«ՀՄԸՄ-ն դաստիարակչական կարևոր առաքելութիւն է իրականացնում, այն միաւորում է աշխարհասփիւռ հայութիւնը»․ Լէոնի Սարմազեան

ՀՄԸՄ Գանատայի Շրջանային վարչութեան ատենապետուհի, Գանատայից Հայաստան ժամանած ՀՄԸՄ պատուիրակութեան պատասխանատու Լեոնի Սարմազեանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է համաՀՄԸՄ-ական խաղերին․ նախկինում ևս այդ պատասխանատու առաքելութեամբ Հայաստան ժամանելու առիթ է ունեցել։ «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում տիկին Լէոնի Սարմազեանն ասում է՝ հպարտ է, որ ՀՄԸՄ-ական է։

ՀամաՀՄԸՄ-ական 11-րդ խաղերին մասնակցելու նպատակով այս տարի Գանադայից Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ 40 մարզիկ, մարզիչ ու պատասխանատու։ Գանատայի աղջիկների խումբը ֆուտսալի մրցումներում երկրորդ պատուաւոր հորիզոնականն է զբաղեցրել, իսկ լողափի վոլիպոլում աղջիկները երրորդ հորիզոնականն են նուաճել։

Գանատայի պատուիրակութեան մարզիչներն ու պատասխանատուները ուրախ են ու գոհ  մարզիկների ցուցաբերած մասնակցութիւնից ու գրանցած յաջողութիւններից։

«Աշխարհի չորս կողմից հայերը գալիս են հայրենիք ու միանում, ծանօթանում միմեանց։ ՀՄԸՄ-ի մարզիկները, կազմակերպիչները գիտեն, թէ ինչպիսի հոյակապ ու հսկայածաւալ նախապատրաստական  աշխատանքներ են իրականացուել ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերի անցկացման նպատակով։ Քարոզչական ու դաստիարակչական տեսակէտից ևս ՀՄԸՄ-ն կարևոր առաքելութիւն է իրականացնում։ Հայրենիքում գտնուելու երանելի օրերին երիտասարդների մէջ մեծանում է ազգային սէրը, հայապահպանութիւնը զօրանում է նրանց մէջ», — պատմում է Լէոնի Սարմազեանը։

Նա ընդգծում է՝ հայրենիք ժամանելու հենց առաջին օրը մարզախաղերի մասնակիցներն ու կազմակերպիչներն այցելեցին Եռաբլուր և յարգանքի տուրք մատուցեցին մեր հերոս նահատակների անմար յիշատակին։

«Թէև մարզիկները գալիս են մրցելու, բայց միաժամանակ բարեկամանում են, հարազատանում ու արցունքներով բաժանւում։ Հայը հային ձեռք պէտք է մեկնի, որպէսզի միշտ զօրաւոր լինենք։ Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Սարդարապար և, առհասարակ, հայրենիք այցելելիս հայրենիքի նկատմամբ սէրը մեր մէջ զօրանում է  ու նորոգւում։ Մեր երեխաները շատ ուրախ օրեր են անցկացնում հայրենիքում։ Վստահ եմ՝ իրենց հետ թանկ ու անգին յուշեր պիտի տանեն հայրենիքից և խանդավառութեամբ յիշեն այս օրերը», — ասում է Լէոնի Սարմազեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.