ՀՅԴի Հանրահաւաքին Կարգախօսը՝ «Լրջացէ՛ք»
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեան հանդէս եկաւ ուղերձով մը, որուն մէջ կ՛ըսէ. «Անցնող մէկ տարուայ ընթացքում երկրի ղեկավարութիւնը՝ ի դէմս վարչապետ Նիկոլ Փաշինեանի, ունեցել է բացարձակ իշխանութիւն եւ ժողովրդի կողմից մեծ վստահութիւն՝ երկրում իրական, տնտեսական, քաղաքական եւ իրաւական բարեփոխումներ իրականացնելու համար: Սակայն դա չեն արել: Այժմ երկիրը տանում են այլ ուղղութեամբ: Լրջացէ՛ք»:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Արթուր Խաչատրեան եւս կը յայտարարէ, «Մեր հիմնական կոչն է. լրջացէ՛ք»:
«Երկիր»ի հետ զրոյցի մը ընթացքին Արթուր Խաչատրեան ըսաւ. «Այս մէկ տարուայ ընթացքում մենք որոշակի ակնկալիքներ ունէինք կառավարութիւնից. այսօր այդ ակնկալիքները, ցաւօք, չեն իրականացել: Աւելին՝ մենք տեսնում ենք, որ որոշակի քայլեր են կատարւում, որոշակի կոչեր են հնչում, որոնք ոչ միայն չեն արդարացնում մեր սպասումները, այլեւ կարող են երկիրը տանել բաւականին ծանր փակուղային իրավիճակի: Եւ սա չի վերաբերում միայն վերջերս տեղի ունեցած դէպքերին, դրանք գուցէ ինչ-որ չափով արագացրեցին, բայց այն, որ այս դժգոհութիւնը մեր մէջ կուտակուել է երկար ժամանակ, դա փաստ է: Խօսքը վերաբերում է թէ՛ տնտեսական քաղաքականութեանը, որովհետեւ իրականացուող տնտեսական քաղաքականութիւնը շարունակութիւնն է նէոլիբերալիզմի, երբ ասւում է, որ պետութեան դերը պէտք է մինիմալացուի, բարենպաստ պայմաններ պէտք է ստեղծուեն, իսկ քանի որ «աղքատութիւնը մարդկանց գլխներում է», թող ինքնուրոյն կերտեն իրենց բարեկեցութիւնը:
«Շատ մտահոգիչ է առհասարակ այս Հայաստան-Արցախ ջրբաժանը, որը վերջերս սկսեց խորանալ: Անկախ նրանից, թէ որտեղից է գալիս հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, կառավարութիւնը, իշխանութիւններն են պատասխանատու տեղի ունեցած ցանկացած իրադարձութեան համար եւ պարտաւոր են կանխել այդ բաժանումը: Ցաւօք, մենք դա կանխելու քայլեր չենք տեսնում, ընդհակառակը՝ սկսում են պետական դաւաճանութեան մէջ մեղադրանքներ՝ կոնկրէտ ուժերի ուղղուած: Դա մեզ համար անընդունելի է, յատկապէս՝ երբ հասարակութեան մէջ կան մանիպուլեատորներ (ձեռնավարողներ-Խմբ.), որոնք դա փորձում են օգտագործել հայաստանցի-ղարաբաղցի դաւաճանական տարբերութիւնը ներդնելու համար:
Մի այսպիսի գիծ ենք տեսնում՝ իշխանութիւնը ձեւաւորել է ժողովուրդը, հետեւաբար՝ ով իշխանութեան հետ համակարծիք չէ, նա համակարծիք չէ ժողովրդի հետ, ուստիեւ՝ ժողովրդին թշնամի է, նրա դէմ պէտք է պայքարել: Եթէ սրան գումարենք նաեւ այս անհասկանալի՝ անցումային արդարադատութեան դրոյթը, մենք ռիսկեր (վտանգներ-Խմբ.) ենք տեսնում ՀՀում ժողովրդավարութեան խաթարման ուղղութեամբ: Մենք ընդունում ենք, որ այսօրուայ իշխանութիւնն ունի բարձր լեգիտիմութիւն (օրինականութիւն-Խմբ.), վստահութիւն, եւ կարիք չկայ քայլերի դիմելու, որոնք կասկածների տեղիք են տալիս, մասնաւորապէս՝ դատարանները շրջափակելու՝ վերջին քայլը: Մեր երկրի խնդիրներից մէկն այն է եղել, որ դատական, օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները մի կենտրոնից են կառավարուել: Հիմա փոխանակ քայլեր ձեռնարկուեն այս երեք իշխանութիւնների միջեւ հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ (մեքենակառոյցներ-Խմբ.) ամրապնդելու համար, օրէնսդիրն ու գործադիրը փորձում են դատական իշխանութեանը պարտադրել իրենց կամքը: Քաւ լիցի, մենք երբեք չենք մերժել, որ դատաիրաւական համակարգը վստահութեան պակաս ունի, հակառակը՝ մենք ենք կոչ անում իշխանութիւններին, որ քայլեր ձեռնարկեն դատաիրաւական ամբողջ համակարգի նկատմամբ վստահութիւնը բարձրացնելու համար: Խօսքը վերաբերում է թէ՛ դատարաններին, թէ՛ դատախազութեանը, թէ՛ քննչական մարմիններին, թէ՛ ոստիկանութեանը: Թիւր կարծիք կայ, թէ քննչական մարմինները շատ աւելի կոմպետենտ (կարող-Խմբ.) եւ ազնիւ են, քան դատական մարմիննները: Ոչ, դա մի ամբողջ շղթայ է, եւ բոլոր մարմիններում բարելաւման կարիք կայ: Բայց եթէ մենք իրապէս խօսում ենք դատաիրաւական բարեփոխումների մասին, չի նշանակում, որ գործող օրէնքները պէտք է բռնաբարել, խախտել՝ օրինականութիւն հաստատելու համար»: