Խոհեր՝ Արցախի անկախութիւնից յետոյ ծնուած սերունդի

Հերմինէ Աւագեան

1992 Սեպտեմբերի 2-ին ծնուեց հայութեան երկար սպասուած զաւակը` Արցախի Հանրապետութիւնը:

Սկիզբը՝ որպէս ծնունդ…

Անկախութիւնը իւրայատուկ համ ունի, եւ այդ համը զգալու համար մի 7-րդ զգայարան է պէտք, որ կապ ունի եւ կապ չունի միւս վեցի հետ: Անկախութիւնը փափաքել, զգալ, ամէն օր սպասել, նրա համար ամէն օր թաքուն աղօթել ու նրա համար ամէն Աստծոյ օրը պայքարել է պէտք, որպէսզի նրան հասնելուց վայրկեաններ առաջ զգաս, թէ ինչպէ՛ս է էութիւնդ ենթարկւում նրան, ինչպէ՛ս է այն ունենալու բերկրանքը, թափանցում երակներդ ու ստիպում, որ արիւնդ լուր տանի սրտիդ եւ արագացնի նրա զարկերը՝ այս անգամ արդէն ոչ թէ մշտական վախի, այլ նպատակիդ հասնելու ցնծութեան պատճառով… Նրանք, ում համար անկախութիւնը նպատակ էր, իրենց միւս նպատակները ստորադասել էին առաջինին, եւ առաջինն էր թելադրողը, ոգին, կամքը: Ամենաշատը նրանք զգացին անկախութեան համը, որովհետեւ այն եկաւ հացի ու ջրի փոխարէն, եկաւ ու կանգ առաւ նրանց շուրթերին, ասաց՝ համտեսէք ինձ, եկել եմ… Նրանք զգում էին անկախութեան համը եւ չէին հասկանում՝ ինչպիսինն է այն, միայն զգում էին, ու նրանց թւում էր՝ աշխարհը փոքրանում, փոքրանում եւ տեղաւորւում է այս լեռնոտ հողակտորում, որին ինչ-որ մէկը, ինչ-որ ժամանակ Արցախ է կոչել, որի զինուորը, մշակը, բանուորը, տէրն ու ծառան միշտ հայն է եղել… Այդ Նրանքը մեր հայրերն ու եղբայրներն էին, որոնցից շատերն այսօր չկան… Նրանցից ծնուեց անկախութիւնը եւ ապրեց ու դեռ կը յարատեւէ, եթէ փայփայենք այն…

Յետոյ…

«Յետոյ» բառը սիրում է շարունակութիւն, սիրում է, որ իրենից յետոյ կա՛մ լռես, կա՛մ խօսես երկար, կամ էլ՝ ինչ-որ մէկը խօսի քո փոխարէն… Իսկ գո՞ւցէ այս անգամ խօսեն նրանք, ովքեր չեն յիշում կամ էլ չեն տեսել պատերազմը եւ այդքան անյագօրէն չեն սպասել անկախութեանը, ուղղակի տեսել ու ապրում են այն: Ի՞նչ համ ունի նրանց համար անկախութիւնը եւ ի՞նչ նշանակութիւն. գո՞ւցէ իրենցից հարցնենք…

 

Սիւնէ Յակոբեան, ծնուել է 1999 թ. Հոկտեմբերի 2-ին.

– Ես խուսափում եմ խօսել պատերազմից, որովհետեւ չեմ տեսել այն, անկեղծ չէր լինի, եթէ խօսէի չտեսածիս մասին, գուցէ դրա համար է, որ անկախութեան համն ինձ համար տարբեր է ինձանից տարիներ առաջ ծնուածներից: Ինձ համար անկախութիւնը Մոնթէի, Բեկորի, Պետոյի դէմքերն ունի, որովհետեւ ինձ այդպէս են սովորեցրել դպրոցում, որովհետեւ մեր հիւրասենեակի պատից միշտ կախուած է եղել զոհուած քեռիիս նկարը եւ ես հասկացել եմ, որ անկախութիւնը հենց այդ նկարից է սկսւում: Ինձ համար անկախութիւնը շատ քաղցր համ ունի, եւ ես գտնում եմ, որ այն ամէն օր պէտք է վայելել՝ միաժամանակ մտածելով, որ տարիներ առաջ նրա համար պատերազմ է եղել եւ այսօր էլ չի վերջացել, քանի որ Մարտունու մեր երկու սենեականոց բնակարանից ես յաճախ լսում եմ սահմանին հնչող կրակոցները եւ նաեւ չեմ մոռացել, որ ապրիլեան պատերազմը սկսուեց այն ժամանակ, երբ ես քրոջս՝ Սոնային, «Չարի վերջ»ն էի կարդում ու այդպէս էլ չհասցրեցի ասել, որ երկնքից երեք խնձոր է ցած ընկնում… Ես ուզում եմ, որ ես ու Սոնան, բոլոր Սիւնէներն ու Սոնաները իրենց բերանում միշտ զգան անկախութեան քաղցրութիւնը եւ գործեն ու ստեղծեն այստեղ՝ Արցախում: Այստեղ խնդիրներ շատ կան, ի հարկէ, բայց սա մեր հայրենիքն է եւ բոլորիս միասնական կամքն ու պատրաստակամութիւնը ի զօրու են կոտրելու, շտկելու սխալները եւ ստեղծելու վաստակած անկախութեանը արժանի հայրենիք:

 

Թամար Սարգսեան, ծնուել է 1993 թ. Մարտի 27-ին.

– Մեր սերունդը ծնուել է պատերազմից յետոյ, ոչինչ չի տեսել կամ զգացել, բայց անուղղակի կրել է հետպատերազմեան ամբողջ դառնութիւնը։ Մենք մեծացանք՝ խաղալով փայտէ աւտոմատներով ու ծնողների պատերազմի պատմութիւնները լսելով։ Ու միշտ մտածում եմ, որ մեզ վրայ հիմա աւելի մեծ պարտականութիւն է ընկնում` պահել այդքան թանկ գնով ձեռք բերուած ազատութիւնն ու անկախութիւնը եւ ի զուր չէին անընդհատ մեզ տանը եւ դպրոցում պատմում պատերազմն ու դրանից առաջ կատարուածը։

Անկախութեան ձգտումը դարէ դար հայի փափաքն է եղել եւ գիտակցել, որ դու այն սերունդը դարձար, որը պէտք է ապրի այդ անկախ հայրենիքում, զգացական առումով՝ անհնար է նկարագրել։ Ամէն օր արթնանալ՝ հեռւում լսելով հայ եկեղեցու զանգերը, աշխատանքի գնալիս բոլորին ասել «բարեւ», մտնել դպրոց եւ խօսել հայերէն, գրել հայերէն, երգել, պարել, նկարել հայերէն ` հենց սա է անկախութիւնը, սա է անկախութեան իրական «համը», մենք այն ամէն օր զգում ենք մեր բերանում, բայց շատ անգամ չենք գիտակցում։

Բոլորիս նպատակը պէտք է լինի զինուորագրուել այս անկախութիւնը յարատեւ պահելու, ամրապնդելու գործին, որովհետեւ ցաւալիօրէն պատերազմը հայի համար չի աւարտւում…..

Գագիկ Յարութիւնեան, ծնուել է 1995 թ. Ապրիլի 28-ին.

– Մի օր, ինչպէս բոլորը, ծնուեցի նաեւ ես։ Իմ ծնունդը յաջորդեց դժուարին ժամանակներին։ Ես այն սերնդի ներկայացուցիչը դարձայ, որ վայելում է անկախութեան արդէն իսկ ներկայութիւնը, բայց նաեւ գիտի, որ վերջինս իր համար ձեռք են բերել թանկ գնով։ Անկախութեան գոյութիւնը սովորական է ինձ համար այնպէս, ինչպէս արեւինը, որի ծագումը յայտնի չէ ինձ` ինչպէս անկախութեանը, բայց նա ժպտաց ինձ առաջին պահից եւ դարձաւ սովորական։ Հիմա ես զինուոր եմ, ծառայում եմ Արցախի Պաշտպանութեան բանակում եւ աւելի եմ հասկանում անկախութեան կենսական անհրաժեշտութիւնը… Ես պաշտպանում եմ անկախութիւնը, մի բան, որի բացակայութիւնը երբեք չեմ զգացել, բայց գիտեմ, որ այն կորցնելու դէպքում կը կորցնեմ սեփական արեւի ջերմութիւնը։

Ի՞նչ կը լինէր, եթէ այն չլինէր…

Մենք յաճախ ենք սիրում կրկնել, թէ այսինչ-այնինչ բանն ինձ անհրաժեշտ է օդ ու ջրի պէս: Իսկ ի՞նչ է մեզ իրականում անհրաժեշտ օդ ու ջրի պէս. երեւի առաջին հերթին ազգային ինքնութիւն՝թէկուզ ինքներս մեզ ճանաչելու համար եւ նաեւ հայրենիք՝մեր ինքնութիւնը պահելու համար: Անկախութիւնը եկաւ, որ պինդ շաղկապի այս երկուսը, որ ստիպուած չլինենք ձուլուելու՝ ինքնութեամբ ու հայրենիքով: Ի՞նչ կը լինէր, եթէ այն չգար, չլինէր, եթէ այն չվաստակէինք կեանքի գնով… Ամէն բան պարզապէս այլ կը լինէր կամ էլ՝ չէր լինի…Փրկութեան այս օղակը հազար կապով ամրացնել է պէտք, որպէսզի յետագայ օղակները ամուր հիմքի վրայ կառուցուեն ու ամրանան…

Շարունակութիւնը

Անկախութիւնը մեզ ապրելու շարունակութիւն տուեց եւ հիմա էլ շարունակում ենք շարունակել… Երանի յետագայ սերունդը կարողանար մի օր, չգիտեմ որքան յետոյ, բայց մի օր ասէր՝ կեցցէ՛ Միացեալ Հայաստանը, որ արդէն եկել է….

 

 

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.