Խաղաղութիւն, բայց ինչպիսի՞ն. բրիւսելեան պայմանաւորուածութիւնների մեծ հարցականները

Եկէք անկեղծ լինենք։ «Խաղաղութիւնն այն է, երբ չեն կրակում և ոչ ոք չի զոհւում, բայց խաղաղութիւնն արդարացի կարելի է համարել միայն այն դէպքում, եթէ այն համապատասխանում է մեր իղձերին»։

Եթէ ընդունում ենք ամերիկացի հեղինակներից մէկի այս ձևակերպումը, միանգամից էլ հարց է ծագում՝ իսկ արդեօ՞ք մենք ընթանում ենք մի ճանապարհով, որի վերջում հէնց այդպիսի արդարացի խաղաղութիւնն է։ Համաձայնէ՛ք՝ այս շաբաթ Բրիւսելում կայացած եռակողմ հանդիպման մասին տեղեկատուութիւնը այս կարևորագոյն հարցի յստակ պատասխանը չի տալիս։ Դատէք ինքներդ։

Արցախի մասին խօսուե՞լ է, թէ՞ չի խօսուել։ Բառացիօրէն մէջբերեմ մի հատուած կառավարութեան նիստում վարչապետի ելոյթից. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխիքները, նրանց իրաւունքների և ազատութիւնների պաշտպանութիւնը, ինչպէս նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը ընդգրկուած են խաղաղութեան օրակարգի վերաբերեալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցութիւնների առարկայ»։

Հիմա ասէք խնդրեմ՝ «պիտի դառնան» բառակապակցութիւնը կոնկրետ ի՞նչ է նշանակում։ Եթէ սա ուղղակի հայկական կողմի կարծիքն է, որը երբէք էլ հիմք չի եղել ադրբեջանական կողմի համար, ուրեմն դա մնացել է որպէս զուտ բարի ցանկութիւն։ Բոլորովին այլ բան է, եթէ Ադրբեջանի ղեկավարը, որը բազմիցս է պնդել, թէ Ղարաբաղի հիմնահարց այլևս ընդհանրապէս գոյութիւն չունի, այնուամենայնիւ, համաձայնել է Արցախի խնդիրը քննարկել առաջիկայ բանակցութիւնների ժամանակ։ Սա արդէն կարելի է մեկնաբանել որպէս շատ լուրջ առաջընթաց և Բաքուի կոշտ դիրքորոշման փոփոխութիւն։ Միայն թէ, յստակ ասէք ժողովրդին՝ ի՞նչ են նշանակում «պիտի դառնան» բառերը։ Չե՛ն ասում։

Ըստ հրապարակուած տեղեկատուութեան, Բելգիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև մի աննախադէպ նախաձեռնութիւն են համաձայնեցրել։ Մեջբերեմ. «Մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ յանձնաժողով, որը, էստեղ խնդրում եմ ուշադրութիւն` օժտուած կը լինի նաև սահմանի երկայնքով անվտանգութիւն և կայունութիւն ապահովելու հարցերով»: Կներէ՛ք, դուք գոնէ պատկերացնո՞ւմ էք, թէ ինչպէս կարելի է համատեղել դելիմիտացիան, որը երկու պետութիւնների միջև սահմանների ճշտումն է ու քարտէզագրումը՝ երկրի անվտանգութեան հետ, որն առնուազն Կալաշնիկովի առկայութիւն է ենթադրում։ Այդ համատեղ յանձնաժողովի մասնագետները աւտոմատներո՞վ են լինելու։

Եվ վերջապէս։ Ոչ մի խօսք այն մասին, որ խաղաղութեան բանակցութիւններին, որոնք նախապատրաստելու են երկու երկրների արտգործանախարարութիւնները, գոնէ տեսականօրէն կարող է մասնակցել Մինսկի խմբի եռանախագահութիւնը։ Այդ խմբի մասին արդէն չեն խօսում ոչ միայն Ադրբեջանի ղեկավարները, այլև եւրոպացի պաշտօնեաները, այնինչ, մենք յամառօրէն փորձում ու փորձում ենք վերակենդանացնել այդ կառոյցը։ Ախր շատ դժուար է հրաժարուել այդ «կախարդական փայտիկից», որովհետև երբ քեզ կշտամբում են. «Բա ինչո՞ւ այսինչ յոյժ կարևոր հարցը բանակցութիւններում շրջանցեցիք», միշտ կարող ես արդարանալ. «Այդ հարցի կարգաւորմամբ կը զբաղի Մինսկի խումբը»՝ լաւ իմանալով, որ մանաւանդ Արևմուտքի և Ռուսաստանի խիստ լարուած յարաբերութիւնների պայմաններում այդ խումբը հազիւ թէ մօտ ժամանակներս վերսկսի իր աշխատանքը։

Իհարկէ, բոլորս հրաշալի հասկանում ենք, որ միանգամայն ճիշտ էր ֆրանսիացի յայտնի պետական և քաղաքական գործիչ Ժորժ Կլեմանսոն, որը դեռ 100 տարի առաջ փաստում էր. «Աւելի հեշտ է պատերազմ, քան խաղաղութիւն շահելը»։ Բայց մի մտավախութիւն գոյութիւն ունի. եթէ պատերազմի ժամանակ մեզ համոզում էին՝ եկէք պայմանաւորուենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտուած չենք համարի, արդեօ՞ք հիմա էլ, երբ, Աստուած չանի, բաւական տարօրինակ, պարտադրուած խաղաղութիւն հաստատուի, չենք լսելու՝ եկէք պայմանաւորուենք, որ սա հենց մեր երազած խաղաղութիւնն է։

Այնուամենայնիւ, Բրիւսելում այս վերջին հանդիպումից առնուազն մէկ ակնկալիք կայ։ Եթէ յիշում էք, անցած անգամ, երբ Բելգիայի մայրաքաղաքում նոյն ձևաչափով հանդիպում տեղի ունեցաւ դեկտեմբերին, դրանից յետոյ ազատ արձակուեցին 10 հայ գերիներ։ Ապրենք յոյսով, որ այս վերջին հանդիպումից յետոյ էլ նոյնը տեղի կ’ունենայ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.