ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը. Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի մասին
Հայաստանի կառավարութիւնը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ Սահմանադրութեանը վերջինիս համապատասխանութիւնը որոշելու համար։
Անհրաժեշտ է ընդգծել․
1. Որպէս պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք յայտարարուած 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետութիւնների վարչական սահմաններին վերաբերող որեւէ յղում: Իբրեւ փաստարկ բերուող այն հանգամանքը, որ սոյն հռչակագրով կողմերը ճանաչում են միամեանց տարածքային ամբողջականութիւնը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրուած է թէ ՄԱԿ կանոնադրութիւնում, թե ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ այլ միջազգային հիմնարար իրաւական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ատրպէյճանը: Սակայն այս պարտաւորութեան ստանձնումը որեւէ կերպ չի կաշկանդել Ատրպէյճանին ներխուժել Հայաստանի Հանրապետութեան տարածք: Հետեւաբար, Ալմա Աթայի հռչակագրի յիշատակումը որեւէ կերպ չի զսպում ատրպէյճանական ագրեսիան: Առաւել եւս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականութեան հնարաւորութիւն:
2. Կանոնակարգում առկայ են ձեւակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնաւորապէս՝ սահմանի հատուածական սահմանազատումը, վէճերի լուծման կարգի բացակայութիւնը եւ այլն։
3. ՀՀ իշխանութիւնները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխաւոր շտապի 1976-78 թթ․ կազմուած եւ 1979 թ․ հերթապահութեան անցած քարտէզը, որով ուրուագծւում էին ԽՍՀՄ միութենական հանրապետութիւնների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միութեան փլուզման պահի դրութեամբ գոյութիւն ունեցող իրաւաբանօրէն հիմնաւորուած միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտէզին որեւէ յղում չկայ։
Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն արձանագրում է․
1. Հայաստանի Հանրապետութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան միջեւ միջպետական սահմանի սահմանազատման համար ելակէտային սահմանը, այսինքն՝ այն աշխարհագրական ուրուագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետութեան տարածքը, պէտք է յստակ սահմանուած եւ նկարագրուած լինի ՀՀ օրէնսդրութեամբ։ Սահմանազատման արդիւնքում այդ ուրուագծի փոփոխութիւնը ենթակայ է հաստատման հանրաքուէի միջոցով։ Հակառակ դէպքում Կանոնակարգը ենթակայ է հանրաքուէով հաստատման:
2. Սահմանազատման հիմնարար սկզբունքները պէտք է գործեն սահմանի իւրաքանչիւր հատուածի համար։ Այլապէս՝ սահմանի իւրաքանչիւր հատուածում Ատրպէյճանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապէս կը ծառայեն ատրպէյճանական շահերին։
3. Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որեւէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը:
4. Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնութիւնները որպէս պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ յստակ պէտք է նշուի, թէ ինչպէս են կարգաւորուելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վէճերը։
5. Կանոնակարգն անտեսում է Ատրպէյճանի շահերից չբխող միջազգային լաւագոյն փորձը, անտեսւում են այն իրաւական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետութեան տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագայ միակողմանի զիջումների համար:
Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյութիւնը, եւ հետեւաբար այն ենթակայ չէ Ազգային ժողովի կողմից ընդունման:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
24.09.2024 թ.
Comments are closed.