Հիմա պէտք է կարողանանք պահպանել մեր պետականութիւնը, բանակը, ազգային գաղափարախօսութիւնը․ Նայիրի Հոխիկեան

Յասմիկ Բալէեան

«Հիմա պէտք է կարողանանք պահպանել մեր  պետականութիւնը, բանակը հզօրացնել, բայց այդ ընթացքում չպէտք է մոռանանք ազգային գաղափարախօսութեան մշակման ու տարածման մասին»․ Նայիրի Հոխիկեան

Լրագրող, մեդիափորձագէտ Նայիրի Հոխիկեանը վստահ է՝ գործող իշխանութեան՝ «Ապագայ կայ, կայ՛ ապագայ» կարգախօսը կոնկրետ քարոզչական տեխնոլոգիայ է․ օգտագործւում է 25-րդ կադրի էֆեկտը մարդկանց հիպնոսի ենթարկելու համար։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում Նայիրի Հոխիկեանը յիշեցրեց՝ կան որոշակի արտայայտութիւններ, ձևակերպումներ, որոնք որոշակի ձայնային ելևէջներով կրկնելու դէպքում դրանք լսող որոշ մարդիկ  սկսում են անջատել գիտակցական մտածողութիւնն ու դառնում են հիպնոսացած։

«Նիկոլ Փաշինեանն էլ չէր հաւատում իր ասած «Ապագայ կայ» կարգախօսին։ Յետագայում մենք կը շարունակենք տեսնել, որ ոչ թէ ապագայ կայ կամ չկայ, այլ կը հասկանանք, որ այն ուղղակի ձևական եզրոյթ էր: Չմոռանանք, որ այդ արտայայտութիւնն առաջին անգամ Թուրքիայում  է   մի կուսակցութիւն էր կիրառել, երբ ասում էին՝ «Burada Gelecek Var, Var Burada Gelecek», որը բառացի նշանակում է․ «Այստեղ ապագայ կայ, կայ այստեղ ապագայ»։ Սրանք թուրքական տեխնոլոգիաներ են։ Նմանատիպ տեխնոլոգիայ Թուրքիայում առաջին անգամ կիրառուեց 2017 թուականին․ խօսքը «քայլելու տեխնոլոգիայ»-ի մասին է, երբ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ քեմալիստական կուսակցութեան առաջնորդը, 2017-ի յունիս կամ յուլիս ամսին Անկարայից քայլելով գնաց, հասաւ Ստամբուլ և իր ետևից մօտ 2 մլն մարդ տարաւ։  Նա կարող էր յեղափոխութիւն անել, բայց Էրդողանը ԱՄՆ-ի հետ որոշակի բանակցութեան ու զիջումների գնաց, որից յետոյ «ստամբուլեան մարշ» կոչուած տեխնոլոգիան կանգ առաւ։ Նոյն բանը եղաւ Հայաստանում՝ 2018 թուականին։ Բազմաթիւ հարցերում մենք տեսնում ենք՝ Հայաստանի այսօրուայ իշխանութիւնը կիրառում է թուրքական փորձարկուած, յաջողուած տեխնոլոգիաներ», — նշեց Նայիրի Հոխիկեանը։

Նա յիշեցրեց՝ այս օրերին  բաւական լարուած է հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատուածում, Սև լճի մօտ երկու հայ զինուոր է անհետ կորել, Արցախում՝ Շուշիում ադրբեջանցիները կրակ են արձակում, և սա դեռ ամէնը չէ։ Ադրբեջանցիներն արգելում են, որ հայերն ուխտագնացութիւն ունենան, հայ հոգևորականներին արգելում են հոգեւոր ծառայութիւն իրականացնել։

«Վաղն էլ կը տեսնենք, որ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի մօտ նոր սադրանքների կը դիմեն, միւս օրը՝ Գեղարքունիքի մարզի սահմանային հատուածում կամ Տաւուշում զօրքերի կուտակում կարող է լինել․ սա սպասելի է։ Ադրբեջանն ու  Թուրքիան այն պետութիւններն են, որոնք աշխատում են յստակ մարտավարութեամբ, և այն, ինչ այսօր տեսնում ենք, ադրբեջանական պլանաւորման մաս են կազմում», — նշեց Նայիրի Հոխիկեանը։

Ըստ նրա՝ հայրենիքում ստեղծուած  այս ծանրագոյն իրավիճակից դուր գալու հիմնական կռուանը պիտի լինի ազգային գաղափարախօսութիւնը։

«Ազգային գաղափարախօսութիւնը երկարամեայ պլանաւորում է, ռազմավարական պլանաւորում․ այն մէկ- երկու կամ երեք տարուայ պլանաւորաման գործ չէ։ Մենք ունենք տաղանդաւոր երիտասարդներ, կենսափորձ ունեցող հայրենակիցներ, բայց այս պահին մարտավարութիւնն ու ռազմավարութիւնը չպիտի շփոթենք։ Այսօր մարտավարութիւնը հայոց պետականութեան պահպանումն է, որն ազգային գաղափարախօսութեան առումով չի կարող ձգել, այսինքն՝ գարափարախօսութիւնը երկարաժամկէտ ռազմավարութիւն է, իսկ մարտավարութիւնը կարճաժամկէտ է», — նշեց Նայիրի Հոխիկեանը՝ շեշտելով՝ հիմա պէտք է կարողանանք պահպանել մեր  պետականութիւնը, բանակը հզօրացնել, բայց այդ ընթացքում չպէտք է մոռանանք ազգային գաղափարախոխօսութեան մշակման ու տարածման մասին։

Աւելին՝ ըստ Նայիրի Հոխիկեանի՝  նոյնիսկ նրանք, որոնք սխալուել են և  քուէարկել  Նիկոլ Փաշինեանի ու նրա խունտայի օգտին, նոյնիսկ այդ մարդկանց շարքում մեծ թիւ են կազմում նրանք, որոնք ունեն ազգաին մտածողութիւն, ազգային արժէհամակարգ․ նրանց  հնարաւորութիւնները ևս պիտի օգտագործուեն։ Մեդիափորձագէտը շեշտեց՝ մենք քիչ ենք, չպիտի բաժան-բաժան լինենք, պիտի միասնական լինենք։

Ըստ Նայիրի Հոխիկեանի՝ բաժան-բաժան եղած ազգին մէկ բռունցք  դարձնելու ու ներազգային համերաշխութեան հասնելու համար մենք ազգանուէր առաջնորդների կարիք ունենք։

«Օրինակ՝ այսօրուայ քաղաքական ընդդիմութեան  որոշակի ուժեր սխալ քաղաքական կուրս են ընտրել․ տեխնոլոգիաներն են սխալ կիրառում։ Օրինակ՝ Քոչարեանի մասին խօսենք․ նրա դէմ աւելի քան 10 տարի  հակաքարոզչութիւն իրականացուեց, ապատեղեկատուութիւն մատուցուեց։ Չեմ ուզում Քոչարեանին գնահատել, բայց պէտք է փաստել՝ հակաքոչարեանական քարոզչութիւն իրականացուեց, այդ թւում՝  «Հանրապետական» կուսակցութեան կողմից։ 2021 թուականին ընտրութիւններում Քոչարեանը կարողացաւ  աւելի քան 250 հազար քուէ հաւաքել, բայց այդ քուէների թիւը կարող էր աւելի մեծ լինել, եթէ, օրինակ, Քոչարեանը նստեր տեսախցիկի առաջ և խօսեր հայերի հետ, բայց նա չարեց։ Մարդիկ 2021 թուականին այլևս չեն ապրում 2005-2010 թուականների մտածողութեամբ, ժամանակները փոխուել են։ Ընդդիմութեան մօտ կայ ինտերակտիւութեան, ֆիդբեքի պակաս։ Այս առումով ընդդիմութիւնը պէտք է աշխատի», — նշեց Նայիրի Հոխիկեանը՝ շեշտելով՝  Ռոբերտ Քոչարեանից զատ՝ Հայաստանում կան նաև քաղաքական ու հասարակական այլ գործիչներ, որոնք ազգանուէր են․ այդպիսիք շատ են և մեզ պէտք է, որ այդ գործիչները միաւորուեն, կարողանան ստեղծել ոչ թէ եսակենտրոն ուժեր, այլ ազգային ուժեր, և որոշակի համախմբման աշխատանք տանել, ճիշտ տենոլոգիայիաներ կիրառել։

«Ճիշտ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու դէպքում, միանշանակ, վստահ եղէ՛ք, հասարակութիւնը կը հասկանայ՝ ով է Նիկոլ Փաշինեանի խունտան, և ովքեր են այն մարդիկ, որոնք կարող են գալ իշխանութեան ու երկիրը տանել ազգային ճանապարհով, ոչ թէ  այսպէս կոչուած, քաղաքացիական», — ընդգծեց Նայիրի Հոխիկեանը։

Զրոյցի վերջում  լրագրող, մեդիափորձագէտը ընդգծեց՝ այն հայերը, որոնք ունեն ազգային մտծողութիւն ու մօտ են արմատներին, ազգային պետութեան հիմքերում են, ազգային գաղափարախօսութիւնը պիտի սկսեն ներարկել մեր հայրենակիցների մէջ։

«Առաջիկայ 1-1,5 տարուայ ընթացքում ծանր, սիզիֆեան աշխատանք պիտի կատարենք։ Առաջիկայ 4-5 տարուայ ընթացքում հանգիստ չենք ունենալու։  Առաջիկայ 1-1,5 տարուայ ընթացքում պիտի կայունացում բերենք մեր երկրում, իսկ յետոյ՝ պատրաստուենք պատերազմի։  Դա մեր ցանկութիւնը չէ, բայց Ադրբեջանն ամենաուշը 2024 թուականի հոկտեմբերին յարձակուելու է Արցախի ու Հայաստանի վրայ։ Ջայլամի դիրք ընդունելը ու գլուխն աւազի մէջ մտցնե՞լն է ճիշտ, թէ՞ պատերազմին պատրաստուելը, որպէսզի երբ Ադրբեջանը յարձակի, կարողանանք ազատագրել Քարվաճառը, Քաշաթաղը, Հադրութը, Շուշին․․․

Մեզ պէտք է համախմբում, սփիւռքի մեր հայրենակիցները պիտի շարունակեն նուիրուածութիւնը հայրենիքին և կապ չունի, որ այսօր ինչ-որ Նիկոլ Փաշինեան է  Հայաստանի ղեկին։  90-ականներին էլ ինչ-որ Լևոն Տէր-Պետրոսեան էր Հայաստանի ղեկին․ արդեօ՞ք մեր սփիւռքահայ հայրենակիցները դադարեցին սիրել մեր հայրենիքը․ իհարկէ, ոչ։

Առաջիկայում, երբ որոշակի յաջողութիւններ արձանագրենք, սփիւռքը պիտի յստակ ներկայութիւն ունենայ Հայաստանի խորհրդարանում։ Եթէ մենք սփիւռքից օգնութիւն ենք ուզում, ուրեմն՝ սփիւռքի մասնակցութիւնը պիտի ունենանք երկրի կառավարման գործում․ դա է ազգային համախմբումը, ազգային գաղափարախօսութիւնը, համաշխարհային հայկական կառավարումը», — եզրափակեց Նայիրի Հոխիկեանը՝ շեշտելով՝ վստահ  է՝ յաջողութիւններ ունենանք, պարզապէս հարկ է միաւորուել, ունենալ տեսլական ու այդ տեսլականի ճանապարհով առաջ ընթանալ։

Յասմիկ Բալէեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.