Հասցէն՝ Պուրճ Համուտ

Արմինէ Մուքոյեան-Թաշճեան

Օդակայանում։
-Հասցէ,-լսեցի ծառայողի ձայնը։

*
-Անունդ,- յանկարծ ուղեղիս մեջ արձագանք տուեց մի ձայն։
– Խաչատուր,-լսուեց փոքրիկ որբուկի ձայնը։
Եւ նորից խիստ տոնով՝
-Ազգանունդ։
Քաղցած, շփոթուած ու վախեցած փոքրիկը չյիշեց, սառեց տեղում, միայն կարողացաւ կմկմալով արտաբերել՝ օգնութիւն։
-Եարտմեան։ Անցիր։
Յետոյ – յետոյ փոքրիկ որբուկը պիտի հասկանար, որ իրեն կնքուած Եարտմեանը թրքերէն նշանակում էր օգնութիւն։

*

Օդակայանի ծառայողը կրկնեց։
-Հասցէդ։
-Պուրճ Համուտ,- արագ պատասխանեցի ես։

Տապ էր, ինձ դիմաւորեց կիզիչ արևը, որ խաղի մէջ էր ծովի հետ ու իր շողացող աստղիկներով այնպէ՜ս գեղեցիկ էր զարդարել ծովը։

Իսկ ո՞վ դիմաւորեց փոքրիկ որբուկին։

Հասանք Պուրջ Համուտ. նեղլիկ մարդաշատ փողոցներ, որոնք ունէին զուտ հայկական անուններ և ուր բարևն հայերէն էր, այնքա՜ն հարազատ, որ զգացի՝ ես տանն եմ, դէմ դիմաց հնամաշ շէնքեր ՝ ծածկուած անթափանց, արևից խունացած վարագոյներով, իրար յաջորդող խանութներ, արհեստանոցներ, որոնց դիմաց աթոռներին թիկնել էին հաւանաբար տէրերը։

Մի կին իր լուացքն էր փռում արևին ու մտերմիկ, հանգիստ խոսում դիմացի շէնքի պատշգամբի իր հարևանի հետ, միւսը ավտոմեքենան էր հազիւ տեղաւորում այդ նեղլիկ փողոցում, անցորդներն անցնում էին՝ մէկը մտահոգ, միւսը՝ ժպտադէմ։
Քայլում էի և կարդում՝ վարպետ Անդօ, թաղապետ Զարեհ, անուշավաճառ Սարգիս, ատամնաբուժ Լոզոյեան, նպարավաճառ Յակոբ…
Այդ նեղլիկ փողոցներում, որ մի քանի օր անց ինձ այլևս նեղլիկ չէր թւում, ամենուր խաղացող աշխոյժ երեխաները էին։

Հրանդը, որ ապրել ու մեծացել էր Պուրջ Համուտում, հպարտութեամբ էր ներկայացնում ամէն փողոց, շէնք ու շինութիւն՝ իր պատմութեամբ։
Նա ոգևորութեամբ և ջերմութեամբ էր յիշում քաղաքի անցած լաւ ու վատ օրերը, իր ընկերներին, որոնց հետ այնքա՜ն յիշողութիւն ունի, առհասարակ այն ամէնն՝ ինչ կապուած էր քաղաքի հետ, որին բնութագրում էր՝ Ոստան, իսկ եթէ խօսում էր ակումբերի մասին, նրա դէմքը փոխւում էր, լրջանում, սահմանափակւում էր՝ «ուրիշ էր, դժուար օրեր էին, բայց անուշ օրեր էին» արտայայտութեամբ։

-Նահարի կամուրջն է,-ասեց Հրանդը։
Նայեցի։

*

Պէյրութ գետն իր շուրջն էր հաւաքել փոքրիկ որբուկին ու իր ընկերներին, ոտաբոբիկ, հնամաշ լաթերով, որ հազիւ հագուստ կարող էինք ասել, խաղում էին նրանք ճահճոտ, անշուք ու խղճուկ մի վայրում՝ փրկուած հայութեան գաղթակայանում։ Նրանց կողքի հետ խրճիթներ էին կառուցւում, իսկ մի քանի տարի անց պիտի կառուցուէր առաջին եկեղեցին ու առաջին դպրոցը։
Ուրախ էին որբուկները՝ ծածկ ունէին, գրել-կարդալ պիտի սովորէին, հայերէն պիտի աղոթէին։

*
Ճահիճ գաղթավայրը հայերի վարպետ ու աշխատասէր ձեռամբ վաղուց արդէն քաղաք է, խրճիթները՝ գեղեցիկ տներ ու շէնքեր, որոնց կողքին ազգային մշակոյթի տներ ու ժողովրդային տներ, եկեղեցիներ ու դպրոցներ, իսկ գաղթականութիւնը՝ ուժեղ և կուռ համայնք, որ իր դժուար գոյապայքարի մէջ, քանիցս ստիպուած է եղել անգամ զինուած պաշտպանել իր գոյութիւնը և պաշտպանել իր իսկ որդոց ձեռքով, պահանջատիրութեան հաւատով, հայութեան տէր ու պաշտպան լինելու վստահութեամբ, խիզախութիւնների և նահատակութփան գնով։

Գիշեր էր, բայց արթուն էր Պուրջ համուտը։
Անցնում էինք Արագածի շրջանը, Հրանդը, ցոյց տալով մի գետնայարկ տուն, ասեց.
-Հոս կ՚ապրէր Լիզբոնի Սաքոն։

Նայեցի պատուհանին, լոյսը վառ էր։
Ինձ թուաց արթուն էր Սաքոն՝ իր մտքերի հետ, «Սիրելի մայրս…» վերջին երկտողն էր գրում: Արևածագին նա պէտք է գնար…

*
Յուլիսեան տաք լուսաբաց էր, Սաքոն անձայն դուրս ելաւ տնից, մտքով հրաժեշտ տուեց մօրը, վերջին անգամ անցաւ իր ամէնօրեայ փողոցով։ Նայեց շուրջը, լուսաբացն իր առօրեայով ամէն օրուայ նման էր։ Շտապում էր Սաքոն. ընկերներն սպասում էին։

Յանկարծ կանգ առավ Սաքոն, նայեց երկինք. պարզ էր երկինքը, խօսեց երկնքի հետ ու շարունակեց քայլել։ Արդեօ՞ք ինչ խօսեց երկնքի հետ…

Փոքրիկ որբուկը նայեց Սաքոյին, բռնեց նրա ձեռքը, լուռ քայլեցին միասին. Սաքոն ու իր ընկերները նրան հայրենիք էին խոստացել։

*
Ես քայլեցի հայոց մի անաւարտ պատմութեան հետքերով, որտեղ հերոսական պայքար կար, որտեղ ինքնազոհութիւն կար և այդ բոլորը յանուն հայի ու հայրենիքի, ես այդ պատմութեան մէջ տեսայ հոգու ջերմութիւն, տեսայ խրոխտ երիտասարդութիւն, տեսայ թիթեղէ խրճիթը քարաշէն տուն դարձած, տեսայ քոչարի, լսեցի աղօթքն հայերէնով։ Այդ պատմութեան մէջ ակունքներին ամուր կանգնած հայութիւնն է, որ դեռ շատ հպարտութեան հետքեր պիտի թողնի…

Օդակայանում հասցէ չհարցրեցին, խփեցին Պուրջ Համուտից ելքի կնիքը Յուլիս ամսաթւով։

Արմինէ Մուքոյեան-Թաշճեան
23.08.2023