Հայաստանն ու արտագաղթը՝ պատմութեան հազարամեայ քառուղիներից առ այսօր

Արթիւր Եղիազարեան

Պատմաբան, հրապարակախօս

Արտագաղթը կամ էմիկրացիան (լատ.՝ emigro – «վտարւում եմ» բառից) քաղաքական, սոցիալական, տնտեսական կամ այլ շարժառիթներով հայրենիքից հարկադիր կամ կամաւոր հեռանալն է մէկ այլ երկիր, մշտական կամ ժամանակաւոր բնակութեան նպատակով: Արտագաղթը, իր բոլոր բացասական ընկալումներով հանդերձ, բնական գործընթաց է, որն ուղեկցել է մարդկութեանը՝ առաջացումից սկսած: Արտագաղթի ճանապարհով ողջ Երկիր մոլորակը ժամանակին բնակեցուեց նախամարդկանց կողմից եւ ձեւաւորուեց ժամանակակից օյկումենը (Երկրագնդի՝ մարդկութեամբ բնակեցուած հատուածը): Բայց սա, որպէս մարդ տեսակ՝ ընդհանուր ընկալումով: Էթնոսների ձեւաւորումով, իր բնօրրանում արտագաղթը ընկալւում է որպէս բացասական երեւոյթ: Երկրների, ժողովուրդների դիմագիծը ոչ մի երեւոյթ այնքան չի փոխել, որքան մարդկային մեծ խմբերի տեղաշարժերը: Դրանց հետեւանքով պատմութեան թատերաբեմից անհետացան մի շարք էթնոսներ ու ծնուեցին նորերը, քարտէսի վրայից վերացան ու յայտնուեցին պետութիւններ, իրենց տեղը զիջեցին մի շարք լեզուներ ու մշակոյթներ, բայց նրանց փոխարէն յայտնուեցին նորերը:

Արտագաղթին նպաստում են հիմնականում երկու խմբի պայմաններ: Դրանք են.

1) Դուրս մղող պայմաններ։ Սրանք կապուած են անհատի (խմբի)՝ իր բնակավայրում գոյութեան ծանր կամ անբաւարար պայմանների հետ (աշխատանքի բացակայութիւն, ցածր կենսամակարդակ, մասնագիտական առաջխաղացման դժուարութիւններ, ազգամիջեան, կրօնական հակամարտութիւններ, սով, բռնապետութիւն, պատերազմներ, տնտեսական ճգնաժամ, տարերային-էկոլոգիական, տեխնածին աղէտներ եւ այլն):

2) Ձգող պայմաններ։ Այլ վայրում ապրելու գրաւիչ մի քանի պայմանների առկայութիւնը: Դրանցից են. նախընտրելի աշխատանք՝ բարձր վարձատրութեամբ կամ եկամտով, բարձր կենսամակարդակ, սոցիալական կարգավիճակի բարձրացման մեծ հնարաւորութիւններ, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կայունութիւն, ազգամիջեան եւ միջկրօնական հանդուրժողականութիւն, բարենպաստ բնակլիմայական պայմաններ եւ այլն):

Այժմ վերադառնանք հայկական իրականութիւն: Յետ վերադառնալով դարերի խորք, տեսնում ենք, որ արտագաղթը հայկական լեռնաշխարհում շատ աւելի հին պատմութիւն ունի, քան մեր ժամանակակից էթնիկ գիտակցութիւնը: Հայկական լեռնաշխարհը, համաձայն մի շարք հայ եւ օտարերկրացի մասնագէտների փաստարկուած վարկածների, հանդիսանալով հնդեւրոպացիների (արիացիների) նախահայրենիքը, դեռեւս հազարամեակներ առաջ, ինչպէս օրկանիզմում սիրտն է արիւնը մղում՝ պարբերաբար իրենից մարդկային խմբեր է մղել լեռնաշխարհից դուրս, որոնք հաստատուելով օյկումենի տարբեր անկիւններում՝ հիմք են դարձել հին եւ ժամանակակից մի շարք ազգութիւնների եւ պետութիւնների ձեւաւորմանը: Այդ ժողովուրդներին այսօր յայտնի են հնդեւրոպական լեզուաընտանիքին պատկանող էթնոսներ՝  ինքնուրոյն էթնիկ գիտակցութեամբ: Այս ցեղերն ու ցեղախմբերը հայկական լեռնաշխարհից արտագաղթել են գրեթէ հաւասարաչափ կրելով վերոգրեալ երկու խմբի՝ դուրս մղող եւ ձգող պայմաններից մի շարք յատկանիշներն ունենալով: Մարդկային խմբերը լեռնաշխարհում շատացել էին, ու անհրաժեշտութիւն էր առաջացել դուրս գալ դէպի նոր կենսատարածքներ:  Հնդեւրոպական այն ցեղերն ու ցեղային միութիւնները, որոնք մնացին հայկական լեռնաշխարհում ու նրա յարակից տարածքներում՝ հիմք հանդիսացան հայ ազգի եւ հայկական պետականութիւնների ձեւաւորման համար:

Հայ իրականութեան մէջ առաջին յիշատակուող մեծ արտագաղթը ձգող պայմաններով էր: Դա Տիգրան Մեծի օրօք Կիլիկիայում հաստատուելն էր: Եւ սա միակ ու բացառիկ դէպքն է, երբ այդ ու յետագայ դարերի արտագաղթը յանգեցրեց նրան, որ հայկական լեռնաշխարհից դուրս հայկական գաղթօճախը ծնունդ տուեց հայկական պետականութեան, ի դէմս Կիլիկիայի Հայկական Թագաւորութեան: Մնացած բոլոր դէպքերում գաղթօճախները, որքան էլ ինչ որ շրջանում կենսունակ լինեն, վաղ թէ ուշ՝ դատապարտուած են ձուլման …

Պատմութեան ընթացքում Հայաստանից հիմնական զանգուածային արտագաղթերը սկսել են պետականութիւնների անկումներից յետոյ: Դա հիմնականում պայմանաւորուած է օտար տիրապետման հետ, երբ մեծանում է ֆիզիքական ոչնչացման հաւանականութիւնը, կեղեքումը՝ յանգեցնելով սոցիալական անկման, ազգային եւ կրօնական խտրական վերաբերմունքի եւ այլն: Այն յատկապէս աւելի սուր դրսեւորուեց արաբական տիրապետութեան օրօք (արտագաղթում էին հիմնականում հարեւան Բիւզանդական կայսրութիւն, ինչի արդիւնքում հայերը լուրջ դիրք գրաւեցին այնտեղ, անգամ հայկական ծագումով կայսերական դինաստիա ծնունդ առաւ), թուրք սելճուքների, մոնկոլ-թաթարների, ագգոյունլու եւ գարա-գոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետման, պարսկական եւ օսմանեան տիրապետութիւնների ժամանակ: Բացի օտար տիրապետութեան բերած արհաւիրքներից՝ արտագաղթին նպաստել են նաեւ բնական աղէտները, մասնաւորապէս՝ երկրաշարժը: Երկրաշարժի հետեւանքով, օրինակ, Անիի ու յարակից բնակավայրերի բնակչութիւնն արտագաղթեց դէպի Ղրիմ, Ուքրանիա եւ Լեհաստան, որտեղ ժամանակին հայկական մեծ գաղթավայրեր ձեւաւորուեցին (այդ արտագաղթի արդիւնքում ձեւաւորուած սփիւռքն այլեւս չկայ, ձուլուեց դարերի ընթացքում): Սրանք հիմնականում համապատասխանում էին արտագաղթի դուրս մղող պայմաններին:

Հայկական լեռնաշխարհի տարածքում տեղի են ունեցել նաեւ դրական հետեւանք ունեցող միկրացիոն տեղաշարժեր: Բայց դրանք չեն դիտւում որպէս ներքին միկրացիոն շարժեր, քանի որ Հայկական լեռնաշխարհը բաժանուած էր մի քանի պետութիւնների միջեւ, հետեւաբար, Հայաստանի մի հատուածից, որը գտնւում էր մի պետութեան ենթակայութեան տակ, տեղաշարժուելով մէկ այլ հատուած, որը գտնւում էր մէկ այլ պետութեան ենթակայութեան տակ՝ դիտարկւում է որպէս արտագաղթ: Օրինակ, 19-րդ դարասկզբում՝ Օսմանեան կայսրութեան Էրզրումի վիլայէթից հայ բնակչութեան հաստատումը Ջաւախքում, Պիթլիսի ու Վանի վիլայէթներից՝ ներկայիս Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի եւ Արմաւիրի  մարզերի տարածքում, պարսկական տիրապետութեան տակ գտնուող Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Մակու եւ այլ հատուածներից՝ Վայոց Ձորի ու Արարատի ներկայիս մարզերի տարածքում: Այս արտագաղթերի արդիւնքում կրկին հայաշատ դարձաւ Արեւելեան Հայաստանը, որը դարերով (յատկապէս՝ Շահ-Աբասի օրօք) գրեթէ հայաթափուած էր: Այս արտագաղթերը յայտնի են «ներգաղթ» անունով, եթէ դիտւում է ներկայիս Հայաստանի բնակչութեան աչքերով եւ վերաբնակեցում՝ եթէ դիտւում է ռուսական կայսրութեան աչքերով: Բայց իրականում դրանք վերոնկարագրեալ «դուրս մղող» եւ «ձգող» պայմանների առկայութեամբ արտագաղթեր էին՝ քանի որ դատարկւում էին այլ պետութեան տիրապետութեան տակ գտնուող բուն հայկական պատմական մի շարք տարածքներ: 19-րդ դարի 20-ական թուականների վերջի ռուս-թուրքական պատերազմի ու այնտեղից հայերի արտագաղթի արդյունքում հայերի թիւը բաւականին նուազեց Արեւմտեան Հայաստանի տարածքում, եւ առաջին անգամ հայերն այնտեղ չկազմեցին բնակչութեան 50%-ից աւելին, չնայած մնացած բոլոր էթնոսներից իւրաքանչիւրից թուաքանակով աւելի էին:

Հայ իրականութեան ամենամեծ արտագաղթը 20-րդ դարասկզբի Հայոց Ցեղասպանութիւնն էր, որի արդիւնքում Արեւմտեան Հայաստանը դատարկուեց իր բնիկ էթնոսից ու դադարեց առ այսօր հայ կեանքի մասը կազմելուց: Ցեղասպանութիւնից փրկուածներն արտագաղթեցին ներկայիս Հայաստանի տարածք ու աշխարի տարբեր անկիւններ՝ ծնունդ տալով նոր գաղթօճախների կամ երկրորդ շունչ տալով այն գաղթօճախներին, որոնք արդէն մարում էին (վաղ թէ ուշ՝ բոլոր գաղթօճախներին էլ սպառնում է ձուլումը, յատկապէս կլոպալացման մեր ժամանակաշրջանում…):

Բոլոր դարերում էլ եղել են ձգող պայմաններով արտագաղթեր, որոնք աւելի շուտ կարելի է անուանել աշխատանքային արտագաղթեր: Հայ իրականութեան մէջ այդ տեսակ արտագաղթը կոչւում էր պանդխտութիւն կամ ղարիպութիւն: Այս տեսակի արտագաղթը տարբերւում էր նրանով, որ հիմնականում ընտանիքը մնում էր բնօրրանում, իսկ աշխատունակ տարիքի տղամարդկանցից մեկնում էին օտար ափեր՝ ընտանիքի համար միջոցներ վաստակելու համար: Այս արտագաղթողների զգալի մասն ի վերջոյ վերադառնում էր հայրենի տուն, եւ քչերն էին կարողանում յետագայում ընտանիքն էլ տանել: Սա պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ հիմնականում օրավճար գումար էին վաստակում, որի մի մասով ապրում էին, միւս մասը տուն ուղարկում, եւ քանի որ չէին կարողանում այնքան վաստակել, որ օտար ափերում տուն ձեռք բերէին, իսկ բնօրրանում ունէին ապրելու տեղ՝ հետեւաբար տարիներ անց, երբ անաշխատունակ էին դառնում՝ վերադառնում էին:

Արտագնայ աշխատանքի համար արտագաղթը՝ ձգող պայմանների յատկանիշներով, պահպանուեց նաեւ խորհրդային իշխանութեան տարիներին: Յատկապէս՝ կապուած խամ-խոպան հողերի իւրացման եւ մշակման՝ պետական քաղաքականութեան հետ, ինչպէս նաեւ՝ ընդյատակեայ արտադրութիւն կազմակերպելու կամ այնտեղ աշխատելու հետ (խորհրդային տարիներին նրանց անուանում էին «ցեխաւիկներ»):

Հայաստանի վերանկախացման անցած 26-27 տարիներին արտագաղթը հիմնականում պայմանաւորուել է հայ-ատրպէյճանական պատերազմով, դրա ու ԽՍՀՄ փլուզման արդիւնքում առաջացած սոցիալ-տնտեսական դժուարութիւններով: Եթէ 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին հանրապետութիւնից բնակչութեան արտահոսքի պատճառները բազմազան ու տարաբնոյթ էին, ապա յետագայում, մասնաւորապէս 1995-ից ի վեր, էմիկրացիոն հոսքերը կրեցին ընդգծուած պատճառականութիւն: Այդ շրջանում իրականացուած ուսումնասիրութիւններն ու հարցումները ցոյց են տալիս, որ արտագաղթի գործընթացում գերակայ դիրք է գրաւում տնտեսական դրդապատճառներով բնակչութեան արտահոսքը: Հարցման մասնակիցների 2/3-ը որպէս արտագաղթի հիմնական դրդապատճառ համարում են աշխատանքի հետ առնչութիւն ունեցող հանգամանքները` աշխատատեղերի (այդ թւում` մասնագիտական) բացակայութիւնը կամ սղութիւնը, աշխատանքի վարձատրութեան ցածր մակարդակը եւ ինքնուրոյն տնտեսական գործունէութեամբ զբաղուելու բարդութիւնները, երկրում առկայ անօրէնութիւնները: Յետագայում անցկացուած հարցմանը մասնակցած տնային տնտեսութիւնների շուրջ 15%-ի անդամները լրացնում են արտագնայ աշխատանքների մեկնածների շարքերը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ աշխատանքային էմիկրացիան շարունակում է էական դեր ունենալ արտագաղթի խճապատկերում:

Վերջին տարիներին, ֆոկուս խմբերի միջոցով շուրջ 1500 անձանց շրջանում իրականացուած հարցումների արդիւնքում է որո՛նք են արտագաղթի պատճառները, եւ ի՛նչ պէտք է փոխել՝ չարտագաղթելու համար) տարբեր պատճառների մէջ որպէս առաջնային նշուել են հետեւեալները.

ա) Աշխատանք՝ արժանապատիւ վարձատրութեամբ,

բ) Տուն (բնակարան) ձեռք բերելու հնարաւորութիւն,

գ) Օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւն։

Անկախութիւնից ի վեր Հայաստանից իրականացուող ժամանակաւոր եւ մշտական միկրացիայի հիմնախնդիրը պետական մակարդակով յստակ կարգաւորուած չէ:

Որոշ մասնագէտների գնահատմամբ՝ հանրապետութիւնից գաղթած բնակչութեան թիւը կազմում է աւելի քան մէկ միլիոն երեք հարիւր հազար մարդ: Սա ժողովրդագրական աղէտի կարող է յանգեցնել: Նման արտագաղթը բազմաթիւ խնդիրներ եւ հարցեր է դնում ինչպէս պետութեան, նրա անվտանգութեան, այնպէս էլ հասարակութեան առջեւ եւ պահանջում, որ անյապաղ ձեռնարկուեն գործուն քայլեր ստեղծուած իրավիճակը բարելաւելու, արտագաղթի սոցիալական, տնտեսական եւ իրաւական պատճառները վերացնելու եւ դրա թողած հետեւանքների վրայ դրական ներգործութիւն ունենալու ուղղութեամբ:

«Անալիթիքոն»

Leave a Comment

You must be logged in to post a comment.