ՀՅԴ Հայաստանի նորընտիր ԳՄ-ն հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Այսօր «Սիմոն Վրացեան» կեդրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրէյսիի նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմպերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագէտ Լիլիթ Օհանեանը: ՀՅԴ Հայաստանի կառոյցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ԳՄ անդամներ Լիլիթ Գալստեանը և Աշոտ Սիմոնեանը:
Դեսպան Թրէյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նոր կազմը, մասնաւորապէս ընդգծեց իր հետաքրքրութիւնը յետընտրական իրողութիւններով պայմանաւորուած՝ կուսակցութեան որդեգրած քաղաքական առաջնահերթութիւնների և ծրագրերի առնչութեամբ:
ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցութեան, ինչպէս նաև «Հայաստան» դաշինքի մտահոգութիւններն ու գնահատականները Հայաստանում ձևաւորուած քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրէնքի կամայականութիւնների առնչութեամբ: Ի. Սաղաթելեանն ընդգծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթութիւններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրաւէրները, ինչպէս նաև Արցախի հիմնախնդիրը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լ. Գալստեանը մասնաւորապէս անդրադարձաւ երկրում արձանագրուող՝ ժողովրդավարութեան յետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ ԱՄՆ-ի դերակատարութիւնը:
Դեսպան Թրէյսին շեշտեց, որ Միացեալ Նահանգները շարունակելու են հաւատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց յանձնառութեանը: Նա նաև յայտնեց, որ մօտիկից հետևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանուածների խնդիրներին, ինչպէս նաև աջակցելու է գերիների վերադարձման աշխատանքներին:
Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագայ համագործակցութեան հնարաւորութիւնները: