Կառավարութիւնից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ
- (0)

Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերաբերեալ Հայաստանի Կառավարութեանը պահանջներ է ներկայացրել: Արցախցիները իշխանութիւնից պահանջում են միջոցներ ձեռնարկել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ:
Գործադիրի հետ արցախցիները դեռ քննարկում չեն ունեցել, բայց ըստ «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Սերգէյ Շահվերդեանի՝ Կառավարութիւնից վստահեցրել են, որ դրա շուրջ համատեղ քննարկում կ’ունենան: Այժմ Շահվերդեանի խօսքով՝ աշխատանքային խմբեր են ձեւաւորւում, որոնք պէտք է զբաղուեն Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցերով:
«Մեր առաջարկները հիմնուած են Կառավարութեան 2023 Նոյեմբերի 9-ին ընդունուած մշակութային բնագաւառի ռազմավարութեան ծրագրի հիման վրայ: Կառավարութեան այդ ռազմավարութիւնը ենթադրում է, որ գործուն միջոցներ պէտք է ձեռնարկուեն միջազգային հարթակներում Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան համար: Սա նշանակում է, որ պէտք է հաշուառուի Արցախի մշակութային ժառանգութիւնը եւ շտեմարաններ ստեղծուեն: Մենք շատ կարեւորում ենք ոչ նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղուած միջոցները: Մենք առաջարկներ ունենք նաեւ այդ ուղղութեամբ: Արցախի կատարողական արուեստի 12 խմբերի ստեղծած արդիւնքներն այժմ անհետանալու վտանգի տակ են, առանց այդ էլ դրանք սոցիալական ցանցերից անհետանում են Ատրպէյճանի քաղաքականութեան պատճառով: Պէտք է քայլեր ձեռնարկուեն այդ արդիւնքները հաշուառուելու, պահպանելու ուղղութեամբ»,- Alpha News-ի հետ զրոյցում ասաց Սերգէյ Շահվերդեանը:
Ըստ Շահվերդեանի՝ Արցախի 12 պետական համոյթները, Ստեփանակերտի Փափազեանի անուան դրամատիկական թատրոնը, որը 90 տարուայ պատմութիւն ունի, 2023-ի բռնագաղթից յետոյ ֆինանսի բացակայութեան պատճառով ստիպուած են եղել դադարեցնել իրենց գործունէութիւնը:
«Մեր պահանջը նաեւ այն է, որ ուղղակի կամ անուղղակի հովանաւորուի այդ կոլեկտիւների գործունէութիւնը: Դրանք հովանաւորւում էին տարբեր հիմնադրամների կողմից, բայց հիմա դրանցից շատերը դադարեցրել են իրենց գործունէութիւնը», ասաց Սերգէյ Շահվերդեանը:
Հայաստանում ըստ նրա՝ չկայ բռնագրաւուած Արցախի յուշարձանների շտեմարան եւ Կառավարութիւնը քայլեր էլ չի ձեռնարկում դա ունենալու ուղղութեամբ:
«Մենք ունենք շուրջ 30 թանգարանային հաւաքածու, որոնք կամ ամբողջութեամբ կամ մասնակի մնացել են Ատրպէյճանի տիրապետութեան տակ, հիմա որոշների ճակատագիրն անյայտ է, որոշներն ըստ հրապարակուած լուսանկարների՝ ոչնչացուել են: Ցաւօք, մենք չենք տեսնում, որ այդ շտեմարանների ձեւաւորման համար քայլեր են ձեռնարկւում: Օրինակ, 2022-ի աշնանը, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդը ստեղծեց Շուշիի 7 մշակութային հաւաքածուների կատալոգները, այսօր մեր կազմակերպութիւնը Հոլանտայի դեսպանութեան ֆինանսաւորմամբ ստեղծում է միւս թանգարանների 4 կատալոգները, սակայն պետական քաղաքականութիւն այդ ուղղութեամբ մենք չենք տեսնում», ասաց «Արցախի մշակոյթի եւ զբօսաշրջութեան զարգացման գործակալութիւն» ՀԿ-ի նախագահը:
Նա նշեց, որ այժմ վտանգի տակ են Արցախի մոնումենտալ արուետսի գործերը, քանի որ դրանցից շատերը տեղակայուած են Ստեփանակերտում, որը հիմա ոչնչացւում, աւերւում է Ատրպէյճանի կողմից:
Սերգէյ Շահվերդեանը յաւելեց նաեւ, որ Հայաստանի կողմից միջազգային ատեաններում Ատրպէյճանի դէմ ներկայացուած հայցերից հրաժարուելը՝ կը խախտի արցախցիների իրաւունքները:
Մանրամասները՝ տեսանիւթում.