«Հայաստան» Խմբակցութիւնը Կը Դատապարտէ Հայաստանի Վարչապետին Եւ Անոր Կուսակիցներուն Հայ Եկեղեցւոյ Դէմ Արշաւը
- (0)

Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութիւնը յայտարարութեան մը միջոցով դատապարտեց Հայ եկեղեցւոյ դէմ Հայաստանի վարչապետին եւ անոր կուսակիցներուն շղթայազերծած արշաւը։ Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա եպիսկոպոսական դասին թիրախաւորելով` իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնութեան հիմքերի խաթարման եւ երկրում հոգեւոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը:
«Հայ ժողովրդի կեանքում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունեցել է եւ ունի բացառիկ առաքելութիւն, ինչն ամրագրուած է Սահմանադրութեամբ:
«Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի եւ նրա պարագլխի` Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին եւ եպիսկոպոսաց դասին թիրախաւորող արգահատելի հռետորաբանութիւնն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատուութիւնը նսեմացնող, նրա միասնականութիւնն ու արժէքային համակարգը քայքայող գործողութիւն:
«Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականութիւնն ու վճռականութիւնն առաւել քան անհրաժեշտութիւն են: «Հաւատաւոր հայ ժողովրդի նուիրական միակամութեամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին` յանուն Հայոց պետականութեան ամրապնդման, յանուն մեր հաւաքական իրաւունքների եւ շահերի պաշտպանութեան»: