Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանաւորուել են ամէն ինչ. Կիրօ Մանոյեան

Կիրօ Մանոյեանը կարծում է, որ ՌԴ ներկայութիւնը հայ-թուրքական բանակցութիւններում երաշխիք չէ Թուրքիայի` էքսպանսիայի դիմացն առնելու համար։

Թուրքիան չի կարող Հայաստանի հետ առանց նախապայմանի խօսել, քանի որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում Եւրոմիութեան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին խօսել էր այն մասին, որ Հայաստանը լաւ կանի` ճիշտ գնահատի իրավիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը` անդրադառնալով յունուարի 14-ին Մոսկուայում կայացած հանդիպմանը։

Յունուարի 14-ին, Մոսկուայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի յատուկ ներկայացուցիչները` Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբէն Ռուբինեանը։

«Պարզ է, որ ՀՀ իշխանութիւնները երաշխիք են տուել, որ ինչ-որ ձեւով կը բաւարարեն Թուրքիայի կողմից ներկայացուած նախապայմանները։ Այն, որ ասում են նախապայմաններ չկան, մեզ լռեցնել ու համար է, սակայն մենք երէկ չէ, որ ծնուել ենք։ Հասկանում ենք, որ Թուրքիան իր իսկական դիրքորոշումը չի փոխել եւ ընդամէնն ուզում է ներկայացնել, որ կառուցողական երկխօսութիւն կը ստացուի»,- ասաց Մանոյեանը։

Նրա խօսքով` ՀՀ իշխանութիւնները չեն կարող ցանկացածի` առաւել եւս Թուրքիայի հետ լուրջ եւ կառուցողական բանակցութիւններ վարել, քանի որ այն քաղաքական ուժն են, որ պատերազմում պարտուել են։ Մանոյեանը յիշեցնում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ եւ Ադրբեջանի չափ բռնութիւն կիրառեց Արցախում։

Նա կարծում է` Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները վաղուց պայմանաւորուել են ամէն ինչ եւ այս հանդիպումն ընդամէնը բեմականացում էր։ Սրա վկայութիւնն այն է, որ 2 հարեւան պետութիւնները, որոնք առնուազն վերջին 10 տարիներին ոչ մի դիւանագիտական կապ չեն ունեցել, 1.5 ժամուայ ընթացքում կառուցողական խօսակցութիւն են ունենում, եւ ԱԳՆ-ների յայտարարութիւնների շուրջ համաձայնութեան գալիս` իրար կրկնող տեքստեր տարածելով։ Աւելին, Մանոյեանը վստահ է` մի շարք հարցերի շուրջ արդէն իսկ համաձայնութիւն կայ։

Քանի որ Հայաստան-Թուրքիա բանակցութիւնները տեղի են ունենում Մոսկուայում, Մանոյեանից հետաքրքրուեցինք`արդեօ՞ք ռուսական միջնորդութիւնը երաշխիք չէ, որ գործընթացը չի յանգեցնի Հարաւային Կովկասում Թուրքիայի հետագայ էքսպանսիային։ Ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանի ներկայութիւնը չենք կարող երաշխիք համարել Թուրքիայի` տարածաշրջանում էքսպանսիայի դիմացն առնելու համար։ Միւս կողմից, Մանոյեանը յիշեցնում է, որ այնպէս չէ` ՀՀ իշխանութիւնները Թուրքիայի հետ երկխօսութիւնն առաջին պահից սկսեցին Մոսկուայի միջնորդութեամբ։

«Եթէ յիշում էք`վարչապետ Նիկոլ Փաշինեանը նախ դիմել էր ոչ թէ Մոսկուային, այլ Վրաստանին, որպէսզի միջնորդեն հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Դրանից յետոյ միայն ՀՀ իշխանութիւնները դիմեցին Մոսկուային, եւ յատուկ բանագնացների հանդիպումը կայացաւ Մոսկուայում»,- ասում է Մանոյեանը։

 

Նա նշում է` Թուրքիան ասում է, թէ խնդիր չունի Հայաստանի հետ, եւ շարունակութիւնը պէտք է լինի այն, թէ Ռուսաստանն ինչ գործ ունի այստեղ իր ռազմական ներկայութեամբ։ Հէնց այս տրամաբանութեամբ է, որ ՌԴ շահերից չի բխում հայ-թուրքական յարաբերութիւնների ամբողջական կարգաւորումը։

Մանոյեանը կարծում է նաեւ, որ ՌԴ-ն «մտել է» այս գործի մէջ, որպէսզի կարողանայ Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում հնարաւորինս զսպի, քանի որ յատկապէս պատերազմից յետոյ Թուրքիան տարածաշրջանում ֆիզիկական եւ ռազմական ներկայութիւն մեծ ունի։

«Կարծում եմ` Ռուսաստանը մտել է այս գործի մէջ, որպէսզի առանց իրեն չլինի ինչ-որ գործընթաց եւ փորձի իր շահերը տարածաշրջանում պաշտպանել։ Պարզ է, որ եթէ ՌԴ-ն չանէր դա, ապա Արեւմուտքի մասնակցութիւնը կը լինէր։ Սակայն այնպէս չէ, որ Ռուսաստանն է ՀՀ-ի փոխարէն խօսելու, եւ ՀՀ իշխանութիւնն ինչ է տալու այս ամէնի արդիւնքում, իրականում չգիտենք»,- իր խօսքն ամփոփեց Մանոյեանը։

Յիշեցնենք, որ երկու երկրների յատուկ ներկայացուցիչների հանդիպումից յետոյ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ-երը նոյնանման յայտարարութեամբ հանդէս եկան` ասելով, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժէք կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնները՝ առանց նախապայմանների։

Leave a Comment

You must be logged in to post a comment.