ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը՝ Գարեգին Բ. Կաթողիկոսին դէմ յարուցուած գործին առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Առերեսւում ենք հայ ժողովրդի պատմութեան ամենաանպատուաբեր, պատմական նախադէպը չունեցող փաստին: Վարչախմբի կողմից Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ծրագրաւորուած թիրախաւորումն ու հալածանքները հատել են բոլոր կարմիր գծերը: Ապօրինաբար յարուցուած քրէական վարոյթի շրջանակներում դատական գործընթաց է յարուցուել Ամենայն Հայոց վեհափառ հայրապետ ՆՍՕՏՏ Գարեգին Բ.ի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների դէմ:

Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել եւ մնում է հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ մշակութային ինքնութեան անսասան յենասիւնը, որն առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձութիւնների միջով, պահպանել է մեր Սուրբ հաւատքը, ազգային ինքնութիւնը, լեզուն եւ դարաւոր արժէքները:

Եկեղեցու հեղինակութեան եւ նրա հոգեւոր առաքելութեան դէմ ուղղուած ՀՀ իշխանութիւնների գործողութիւնները հակասահմանադրական են եւ հակազգային: Այսպիսով հիմնովին խարխլւում է պետութիւն-Եկեղեցի յարաբերութիւնների տարանջատման սահմանադրական սկզբունքը, ոտնահարւում հազարաւոր հաւատացեալների խղճի ազատութեան իրաւունքն ու հոգեւոր արժանապատուութիւնը, խորանում հանրային պառակտուածութիւնը, թուլանում մեր ինքնութեան հիմքերն ու նոր ցնցումների ենթարկւում պետական ու հասարակական կեանքը:

Որպէս Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հաւատաւոր զաւակներ` դատապարտում ենք իշխանութիւնների որդեգրած հակաօրինական գործողութիւնները, անսակարկ վստահութեամբ վերահաստատում ենք մեր լիակատար աջակցութիւնը Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Ամենայն հայոց վեհափառ հայրապետին:

Կոչ ենք անում դատաիրաւապահ համակարգին` մնալ սահմանադրականութեան եւ ՀՀ օրէնքների շրջանակներում եւ չտրուել քաղաքական խարդաւանքների պարտադրանքին: Թեմերի կառավարման եւ առհասարակ կանոնական իրաւունքի ու ներքին ընթացակարգերի հետ կապուած հարցերը գտնւում են բացառապէս Եկեղեցու իրաւասութեան տիրոյթում, եւ ցանկացած միջամտութիւն անթոյլատրելի է:

Կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին` ազգային գիտակցութեամբ ու համերաշխութեան սկզբունքներով առաջնորդուելով, պահպանել ազգային միասնութիւնը, համախմբուել Հայ առաքելական Սուրբ եկեղեցու, նրա հոգեւոր առաքելութեան եւ Ամենայն հայոց վեհափառ հայրապետի շուրջ:

ՀՅԴ ԲԻՒՐՕ