ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Յայտարարութիւնը

Այս յաղթանակը յատկապէս արդիւնք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կառոյցի, Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների երկար տարիների յամառ, հետեւողական ու նուիրուած պայքարի

Հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացեալ Նահանգների Ներկայացուցչական Պալատի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 296 բանաձեւի որդեգրմանը յաջորդեց դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 150 բանաձեւի ընդունումը՝ միաձայնութեամբ։

Ցեղասպանութիւնների կանխարգիլման եւ արդարութեան նկատմամբ ԱՄՆ Սենատի այս քայլը պատմական էր ու աննախադէպ նաեւ նրանով, որ առաջին անգամ ԱՄՆ պատմութեան ընթացքում ԱՄՆ Սենատի քննարկման օրակարգ է դարձել Ցեղասպանութեան հարցը։ ԱՄՆ Սենատը հաստատեց իր քաղաքական կամքն ու յանձնառութիւնը ցեղասպանութիւնների կանխման եւ արդարութեան վերականգնման նկատմամբ։

Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դէմ գործած ոճրին տրւում է պատմական արդար գնահատական եւ ապացուցում, որ քաղաքակիրթ աշխարհը չի հանդուրժում մարդկութեան դէմ յանցագործութիւններն ու ցեղասպանութիւնները եւ ժխտողական քաղաքականութիւն որդեգրած Թուրքիային կոչ է անում վերականգնել պատմական արդարութիւնը։

Անվիճելի փաստ է, որ այս յաղթանակը յատկապէս արդիւնք է ԱՄՆ-ում գործող Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կառոյցի, Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների երկար տարիների յամառ, հետեւողական ու նուիրուած պայքարի։

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինն ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից պատմական արդարութիւնը վերականգնող այս բանաձեւի ընդունումը եւ իր անմնացորդ զօրակցութիւնն է յայտնում ԱՄՆ-ում աշխատող մեր կառոյցներին եւ ընկերներին։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.