ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի Յայտարարութիւն

Խստօրէն դատապարտում ենք Մերձաւան բնակավայրում տեղի ունեցած զինուած յարձակումը, որի հետևանքով սպանուել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորեանը և քրէական ոստիկանութեան ծառայող Կարեն Աբրահամեանը, և վիրաւորուել է մէկ քաղաքացի։

Մեր խորին ցավակցութիւն ենք յայտնում զոհուածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը։

Վիրաւորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափոյթ ապաքինում։

Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետութիւնում տարիներ շարունակ թուլացւում են պետական ինստիտուտները, խորանում է անպատժելիութիւնը, իրաւապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատութիւն, իսկ առկայ ներուժն օգտագործւում է քաղաքական հետապնդումների նպատակով:

Հետևանքները չեն ուշանում՝ հասարակական անվտանգութիւնը գտնւում է լրջագոյն սպառնալիքի տակ։ Այս յանցագործութիւնը յարուած է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլև մեր պետութեան ու պետականութեան հիմքերին։

«Իրական Հայաստան» հռչակած իշխանութիւնը տարիներ շարունակ զբաղուած է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրէածին միջավայր: Աւելին, պարբերաբար հնչող բռնութեան ու հաշուեյարդարի կոչերով, հանրութեանը «սևերի ու սպիտակների» բաժանելով՝ պարարտ հող են ստեղծել նման յանցագործութիւնների համար, որոնց թիւը թռիչքաձև աճում է:

Իշխանութիւնը քրէականացնում է այլախոհութիւնը, հալածում հոգևորականներին ու ընդդիմախօսներին, միաժամանակ՝ քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինուած յանցագործների դէմ։

Սա արդէն ոչ թէ անգործութիւն է, այլ ուղղակի յանցակցութիւն։

Պահանջում ենք իրաւապահ մարմիններից՝ անյապաղ և բացայայտել դէպքը, ինչպէս նաև օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին։