Լոյս է տեսել «Վէմ» հանդէսի 2021 թ. չորրորդ համարը

Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2021 թ․ վերջին՝ 4-րդ համարը՝ 339 էջ ծաւալով ու հարուստ բովանդակութեամբ։

«Պանթուրքական խորհրդանիշների գաղտնիքը» վերտառութեամբ Խմբագրականում փորձ է արւել վերլուծելու և ամփոփելու 2021 թ․ ընթացքում Թուրքիայի ղեկավարութեան և Ադրբեջանի ու Ղազախստանի ղեկավար դէմքերի այն բացայայտ կամ քօղարկուած քայլերը, որոնք միտուած էին համաթուրքական կառոյցների ձևաւորմանը և ամենակարևորը՝ այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Խմբագրականը բացայայտում է այն իրողութիւնը, որ ինչպէս 44-օրեայ պատերազմի ընթացքում, 2021 թ․ ևս այդ քայլերը ճշգրտօրէն համընկել են պանթուրքիստների համար խորհրդանիշների դեր ունեցող յոբելեանական տարեթիւերին։ Ուստի դրանց խորքային իմաստներին տեղեակ լինելով՝ ապագայում կարող ենք խուսափել նոր անակնկալներից։

«Վէմ»-ի 2021 թ․ վերջին՝ 4-րդ համարում մեծ տեղ է յատկացուել պատմական այն կարևոր իրադարձութիւնների գիտական քննութեանը, որոնք Հայաստանի ներկայ քաղաքական դիսկուրսում կրկնակի աղաւաղման են ենթարկւում՝ բեկուելով հակադիր քաղաքական արևելումների ոսպնեակների մէջ։ Առաջնորդուելով ճշմարտութեան բացայայտման նպատակադրումը կոնկրետացնող «ինչպե՞ս է եղել իրականում» սկզբունքով՝ «Վէմ»-ի յօդուածագիրներն այդ ճանապարհով փորձել են բացայայտել Հայաստանի Հանրապետութեան հանդէպ 1919-1920 թթ. ԱՄՆ-ի որդեգրած քաղաքական դիրքորոշումները (Արմենուհի Վ․ Ղամբարեան), 1921 թ. Կարսի պայմանագրի ստորագրման ու գործադրման ընթացակարգերը (Արմէն Ց. Մարուքեան) և այլ վիճելի հարցեր։ Նման մօտեցումը այսօր քարոզչական նպատակներով աղաւաղուող ոչ վաղ անցեալի իրական պատկերը վերականգնելու նախապայմանն է։

2021 թ․ իր վերջին համարում «Վէմ» հանդէսը տեղ է յատկացրել միշտ էլ իր յատուկ ուշադրութեան կենտրոնում եղող այնպիսի թեմաների, ինչպիսիք են «սփիւռք» ուրոյն երևոյթի քննութիւնը (Հրածին Վ. Վարդանեան), հայ-քրդական յարաբերութիւնների անյայտ էջերը (Արամ Ս. Սայեան) և այլն։ Շարունակուել է նաև մեր նոր սերնդի աշխարհայացքի ձևաւորման համար կարևորագոյն նշանակութիւն ունեցող՝ հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ուսումնասիրութեան հիմքերը դրած Թոմաս Քարլայլի կոթողային աշխատութեան համակողմանի քննութիւնը (Գէորգ Ա. Ճաղարեան)։

Leave a Comment

You must be logged in to post a comment.