Կոչ ենք անում Արայիկ Յարութիւնեանին հաւատարիմ մնալ հրաժարական տալու իր պատրաստակամութեանը

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի

«Արդարութիւն»,  «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնների

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Սիրելի՛ հայրենակիցներ,

2020թ. մայիսեան այս օրերին, Արցախի Հանրապետութիւնում Սահմանադրութեամբ նախատեսուած կարգով լիազօրութիւնները ստանձնեցին նոյն թուականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրութիւնների արդյիւնքում ընտրուած նոր իշխանութիւնները՝ ԱՀ նախագահը և եօթերորդ գումարման Ազգային ժողովը:

Մի կողմ թողնելով 2020թ. համապետական ընտրութիւնների կազմակերպման, նախընտրական պայքարի և ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ մեր քաղաքական գնահատականները, պէտք է ընդունենք, որ անցած տարին առանձնացաւ բազմաթիւ փորձութիւններով և աղետալի զարգացումներով, որի կիզակէտը դարձաւ 2020թ. աշնանը մեզ պարտադրուած պատերազմը:

Անցած տարույ ընթացքում մենք բախուեցինք պատերազմի արդիւնքում ստեղծուած հումանիտար ճգնաժամի բազմաշերտ ազդեցութեան. հազարաւոր նահատակներ, վիրաւորներ, հարիւրաւոր անյայտ կորածներ, գերիներ և պատանդներ, Արցախի Հանրապետութեան մեծ մասի կորուստ, տասնեակ հազարաւոր գաղթականներ և ազգային հարստութեան մի ստուար հատուածի կորուստ՝ ահա այն, ինչ ունենք 2020 թուականի համապետական ընտրութիւններից և նախագահի պաշտօնաւարումից մէկ տարի  անց:

Ադրբեջանի կողմից սանձազերծուած 44 օրեայ պատերազմի արդիւնքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրաւէրների առջև, որոնց շուտափոյթ և արդիւնաւէտ լուծումից է կախուած Արցախի Հանրապետութեան լինելութիւնն ու ապագան:

Պատերազմից անմիջապէս յետոյ ԱՀ Ազգային ժողովի չորս խմբակցութիւններով  հանդէս գալով իրավիճակի գնահատմամբ՝ առաջարկել ենք Հայաստանի ու Արցախի փաստացի ղեկավարներին հրաժարական տալ՝ ճանապարհ բացելով հայկական երկու հանրապետութիւններում կենսական պահանջ դարձած փոփոխութիւնների և ճգնաժամային կառավարման համար:

Հաշուի առնելով Արցախի հանրապետութեան սահմանադրական կարգաւորումները՝ մենք այն ժամանակ չպնդեցինք Արցախի նախագահի անյապաղ հրաժարականի պահանջի վրայ և, աւելին, մեր պատրաստակամութիւնը յայտնեցինք քաղաքական խորհրդատուութիւնների միջոցով համախոհութեան միջավայր ձևաւորելուն: Որոշ յոյսեր կային, որ գործող նախագահ Արայիկ Յարութիւնեանը ճիշդ կ՚ընկալի  ստեղծուած կացութիւնը: Նախորդ տարուայ դեկտեմբերի 16-ին նրա կողմից հրապարակուած ուղերձը  պարունակում էր երկրի ապագայի և պետական կառավարման համակարգը բարեփոխելու հետ կապված մեր առաջարկած դրոյթները: Սակայն,  հետագայ գործընթացները ցոյց տուեցին, որ Արայիկ Յարութիւնեանը շահագրգռուած  չէ պահպանել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները և առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկուած իշխանութիւնների ցանկութիւնները բաւարարելու մտադրութեամբ:

2020թ. նոյեմբերի 9-ի նուաստացուցիչ եռակողմ յայտարարութիւնից յետոյ, անցած վեց ամիսների ընթացքում ԱՀ նախագահի գլխաւորած կառավարութիւնը և խմբակային նեղ շահերից դրդուած, խորհրդարանում մեկընդմերթ ստեղծուող ու քանդուող անհամադրելի քաղաքական կոալիցիաները որևէ համարժէք բացատրութիւն և առաջարկ չեն  ներկայացրել մեզ պատուհասած աղէտի և դրանից դուրս գալու մշակուած ծրագրերի մասին: Դրան հակառակ ԱՀ նախագահը և իր ձևաւորած իշխանական ուռճացուած թիմը հանրութեան համար անհասկանալի քարոզչական արշաւ  ծաւալեց՝  աղետալի պատերազմում պարտութեան և ձախողումների մեղքը բարդելով նախկին իշխանութիւնների, բանակի, պահեստազօրայինների ու կամաւորականների, վերջին հաշուով՝ ժողովրդի վրայ:

Այսօրուայ Արցախի իշխանութիւնները ամէն ինչով ձգտում են նմանուել ՀՀ գործող իշխանութիւններին, որոնք մշտապէս ապացուցում են օրեցօր ահագնացող ներքին եւ արտաքին մարտահրաւէրներին դիմակայելու իրենց անկարողութիւնն ու անընդունակութիւնը: Սուտը, վիրաւորանքը, զրպարտութիւնը, հանրութեան բաժանումը «իւրայինների» և «ոչ իւրայինների»՝  ահա այն միջավայրը, որը ստեղծուեց Արցախի Հանրապետութեան նախագահի և նրա ենթակայութեան տակ գործող իշխանաւորների պաշտոնավարման մէկ տարուայ ընթացքում:

Ելնելով այս իրողութիւններից՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Արդարութիւն», «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւնները թարմացնում են 2020թ. նոյեմբերի 10-ի յայտարարութեամբ ներկայացուած Արցախի Նախագահի հրաժարականի պահանջը և կոչ են անում Արայիկ Յարութիւնեանին, սթափ գնահատելով իրավիճակը, հաւատարիմ մնալ հրաժարական տալու  իր պատրաստակամութեանը եւ ԱՀ Սահմանադրութեամբ նախատեսուած կարգով   հանդէս գալ արտահերթ ընտրութիւնների գործընթաց սկսելու մասին յայտարարութեամբ:

Միաժամանակ, հաշուի առնելով Արցախի բնակչութեան շրջանում գերիշխող հանրային տրամադրութիւնները՝ պահանջում ենք  Արցախի գործող նախագահից և իշխանութիւններից զերծ մնալ ՀՀ-ում նախատեսուած արտահերթ ընտրութիւններին որևէ կերպ գործող իշխանութիւններին աջակցելու քայլերից և այդ նպատակով պետական ռեսուրսների օգտագործումից:

Ք.Ստեփանակերտ

20 մայիս, 2021թ.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝

«ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն

«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ» խմբակցութիւն

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.