Լուռ Հայաստան. խօսէք, արդա՞ր է Պուտինի քաղաքականութիւնը

Վահան Իշխանեան

Արևմուտքը երևի երբեք այսքան միակամ դիրքորոշում չի ունեցել, ինչպէս այս Ռուս-ուկրաինական հակամարտութեան մէջ է։ Կարծես հասարակութեան բոլոր շերտերը՝ քաղաքական ու մտաւորական շրջանակները, աշխատաւորներն ու  ծառայողները համախմբուած են ընդդէմ Ռուսաստանի, վստահ՝ որ Ռուսաստանը մի չարիք է, որ ուզում է վերականգնել ռուսական կայսրութիւնը, և որ Արևմուտքը՝ աշխարհը պարտաւոր է սատարել ազատատենչ Ուկրաինային ընդդէմ նուաճողական Ռուսաստանի։  Ու սատարում են շռայլօրէն. մի կողմից արևմտեան իշխանութիւնները շռայլօրէն զէնք են մատակարարում Ուկրաինային և տնտեսական պատժամիջոցներով մեկուսացնում Ռուսաստանը, միւս կողմից՝ հասարակութեան մտաւորական շրջանակները ռուսաստանցիների հետ համագործակցութիւնները չեղարկում, ռուսներին օստրակիզմի ենթարկում  ու ռուսական մշակոյթի հետ կապուած միջոցառումները չեղարկում։

«Այժմ Իտալիայում մեղք է լինել ոչ միայն ողջ ռուս, այլև մեռած ռուս, որն իր կեանքի ժամանակ 1849-ին դատապարտուել է մահապատժի, քանի որ կարդում էր այն ինչ արգելքի տակ էր», գրել է իտալացի գրող Պալօ Նորին այն բանից յետոյ, երբ Միլանի Բիկոկկա համալսարանը չեղարկել էր Դոստոևսկուն նուիրուած իր դասախօսութիւնների շարքը, որ նա պատրաստել էր իր 2021-ին հրատարակած «Ֆեոդոր Դոստոևսկու անհաւատալի կեանքը»(Sanguina ancora. L’incredibile vita di Fëdor M. Dostoevskij (Mondadori, 2021) գրքի հիման վրայ։

Նա նամակ էր ստացել համալսարանից, որ պրոռեկտորը ռեկտորի հետ որոշել են հանել Դոստոևսկու կուրսը, որ խուսափեն ամէն տեսակի տարաձայնութիւններից, յատկապէս ներքին, այսպիսի լարուած ժամակաշրջանում։ Սակայն բարձրացած աղմուկից յետոյ համալսրանը վերանայել էր իր որոշումը ու դասխօսութիւնները թոյլատրել։

Բայց ո՞վ կը սպասեր որ 21 դարում, իտալական համալսարանաում ռուսաֆոբիան այն աստիճան կը պղտորէր մթնոլորտը, որ ռեկտոր ու պրոեռկտոր նոյնիսկ մտքներով անցկացնէին չեղարկել աշխարհի մեծագոյն գրողներից մէկին նուիրուած դասխօսութիւնները միայն այն բանի համար, որ ռուս է։ Իսկ գուցէ չգիտակցուած գաղափա՞ր կայ այս չեղարկման մէջ, որ Դոստոևսկին փրկութեան այլ ճանապարհ էր ուղենշում ի հակադրութիւն եւրոպական ազատականութեանը[1]։

Եւս մի օստրակիզմի օրինակ. Միւնխենի սիմֆոնիկ նուագախումբը չեղարկել է նուագախմբի դիրիժոր ռուսաստանցի Վալերի Գերգիիևի հետ պայմանագիրը, որ կնքուել էր 2015 -ին և գործում էր մինչև 2025 թիւը։ Ինչո՞ւ, լռելու համար։ Նախապէս Միւնխենի օբեր բուգոմիստեր Դիտեր Ռեյտերը Գերգիևի առաջ ուլտմիատում էր դրել, որ միանշանակօրէն դատապարտի Ռուսաստանի գործողութիւնները Ուկրաինայում, հակառակ դէպքում պայմանագիրը կը չեղարկուի։ Գերգիևը լռել էր, և պայմանագիրը չեղարկուեց։ Նոյն պատճառով Գերգիևի հետ պայմանագրերը խզել է նաև Միլանի Լա Սկալան և Կանեգի Հոլն էլ չեղարկել է նրա համերգը, պատրասւում է խզել Համբուրգի սիմֆոնիկ նուագախումբը։ Գերմանական մամուլը աշխարհի լաւագոյն  դիրիժորներից մէկին հեգնական արտայայտութիւններով նկարագում է որպէս Պուտինի սիրելի, յղումներ անում, որ նա պաշտպանել է «Ղրիմի անեկսիան», 2014-ին մեղադրել Արևմուտքին, որ Կիևում Մայդանով ուղղակի ուզում էր իրենով անել պիրոգի մի կտոր՝ Ուկրաինա անուանմամբ։  Այո, մենք իմանում ենք, որ երաժիշտը նաև քաղաքական հայացքներ ունի։ Սակայն գերմանական մամուլը բաց է թողնում Գերգիևի հայացքներում ամենագլխաւորը. Գերգիևը ազգութեամբ օս է, և ուրեմն, մեծ անհանգստութիւն ունի իր օս ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Ռուսաստանը, ճանաչելով Հարաւային Օսիայի անկախութիւնը, փրկեց իր ժողովրդի մի հատուածին տեղահանութիւնից ու բնաջնջումից։  2008-ի օգոստոսին Վալերի Գերգիևը նուագախմբով գալիս է Հարաւային Օսեթիայի պատերազմից աւերուած մայրաքաղաք Ցխինուալի և համերգ-ռեքւիմ տալիս կառավարութեան աւերուած մուտքի դիմաց՝ «Ձեզ, ողջերին և զոհուածներին։ Քեզ՝ Հարաւային Օսեթիա»։

Նոյնիսկ արևմտեան այն մտաւորականները ովքեր հասկանում են Ռուսաստանի կողմից ռազմական ուժ կիրառելու դրդապատճառները՝ Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետութիւնների մօտ 4 միլիոն բնակչութեան իրենց հողում ապրելու իրաւունքը պաշտպանելը և ՆԱՏՕ֊ի առաջխաղացումը Ռուսաստանի սահմանների մօտ կանխարգելելը, սկսել են քննադատել Ռուսաստանը ու Պուտինին։

Նրանցից մեկը ռեժիսոր Օլիվեր Սթոունն է, որ Ֆեյսբուքի իր էջում գրել է. Չնայած Ամերիկայի Միացեալ Նահանգներն իր խղճի վրայ շատ պատերազմներ ունի ծանրացած, բայց դա չի արդարացնում Պուտինի ագրեսիան Ուկրաինայի դէմ։ Տասներկու սխալը մի ճիշտ չի դառնում։ Ռուսաստանի նուաճումը սխալ է։ Այն շատ այլ սխալներ է արել։ (Although the United States has many wars of aggression on its conscience, it doesn’t justify Mr. Putin’s aggression in Ukraine. A dozen wrongs don’t make a right. Russia was wrong to invade. It has made too many mistakes.) Ու թուարկում է Ռուսաստանի սխալները։

Բայց հենց սկզբից էլ, երբ Պուտինը յայտարարեց ռազմական գործողութիւնները սկսելու մասին՝ Ուկրաինան դէմ իլիտարիզացնելու ու դենացիֆիկացնելու մասին,  պարզ էր, որ նա մեծ ռիսկի է գնում, որը իր հետևից բերելու է երկրին տնտեսական ճգնաժամ, Արևմուտքի կողմից մեկուսացում և այլն։ Մենք տեսանք, որ նրա համար առաջնային է ռուսալեզու իր հայերնակիցների շահերը, Ռուսաստանի ռազմավարական անվտանգութիւնը՝ թոյլ չտալը, որ քթի տակ, իր պատմական հայրենիքում՝ Կիևեան-Ռուսիայում, Ռուսաստանին ուղղուած թշնամական հրթիռներ տեղադրուեն, քան օրուայ պատեհապաշտութիւնը՝ յարմարուել արևմտեան ծայրը չունեցող սանկցիաների տակ երկրի գոյութիւնը մի կերպ քարշ տալուն ու Դոնեցկի և Լուգանսկի իր հայրնակիցների բնաջնջմանը կամ ասիմլիացմանը։

Դեռ աւելին, Ռուսաստանը արդէն ընկրկել էր արևմտեան ճնշումների տակ, հիմա մենք խօսում ենք Ուկրաինայի 4 միլիոն ռուսալեզու բնակչութեան իրաւունքերի մասին, բայց Ուկրաինայի ռուսալեզու բնակչութիւնը շատ աւելին է, 15 միլիոնից աւելի։  2014֊ից յետոյ Ուկրաինայի տիրապետութեան տակ մնացած ռուսալեզու բնակչութիւնը ստիպուած սկսեց հրաժարուել իր մայրենի լեզուից և ասիմիլիացուել ուկրաիներէնի մէջ։

Ուկրաինայում ապրող ռուսալեզու բնակչութիւնը՝ ուկրաինացի, թէ ռուս, տեռորի տակ են, յանկարծ չխօսեն իրենց ռուսական արմատների, ռուսների հետ մշակութային  ու էթնիկ կապերի մասին։

Կոմսոմոլսկայա պրավդայում հրապարակուած այս նամակը ամբողջութեամբ բացում է այն պատկերը, որի մէջ են գտնուել Ուկրաինայի ռուսալեզու բնակչութիւնը.

«Գրում եմ ռուսական քաղաք Սումիից։ Նա ռուսական էր այն ժամանակուանից, երբ առաջին տեղաբնակները, որ փախել էին Սպիտակ եկեղեցուց( քաղաք Կիևի մօտ) 1652 թուին, մօտ 100 ընտանիք, որոշեցին հիմնաւորուել այստեղ  երեք գետերի միախառնման տեղում։ Կազակների քաղաք հիմնելու թոյլտուութիւն ստանալու համար նամակ գրեցին Ռուսաց արքայ Ալեքսէյ Միխայելիչին։ Նա էլ թոյլտուութիւն տուեց։ Ինչո՞ւ այս էքսկուրսը։ Այս մասին ես իմացայ 5րդ դասարանում, ապրելով արդէն «նեզալեժնիում»( «Незалежна» Ուկրաինայի անկախութեանը տրուած արհմարհական անուանում) և այդ ժամանակ իմացայ, որ Սումին պատմական, վաղեմի ռուսական քաղաք է։ Բայց շատերը ովքեր դա գիտեն, գերադասում են լռել։ Եւ այդ ամէնը շատ սահուն եղաւ, սկզբում փաստաթղթերը սկսեցին լրացնել միայն ուկրաիներէն, յետոյ վերափոխեցին դպրոցական դասագրքերը, վերապատմել պատմութիւնը…։ 2014-ից հետևողականօրէն սողոսկում էր ատելութիւնը ռուսերէնի, Ռուսաստանի նկատմամբ, իսկ ոմանց մօտ էլ ռուսական ամէն ինչի նկատմամբ(բացի գազից, բենզինից, ու էլեկտրականութիւնից)»։

2021-ի յուլիսին Ուկրաինան ընդունեց «բնիկ ժողովուրդենրի մասին» օրէնք, որի մէջ ռուսները չեն մտնում։ Ուկրաինա՝ պատմութիւն, մշակոյթ, անցեալ, ներկայ՝ առանց ռուսների։

Սա եղաւ մի ժողովրդի նկատմամբ, որը 300 տարուց աւելի համաշխարհային պատմութիւնը կերտողներից մէկն է։

Օլիվեր Ստոունը և նաև նրա պէս մտածողները արդեօ՞ք լրիւ ինքնուրոյն կարծիք են արտայայտում, թէ՞ արևմտեան հակառուսական մթնոլորտը այնքան ուժգին է, որ նրանց էլ ակամայ ստիպում է յարմարուել այդ մթնոլոտին ու արդարութեան  մասին խօսելու փոխարէն թուարկեն Պուտինի սխալները, որոնք շարադրւում են արդեն որպէս պատերազմի յանցագործութիւններ։

ՆԱՏՕ-Ռուսաստան կոնֆլիկտի պատճառն այն է, որ մոնոպոլ կապիտալիզմը՝  առաջնորդութեամբ ԱՄՆ֊ի,  նպատակադրուել է աշխարհի ամենամեծ ու ամենահարուստ ռեսուրսներով երկիրը հնազադնեցնել ու նրա անսահման ռեսուսներն տնօրինել։ «Մոնպոլ կապիտալիզմ» ձևակերպումը Սամիր Ամինին է (Samir Amin), որ ցոյց է տալիս, որ կայսերական կապիտալիստական կոլեկտիւ տրիադան(ԱՄՆ֊ի գլխաւորութեամբ, Եւրոպա, Ճապոնիա) համաշխարհայնացման անուան տակ աշխարհի բոլոր ռեսուրսները իւրացնելու ճանապարհին վերացնում է չմիաւորւող -֊դիմադրող կառավարութիւնները, իսկ յետոյ տիրանալով այդ երկրների ռեսուրսներին՝ դրանցից ստացած շահոյթը բաշխում երեքի մէջ, աղքատութեան մատնելով «ծայրամասերը»։

Ձախ ճառաբանութիւնը պէտք է որ այս կոնֆլիկտում նկատէր Ռուսաստանի արդարացի լինելը՝ որ մի կողմից փրկում է ուկրաինական նացիոնալիզմի ճիրաններից իր հայրենկակիցներին, միւս կողմից դիմադրում մոնոպոլ կապիտլիզմի ախորժակին, և դառնում դիմադրող ու ինքնուրոյն միւս երկրների համար առաջամարտիկ ու օրինակ։

Դեռ մինչ պատերազմը, փետրուարի 7֊ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը յոյս էր յայտնում, որ Կիևը կը կատարի Մինսկի համաձայնագիրը, և ասել էր՝ «нравится не нравится —терпи моя красавица»(«հաւանում ես, չես հաւանում, ընդունիր իմ գեղեցկուհի», այսիքն, Կիևը ստորագրել է Մինսկի համաձայնագիրը և ուրեմն, ինչքան էլ չհաւանի իր ստորագրած փաստաթուղթը,  պէտք է կատարի այն։ Չկատարեց, ու ստացաւ պատերազմ)։ Սլովեն փիլիսոփայ Սլաւոյ Ժիժեկը այդ խօսքը մեկնաբանում  է որպէս Ուկրաինան բռնաբարելու նպատակ, և յորդորում կաստրացիայի ենթարկել Ռուսաստանը՝ հնարաւորին չափ այնպէս մարգինալացնել, որ նրա համաշխարհային  հեղինակութիւնից ոչինչ չմնայ։

Արևմուտքի կողմից հրահրուած ուկրաինական սադրանքը բացայայտում է նաև արևմտեան ձախ մտաւորական հեղինակութեան իրական միտքը, որտեղ բացակայում է ձախ ճառաբանութիւնը, կապիտալիզմի անհագ ախորժակի քննադատութիւնը, և հեղինակաւոր ձախ փիլիսոփան դառնում է ԱՄՆ֊ի նախագահ Բայդենից աւելի Բայդեն, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յենս Ստոլտենբերգից աւելի Ստոլտենբերգ։

Եթէ ԱՄՆ֊ի նուաճողական քաղաքականութիւնը քննադատող ռեժիսորն ու հեղինակաւոր ձախ փիլիսոփան են ընկնում ռուսաֆոբիայի լարած թակարդը, ու միանում հակառուսական պրոպագանդայի ամենակուլ տիրապետութեանը, ապա Հայաստանում մտաւորականները ինչպէ՞ս կողմնորշուեն։ Հայաստանում շփոթութիւն է։ Պրոարևմտեան ուժերը պարզ է, հակառուսական դիրքերում են։ Բաց թողնենք այս թեման, որ այս արևմտամետները ուղղակի սատար են կանգնում Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ուժերին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եղբայրական ուկրաինական նացիոնալիստներին։

Սակայն հայկական մտաւորական և քաղաքական միւս շրջանակներում չի երևում յստակ դիրքորոշում ունեցողներ, լողացող, անորոշ կարծիքներ են միայն երևում։ Զգացւում է, որ խուսափում են, որ յանկարծ իրենց չհամարեն Ռուսաստանի պաշտպան, ուրեմն, նաև պատերազմի ու աւերի կողմնակից։

Այն ինչ կատարւում է Ուկրիանայում միայն Ռուսաստանի շահերի հարց չի, նաև գաղափարախօսութիւն կայ տակը, և հէնց այդ գաղափարների վրայ հիմնուելով է Ռուսաստանը ներխուժել Ուկրաինա, և արժէր, որ Հայաստանում էլ լինէին յստակ դիրքորոշումներ, օրինակ, ինչպէս Արցախի, այնպէս էլ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովուրդները ունեն իրենց երկրում ինքնորոշման ու անկախ ապրելու իրաւունք։

Իհարկէ, ուշացած հարց է, բայց հայկական շրջանակներում այս անորոշութիւնը մի փոքր ցրելու համար արժի հիմա էլ տալ և ակնկալել պատասխան.

Մինսկի համաձայնագրով Ուկրաինան պէտք է ձևաւորէր ֆեդերատիւ հանրապետութիւն, որի մէջ կը մտնէին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետութիւնները։ Այդ հանրապետութիւնները, որ իրենց անկախութիւնն էին հռչակել, Մինսկի համաձայնագրով, մեղմ ասած, ոգևորուած չէին, նրանց սրտով չէր, բայց յանուն խաղաղութեան ստորագրել էին այն, և պատրաստ էին ընդունել Ուկրաինայի պետութեան գերիշխանութիւնը։

Սակայն 7 տարի շարունակ Կիևը հրաժարւում էր կատարել Մինսկի համաձայնագիրը, փոխարէնը ռազմական ուժով փորձում ճնշել ու իրեն ենթարկեցնելով վերացնել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետութիւնները։ Այսինքն, Ուկրաինայի իշխանութեանը ձեռք չէր տալիս այն, որ այդ հանրապետութիւնները անցնում էին իր գերիշխանութեան տակ,  քիչ էր դա, և Պորոշենկոյի և Զելինսկու իշխանութիւնները ուղղակի ուզում էին վերացնել նրանց։ Այդ ռազմական գործողութիւնների պատճառով մօտ 12 հազար մարդ է սպանուել, բազմաթիւ մարդիկ փախստական են դարձել։ Սակայն Ռուսաստանը համբերատար առաջ էր տանում խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի լուծման կուրսը։ Բայց ապարդիւն, հէնց անցեալ տարի Ուկրաինայի նախագահ Զելինսկին յայտարարեց «Ովքեր իրենց ռուս են համարում, մեծ սխալ են անում մնալով ու ապրելով Դոնեցկում»։ Այսինքն, ուկրաինական ծրագիրը յստակ է՝ Դոնեցկն ու Լուգանցկը բռնակցել Ուկրաինային, և այդ տարածքում էթնիկական զտումներ անել, բնակչութեանը քշել Ռուսաստան։

Օլիվեր Ստոունը Պուտինին քննադատելու հետ մեկտեղ, հարց է տալիս՝ Բայց հետաքրքիր է, ինչպէս կարող էր Պուտինը փրկել Դոնեցկի ու Լուգանսկի ռուսախօս ժողովրդին (But we must wonder, how could Putin have saved the Russian-speaking people of Donetsk and Luhansk?)

Եւ պատերազմից խուսափելու լուծումներից մէկը տեսնում՝ Միգուցէ Պուտինը պէտք է շրջափակէր երկու դիմադրող շրջանները և օգնէր 1-3 միլիոն բնակիչներին վերաբնակուել Ռուսաստանում։ (Or perhaps Putin should’ve surrendered the two holdout provinces and offered 1-3 million people help to relocate in Russia.)

Ոչ, Ռուսաստանը դեռ այդ երկիրը չի, որ հրաժարուի պաշտպանել իր հայրենակցներին իրենց պատմական հայրենիքում, և այն յանձնի թշնամուն։

Ուկրաինան հսկայական զօրք էր կուտակել այդ երկու հանրապետութիւնների սահմանագծին 100 հազարից աւել։ Յիմա՞ր են, որ չեն հասկանում ռազմական ճանապարհով գնալով ի վերջոյ բախուելու են Ռուսաստանի հետ։ Այո, բա ինչ են, նրանց շատ արդիւնաւէտ հրահրում է Արևմուտքը՝ խոստանալով բաներ, որոնք չի կատարելու։ Այս յիմարութիւնը մենք տեսանք 2008-ին Վրաստանում,  երբ Վրայստանը՝ Սաակաշուիլին ռռւս խաղաղապահների վրայով ներխուժեց Հարաւային Օսիա։ Պարզ էր, չէ՞, որ ռուսները չեն հանդուրժելու, որ Վրաստանը իր զինուորների վրայով տարածք նուաճի։

Արդիւնքը եղաւ այն, որ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի ու Օսիայի անկախութիւնները, այսինքն փրկեց այս ժողովուրդներին վրացական նացիոնալիզմի բնաջնջման սպառնալիքից։

Եւ ընդհանրապէս, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի շուրջ իր օղակը սեղմում է արմատական նացիոնալստական, կարելի է ասել ֆաշիստական  ուժերի միջոցով. Վրաստանում այն ուժերն են, որոնք Օսիայի ու Աբխազիայի ժողովուրդնեիրն էին ուզում բնաջնջել, երկրի ներսում ճնշում են ազգային փոքրամասնութիւններին։

Այն որ Ուկրաինայում իշխում են ուկրաինական ֆաշիստները,  ժառանգները նրանց, ովքեր երկրորդ աշխարհամարտին Հիտլերի կողմից էին կռւում Սովետական Միութեան դէմ և փոքրամասնութիւններին ցեղասպանութեան ենթարակում, սոսկ  ռուսական պրոպագանդա չի, իրականութիւն է։

Այսօրուայ Ուկրաինայի պարծանքն են Ստեպան Բանդերան և նրա համախոհները,  որոնց ստեծած Ուկրանական նացիոլաստական շարժումը՝ОУН(б)») և Ուկրաինական ապստամբ բանակը(«УПА») 1943-1944 թուերին մօտ 60 հազար լեհ են կոտորել։ Բայց ոչ միայն լեհերի, նաև հայերի։

1944 թուի ապրիլի 19-21 Հարաւային Ուկրաինայի Կուտ գիւղում 200 հայերի են կոտորում միայն նրա համար որ հայերը համարում էին Վոլինը Լեհաստանի մաս(տեղեկութիւնը ռուսական վիքիպեդիայից

Ստեպան Բանդերայի բազմաթիւ յուշարձաններ կան Ուկրաինայում, նաև նամականիշ։

Իսկ 2016֊ին Կիևի Մոսկովեան պողոտան վերանուանուեց  Ստեպան Բանդերայի անունով։

Եւ ՆԱՏՕ֊ի այս ճնշումը մի կողմից ՆԱՏՕ֊ին վերածում է նացիստական շարժումների հրահրող, միւս կողմից Ռուսաստանին դարձնում է ինտերնացիոնալ՝ իր հարևան երկրներում դենացիֆիկացիա իրականացնող։ Այդ քաղաքականութեան  արտայայտութիւնն է Պուտինի մարտի 3֊ի ելոյթը.

«Ես ռուս մարդ եմ, և իմ տոհմում, ինչպէս ասում են, հէնց միայն Իւաններ ու Մարիաներ են, բայց երբ ես տեսնում եմ այնպիսի հերոսութեան օրինակներ, ինչպէս դաղստանցի, ազգութեամբ լակ երիտասարդ Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովի սխրանքը, մեր միւս մարտիկների սխրանքը, ես ուզում եմ ասել․ Ես լակ եմ, ես դաղստանցի եմ, ես չեչեն եմ, ինգուշ եմ, ռուս եմ, թաթար, հրեայ, մորդվին, օս։ Ռուսաստանի բոլոր էթնիկ խմբերն անհնար է թուարկել, բայց ես հպարտանում եմ, որ այդ աշխարհի մի մասն եմ, Ռուսաստանի հզօր, բազմազգ աշխարհի մի մասը։ Դրա հետ մէկտեղ երբեք չեմ հրաժարուի այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները միևնոյն ժողովուրդն են»։

Եթէ Ռուսաստանը դուրս գար իր նեղ պետական շահերի շրջանակից և ոչ թէ ակամայ, այլ գիտակցաբար որդեգրեր փոքր ժողովուրդների իրաւունքների պաշտպանութեան վերազգային գաղափարը, ապա աշխարհում նա համախոհների լայն շերտ կ’ունենար։

Ինչևէ, վերադառնանք ռուս-ուկրաինական առճակատմանը։ Հարցս հայ գործիչներին ու մտաւորականներին՝ Ի՞նչ էր անելու Պուտինը՝ Լուգանսկ ու Դոնեցկ, ի՞նչ անեմ, Ուկրաինան Մինսկի համաձայնագիրը չի կատարում, ես էլ չեմ ուզում արևմտեան սանկցիաների տակ մտնեմ, գնացէք ձեր գլխի ճարը տեսէք կամ էլ լսէք Զելինսկուն, տեսէք, Օլիվեր Ստոունն էլ է նոյնը առաջարկում՝ եկէք Ռուսաստան, ձեր համար ապահով պայմաններ կ’ստեղծենք։ Թէ՞ ճանաչելու էր Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետոյթունների անկախութիւնը ու ռազմական ճանապարհով վերացնէր այդ հանրապետութիւնների ու նաև ամբողջ Ռուսաստանի գլխին կախուած վտանգները։

[1] КузубоваТ.С. Путь к спасению: две версии Ф. М. Достоевского // Контекст и рефлексия: философия о мире и человеке. 2017.Том6. No5А.С.27-38

Վահան Իշխանեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.