու և վերջինիս տիրանալու անթաքոյց նկրտումներով։
Ղարաբաղեան առաջին պատերազմում կրած պարտութիւնից բարդոյթաւորուած՝ Ադրբեջանի պահուածքը յիշեցնում է ոչ թէ պատերազմում յաղթանակած կողմի, այլ մարդկութեան նկատմամբ հերթական յանցագործութիւնից իրականութեան զգացումը կորցրած սուբյեկտի։
Վերջերս Պաքուում բացուած «ռազմական աւարի պուրակը» մարդատեացութեան և բանականութեան խեղման այնպիսի մի դրսևորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռևս 20-րդ դարի երկրորդ կէսից, երբ նորագոյն ժամանակաշրջանի բռնատիրութիւնների կործանումից յետոյ, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առևտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ բացայայտ հաւակնութիւնները, մեր ժողովրդի կեանքի իրաւունքի հանդէպ ոտնձգութիւնները, ինչպէս նաև թուրք-ադրբեջանական բարձրագոյն մակարդակից հնչեցուած սպառնալիքները գալիս են փաստելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շարունակական թշնամանք երաշխաւորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։
Ստեղծուած ծայրաստիճան պայթիւնավտանգ իրավիճակի և դրանում Թուրքիայի առանցքային դերակատարութեան կապակցութեամբ, արդէն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետութիւնների, միջազգային կազմակերպութիւնների և ընդհանրապէս համաշխարհային հանրութեան հետ։
Ադրբեջանի բռնապետին խստօրէն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատուութեան հետ. մարդկութեան պատմութեան գրեթէ բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։
Ղարաբաղեան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծուած, հետևաբար՝ շարունակելու ենք յանուն Արցախի վերականգնման և Հայաստանի արժանապատուութեան հայութեան արդար պայքարը:
ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 ապրիլի 2021 թ.