Կապիտան Խաչատրեանը հրետակոծութիւնների ներքոյ սնունդ ու զինտեխնիկա է հասցրել զինուորներին ու ճանապարհին հերոսաբար զոհուել

Արցախեան 44-օրեայ պատերազմում նահատակուած կապիտան Արթուր Խաչատրեանի մայրը՝ Յասմիկ  Մելքոնեանը յիշում է պատերազմի դժնդակ օրերն ու դեռ չի հաւատում, որ հերոս որդին այլևս տուն չի վերադառնալու։

«Արթուրի զինակից  ընկերները  մեզ պատմել են՝ 2020 թուականի հոկտեմբերի 21-ին, երբ թշնամին շատ ինտեսիւ կրակում էր, մերոնք սպասում էին, որ իրավիճակը գոնէ մի քիչ հանդարտուի, որ  տղաներին սնունդ ու զինտեխնիկա հասցնեն։ Արթուրն ասել է․ «Այլևս հնարաւոր չէ սպասել, ես վարորդական իրաւունք չունեմ, ո՞վ կը գայ ինձ հետ»։ Արթուրին միացել են Լևոնն ու փոխգնդապետ Դոխոյեանը։ Նրանք երեքն էլ գնացել են ու այլևս չեն վերադարձել․․․ թշնամին խոցել է նրանց մեքենան։ Արթուրը, վարորդն ու Դոխոյեանը տեղում զոհուել են», —  «Հորիզոն»-ին պատմեց  կապիտանի մայրը՝ Յասմիկ  Մելքոնեանը։

Վերջին տարիներին Արթուր Խաչատրեանը Պարոյր Սևակ գիւղում գտնուող զօրամասում էր ծառայում։ Պատերազմի մասին իմանալով՝  նա անմիջապէս դիմել է հրամանատարութեանը՝ խնդրելով, որ իրեն առաջադրանք տան ու Արցախ ուղարկեն։ 44-օրեայ պատերազմի առաջին իսկ օրից Արթուրը  թիկունք-առաջնագիծ կապն էր ապահովում՝ ռազմամթերք, սնունդ, հագուստ էր հասցնում տղաներին․ այդ առաքելութիւնն էր նրան վստահուել։

Արթուրի աւագ եղբայրը՝ Արմէն Խաչատրեանը, ևս զինուորական է։ Սեպտեմբերի 27-ից Արմէնը Ջրականում է եղել, հոկտեմբերի սկզբին Արթուրը եղբորը հանդիպել է Ջրականում, բայց եղբայրների առաջադրանքները տարբեր էին, նրանք չէին կարող միշտ կողք կողքի գտնուելով պայքարել։

«Այն օրը, երբ Արթուրը զոհուել է, աւագ եղբայրը՝  Արմէնն, իր կողքին չի եղել։ Արմէնը յետոյ է իմացել  եղբոր զոհուելու մասին։ Արմէնը հիմա շարունակում է ծառայութիւնը։ Արթուրի զոհուելուց յետոյ խնդրեցի, որ թողնի զինուորականի գործը՝ ասելով՝, որ Արդէն Արթուրին կորցրել եմ, չեմ կարող իրեն կորցնելու վտանգը մտքումս ապրել, բայց Արմէնն ասաց՝ չի կարող թողնել գործը, առաւել ևս՝ Արթուրի զոհուելուց յետոյ, պիտի ծառայի, որ պահպանի այն հայրենիքը, յանուն որի զոհուեցին Արթուրն ու միւս տղաները․․․», — պատմեց տիկին Յասմիկը։

Արթուրը ապրում էր հայրենիքով ու անչափ սիրում էր զինուորականի բարդ ու պատասխանատու գործը։

Նա աւարտել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ սուսերամարտի մարզիչ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչ որակաւորմամբ։ Այնուհետև սովորել էր նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան Վազգէն Սարգսեանի անուան ռազմական ինստիտուտի համազօրային ֆակուլտետում՝ ստաալով համազօրային հրամանատարական մասնագիտութիւն, իսկ ինստիտուտն աւարտելուց յետոյ լեյտենանտի կոչումով ծառայութեան էր անցել Արցախում՝ Մարտակերտում՝ որպէս դասակի հրամանատար։

«Շուրջ 7 տարի Արթուրը Մարտակերտում է ծառայել, մասնակցել է նաև 2016 թուականին տեղի  ունեցած քառօրեայ պատերազմին։ Նա Արցախում Արմէնակ Ուրֆանեանի հետ է ծառայել, մտերիմ ընկերներ էին։ Արթուրը շատ ծանր էր տանում Ուրֆանեանի մահը․․․ Քառօրեայ պատերազմից յետոյ Արթուրն Արցախից Հայաստան տեղափոխուեց՝  նախ Զօդի զօրամաս, յետոյ՝ Պարոյր  Սևակ գիւղում գտնուող զօրամաս։ Երբեք որևէ բանից չէր  գանգատւում։ Նոյնպիսի վարքագիծ ունէր պատերազմի օրերին։ Զանգում էր ու հարցնում՝ լա՞ւ էք, աղջիկներս լա՞ւ են․․․», — յիշում է Արթուրի մայրը։

Կապիտանը զոհուել է 31 տարեկան հասակում։ Նա  հասցրել էր ամուսնանալ, երկու դուստր ունէր, բայց իր անձնական կեանքին  քիչ ժամանակ էր յատկացնում։

«Պատահում էր, որ անգամ իր ծննդեան օրերին չէր կարողանում տուն գալ։ Մի անգամ ասացի՝ Արթո՛ւր, չե՞ս ուզում տուն գալ, ընտանիքիդ, ծնողներիդ հետ նշել ծննդեանդ օրը, ասաց․  «Մա՛մ, դու մի Արթուր ունես, իսկ ես՝ 25․ ես պատասխանատու եմ իմ զինուորների համար»։ Նա խիստ, բայց հոգատար հրամանատար էր։ Զինուորներն ասես նրա կրտսեր եղբայրները լինէին։ Հիմա Արթուրի զինուորները յաճախ են մեր տուն գալիս․ սիրով ու յարգանքով են յիշում Արթուրին, դիպուածներ են պատմում նրա մասին», — պատմեց տիկին Յասմիկը։

Արթուրի դուստրերը՝ 5-ամեայ Անգելինան ու 3-ամեայ Միլենան ամէն օր յիշում են հայրիկին։
«Նրանց մայրիկը՝ Ռուզաննան, աղջիկներին տանում է Եռաբլուր՝ հայրիկի մօտ, նրանք նայում են երկինք, գիտեն՝ հայրիկնին այնտեղ է, բայց նաև հաւատում  են, որ հայրիկը դեռ գալու  է․․․  Արթուրի բացակայութեան հետ, առհասարակ, ոչ մէկս չենք կարող համակերպուել, նրա հոգևոր ներկայութիւնը միշտ կայ, ամէն վայրկեան նա մեզ հետ է, մենք զգում ենք։
Արթուրը շատ երազանքներ ունէր, որոնք մնացին չիրագործուած։ Նա շուտով պիտի մայորի կոչում ստանար։ Որոշել էր վերապատրաստման գնալ, երդուել էր, որ միշտ նուիրուած է լինելու բանակին ու գեներալի կոչում պիտի ստանայ», — ցաւով որդու խօսքերը յիշեց Արթուրի մայրը։Արցախեան  44-օրեայ պատերազմում զոհուելուց յետոյ 31-ամեայ կապիտան Արթուր Խաչատրեանը հետմահու  արժանացել է «Մարտական ծառայութեան» մեդալի: Նա բազմաթիւ պարգևաների ու շքանշանների է արժանացել նաև  իր ծառայութեան ընթացքում:

Երևանի Նորագաւիթ համայքում՝ Արթուրի հայրական տան բակում, նրա ծնողների նախաձեռնութեամբ յուշաքար ու յուշաղբիւր է կառուցուել։ Յուշաքարի մօտ գրուած են այդ համայնքում ապրած ու 44-օրեայ պատերազմում հերոսացած բոլոր  քաջերի անունները։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի․․․

Անի Մարտիրոսեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.