«Կան տեղեկութիւններ, որ Ատրպէյճանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածելու է մզկիթի. Հայաստանի կողմից չկայ հակաքայլ». Յովիկ Աւանէսով

Արցախի ամբողջական բռնագրաւումից յետոյ Ատրպէյճանն Արցախում սկսել է ոչնչացնել մշակութային հնագոյն յուշարձանները, ջանք չխնայելով վերացնելու Արցախում հայկական հետքը։

Սեպտեմբերի 19-ից յետոյ Ատրպէյճանն իր մշակութային վանդալիզմը շարունակում է բռնագրաւած տարածքներում՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի եւ այլ շրջաններ։ Իսկ արդէն 2020 թուականի Նոյեմբերի 9-ից յետոյ «վերականգնման» անուան տակ փորձում է հիմնովին փոխել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։

168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտութեան կեդրոնի ղեկավար Յովիկ Աւանէսովը ահազանգ հնչեցրեց՝ Ատրպէյճանի վանդալիզմը կանխելու համար հասարակական ակտիւ աշխատանքին զուգահեռ՝ չկայ պետական մակարդակով հոգածութիւն եւ որեւէ քայլ։ Պէտք է իրականացուի պետական մակարդակով քաղաքականութիւն, ինչը Հայաստանի կողմից չի արւում։

«Արցախի մի մասի բռնագրաւումից անմիջապէս յետոյ մենք ականատես եղանք Ղազանչեցոց Սուրբ եկեղեցու ամբողջ տարածքում շինարարական կոնստրուկցիաների առկայութեանը։ Ատրպէյճանի պետական քարոզչամեքենան սկզբնական շրջանում ակտիւ աշխատանքներ էր տանում՝ ցոյց տալու, որ դա ոչ թէ հայկական, այլ ուղղափառ եկեղեցի է։ Մինչեւ հիմա էլ ատրպէյճանական որոշակի հարթակներ այդ ուղղութեամբ են քարոզներ անում։ Ուշադրութեամբ հետեւում ենք, թէ Ատրպէյճանն ինչի է վերածելու Ղազանչեցոց եկեղեցին, ունենք որոշակի տեղեկութիւններ, որ այն վերածուելու է մզկիթի, որոշակի փաստարկներ ունենալու դէպքում դրա մասին արդէն պաշտօնապէս բարձրաձայնելու ենք», նշեց Յովիկ Աւանէսովը։

Նրա փոխանցմամբ՝ «monument watch» ակադեմիական հարթակը բազմիցս Ղազանչեցոց եկեղեցու անօրինական շինարարութեան հետ կապուած մասնագիտական յայտարարութիւններ է հրապարակել, այդ թւում՝ Հայքի մշակոյթի Օմբուդսմէնի ինստիտուտն առանձին ծաւալուն զեկոյց է հրապարակել երեք լեզուով։

Սակայն պետական մակարդակով Ատրպէյճանի վայրագութիւններին ուղղուած որեւէ հակաքայլ չկայ՝ թէկուզ պաշտօնական յայտարարութիւններով։

«Արցախի յուշարձանների ոչնչացման մասին խօսել է միայն Մայր Աթոռում գործող «Արցախի հոգեւոր մշակութային ժառանգութեան պահպանման» կեդրոնը, սակայն պետական որեւէ մարմին որեւէ քայլ չի արել։ Այս ամէնը ոչ միայն թշնամու կողմից վանդալիզմի դրսեւորում է եկեղեցու նկատմամբ, այլեւ յստակօրէն երեւում է, որ «վերանորոգման» անուան տակ Ատրպէյճանը խեղաթիւրում է Ղազանչեցոց եկեղեցու ինքնութիւնն ու ամբողջականութիւնը։ Իրաւական տեսանկիւնից, նոյնիսկ պատմաճարտարապետական մէկ դետալի փոփոխութիւնը յուշարձանի ամբողջական տեսքի խաթարում է։ Այս ամէնին հայկական կողմից հակազդման քայլերը հիմնականում արւում են հասարակական եւ մասնագիտական նախաձեռնողական խմբերի կողմից։ Քանի դեռ պետական մակարդակով չի եղել հակազդեցութիւնը, դա Ատրպէյճանին հնարաւորութիւն է տալու շարունակելու իր վանդալիզմը հայկական յուշարձանների նկատմամբ», յաւելեց Յովիկ Աւանէսովը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Արցախի բոլոր պատմամշակութային յուշարձաններն ունեն անձնագրեր, այսինքն՝ ունեն լուսանկարներ, տեղեկատուութիւն, դրանց վերաբերեալ կան բազմաթիւ հետազօտութիւններ, հրապարակուած աշխատանքներ, գրքեր, հետազօտութիւններ։

Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամը, որը ժամանակին ղեկավարում էր լուսահոգի Սամուէլ Կարապետեանը, հսկայական աշխատանք է կատարել: Դրանք նաեւ հրապարակուած են։

«Բոլոր անհրաժեշտ փաստական հիմքերը կան մեր ձեռքի տակ, որոնք էլ օգտագործել ենք մեր արտահերթ զեկոյցում։ Մինչեւ 2020 թուականի պատերազմն արուել են բազմաթիւ տեսանիւթեր, որտեղ յստակ երեւում են հայկական արձանագրութիւնները։ Նաեւ ֆրանսացի ճանապարհորդները, որոնք եղել են Շուշիում, Արցախի այլ վայրերում ու տարածաշրջանում, եկեղեցու մասին որոշակի յիշատակումներ ունեն։ Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ հասարակական կազմակերպութիւններից զատ, պետական մակարդակով պէտք է աշխատանք իրականացուի։ Մենք հիմա դրան ականատես չենք լինում, քանի որ պետական մակարդակով զբաղուած են, այսպէս կոչուած, խաղաղութեան օրակարգով։ Բոլորդ էլ լսել էք ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանին, որ իրենք Արցախի պատմաճարտարապետական յուշարձանների ոչնչացման վեաբերեալ հարցերին չեն անդրադառնում։ Նրա այս յայտարարութիւնը բացայայտ ցոյց է տալիս պետական մօտեցումը հայկական մշակոյթի նկատմամբ», եզրափակեց Յովիկ Աւանէսովը։

Comments are closed.