Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման եւ վերադարձի իրաւունքների վերաբերեալ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոպերթ Քենետու յայտարարութիւնները

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոպերթ Քենետի կրտսերը հրապարակուած տեսաուղերձով խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրութեանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ատրպէյճանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձը Արցախ եւ աջակցելու նրանց ինքնորոշման իրաւունքին։
Ի թիւս այլնի, նախագահի թեկնածուն նշել է․ «Էթնիկ զտումների այս քաղաքականութեան դատարկ դատապարտումները բաւարար չեն։ Ի տարբերութիւն 1915 թուականի ցեղասպանութեան, սա անշրջելի չէ։ ԱՄՆ կառավարութիւնը պէտք է կազմակերպի եւ մոբիլիզացնի համաշխարհային հանրութեանը՝ քայլեր ձեռնարկելու, որպէսզի ապահովուի հայերի անվտանգ վերադարձը Արցախ եւ պաշտպանելու նրանց ինքնորոշման իրաւունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն իրականում կարող են գործել: ԱՄՆ-ը դեռեւս ունի լծակներ այդ տարածաշրջանում, եւ կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգութիւնը: Մենք պէտք է ձգտենք նաեւ Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դէպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, եւ նրան անհրաժեշտ է մուտք դէպի նաւահանգիստներ եւ յարակից երկրներ»:
Մեկնաբանելով Քենեդու յայտարարութիւնը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի Ուաշինկթընի կեդրոնական գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը յայտարարել է․ «Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է Ռոպերթ Քենետի կրտսերի կոչերը՝ պատժելու Ատրպէյճանին եւ սատարելու արցախահայութեան ինքնորոշման եւ իրենց հայրենիք անվտանգ վերադարձի իրաւունքին։ Մենք առաւելաբար գնահատում ենք նրա յայտնուելը որպէս 2024 թուականի երրորդ կենսունակ տարբերակ ամերիկահայ ընտրողների համար, յատկապէս հաշուի առնելով, որ նախագահական ամենահաւանական թեկնածուներից երկուսը՝ նախագահ Ճօ Պայտընը եւ նախկին նախագահ Տոնալտ Թրամփը, զինել են Ատրպէյճանի կողմից Արցախի քրիստոնեայ հայերի ցեղասպանութիւնը»։
2․5 րոպէ տեւողութեամբ տեսաուղերձը հրապարակուել է այսօր նախագահի թեկնածուի Իւթուպեան պաշտօնական քարոզարշաւային ալիքում եւ հասանելի է նաեւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի սոցցանցային օգտահաշիւներում։
Նախագահի թեկնածու Ռոպերթ Քենետու յայտարարութեան տեքստը, ինչպէս նաեւ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ամբողջական յայտարարութիւնը, որը ներառում է ԱՄՆ նախագահական ընտրութիւններին մասնակցող այլ թեկնածուների կողմից հայութեան շահերի պաշտպանութեան շուրջ ելոյթները, հասանելի են հետեւեալ յղմամբ` ANCA Welcomes RFK, Jr Statement Calling on U.S. to Advance Rights of Artsakh Armenians to Self-Determination and Safe Return to Homeland – Armenian National Committee of America:
ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
29․12․2023թ.

Comments are closed.