Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հայեցակարգ։ Ի՞նչն այն չէր
Հայաստանը նոր առաջարկներ է նախապատրաստել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերեալ։ Ինչպէս յայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյեանը, ռուսական կողմի միջոցով Ադրբեջանին է փոխանցուել միջոցառումների փաթեթը, որոնք ուղղուած են լարուած իրավիճակի թօ
թափմանը, հայ-ադրբեջանական սահմանի անվտանգութեան ու կայունութեան մակարդակի բարձրացմանը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդէն հասցրել է յայտարարել, որ Բաքուի համար անընդունելի են «Երևանի նախապայմանները սահմանազատման հարցում»։ Հայաստանը հակադարձել է, թէ ոչ մի նախապայման չկայ։
«Զօրքերի հայելային հետ քաշում»
Հայաստանի արտգործնախարարը հրաժարուել է մանրամասներ ներկայացնել առաջարկների վերաբերեալ, քանի որ դրանք դեռ քննարկման փուլում են, սակայն հաղորդել է, թէ դրանք բխում են զօրքերը հայելային եղանակով հետ քաշելու հայեցակարգից, որի մասին բազմիցս խօսել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Կարող եմ միայն ասել, որ խօսքը գնում է խորհրդային սահմանները որպէս գործընթացի հիմք ընդունելու մասին», — բացատրել է Արարատ Միրզոյեանը հայկական խորհրդարանի պատգամաւորներին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ, թէև ներկայացուած հայեցակարգով նախատեսւում է զօրքերը հետ քաշել, Հայաստանի ոչ մի բնակավայր կամ ճանապարհ անպաշտպան չի մնայ։
Բանն այն է, որ վարչապետ Փաշինեանի առաջարկը բազմիցս քննադատել են տեղի քաղաքագէտներն ու Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը՝ հէնց այդ տեսանկիւնից։
Մասնաւորապէս, զօրքերի հայելային հետ քաշումն օմբուդսմենը համարում է «սխալ կենսագործուող քաղաքական մօտեցում, որը հակադրւում է մարդու իրաւուքների պաշտպանութեան մեխանիզմներին»։
«Մենք ո՞ւր պէտք է հետ քաշուենք, որտեղի՞ց պէտք է հետ քաշուենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով, մեր քաղաքացիները չեն կարողանում իրենց հողերը մշակել, օգտագործել, այն պատճառով, որ ադրբեջանական զինուած ծառայողները ֆիզիկապէս ներկայ են իրենց պատկանող հողերում։ Հետևաբար, այս մօտեցումը չի ապահովում մարդու իրաւունքները», — յայտարարել էր Արման Թաթոյեանը։
Հայաստանում քննարկւում է, թէ արդեօք Հայաստանի որևէ բնակավայր անպաշտպան չի մնա, քանի որ սահմանն անցնում է հէնց գիւղերի հարևանութեամբ։ Այս առնչութեամբ արդէն մեկնաբանութիւններով է հանդէս եկել Հայաստանի անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը։ Նա հաւաստիացրել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման պարագայում երկրի տարածքի ոչ մի հատուած չէզոք գօտում չի յայտնուի․
«Մեր առաջարկութիւնները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զօրքերը կանգնելու են հէնց բնակավայրի՝ դէպի սահմանին մօտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դէպքում»։
«Նախապայմաններն անընդունելի են»
Բաքուից այս թեմայով փոխանցում են Ադրբեջանի նախագահի օգնականի հաղորդագրութիւնը։ Հիքմեթ Հաջիևը յայտարարել է, որ «Երևանը պէտք է ճիշտ գնահատի նոր աշխարհաքաղաքական իրողութիւնները տարածաշրջանում և դրանցից եզրակացութիւններ անի»։
Աւելի ուղիղ պատասխան պաշտօնական Բաքուն տուել է նախօրէին՝ յունուարի 19-ին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպմանն ասել է, որ Բաքուի համար անընդունելի են սահմանազատման մեկնարկի նախապայմանները։
Ընդ որում, ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ սահմանազատումը յարաբերութիւնների կարգաւորման կարևոր բաղկացուցիչ է, Բաքուն ցանկանում է այն անյապաղ սկսել, սակայն «առանց նախապայմանների»։
Դեռևս չի հաղորդւում, թէ ինչ նախապայմանների մասին են ակնարկում Ադրբեջանի իշխանութիւնները։
«Հայկական կողմը նախապայմաններ չունի»
Արդէն կայ հայկական կողմի պատասխանն այն մասին, որ ներկայացուած հայեցակարգում նախապայմաններ չկան։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խօսնակ Վահան Հունանեանը ենթադրում է, որ «հարցի վերաբերեալ որոշակի թիւրըմբռնում կայ», քանի որ ներկայացուած փաստաթղթում խօսքը գնում է ոչ թէ նախապայմանների, այլ պայմանաւորուածութիւնների մասին․
«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունուած եռակողմ յայտարարութեան մէջ նշուած է, որ կողմերը պայմանաւորուել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգութեան և կայունութեան մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ և գործը տանել դէպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ յանձնաժողովի ձևաւորում»:
Այս պայմանաւորուածութիւնը վերահաստատուել և զօրքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել դեկտեմբերի 14-ին Եւրոպական խորհրդի նախագահի միջնորդութեամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Պրիւքսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թէ նախապայմանների, այլ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները կեանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետութիւնը կարծում է, որ օր առաջ պէտք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշուած պայմանաւորուածութիւնների»։
JAMnews