Լիպարիտեանին Հայաստան են ուղարկել Փաշինեանի իշխանութեան համար «Օվերտոնի պատուհանը բացելու» նպատակով

Ժիրայր Լիպարիտեանն առանցքային դեր է խաղացել Լևոն Տէր-Պետրոսեանի նախագահութեան օրոք։ Տէր-Պետրոսեանի թիմում նա ներկայացնում էր քաղաքական գործիչների, այսպէս կոչուած, «արևմտամետ թեւը», որի նպատակն էր ամէն գնով հաստատել հայ-թուրքական յարաբերութիւնները և այս գործընթացի արդիւնքում Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցութեան գօտուց: Սակայն Ղարաբաղեան Առաջին պատերազմում հայկական ուժերի յաղթանակը եւ այն ժամանակ Հայաստանի առջեւ ծառացած անվտանգութեան մարտահրաւէրները օբյեկտիւօրէն թոյլ չտուեցին որ «Լիպարիտեանի գիծը» յաղթի։

Այդ իսկ պատճառով 1997 թուականին Հայաստանի և Ռուսաստանի միջև մեծ պայմանագրի (Բարեկամութեան, համագործակցութեան և փոխադարձ օգնութեան մասին պայմանագիրը) ստորագրումից յետոյ Լիպարիտանը հրաժարական տուեց։ Այդ ժամանակուանից Լիպարիտեանը որպէս «քաղաքական գործօն» Հայաստանում այլևս գոյութիւն չունէր, սակայն պէտք է նշել, որ պատերազմի աւարտից յետոյ՝ 1994 թուականին, Լիպարիտեանը զգալիօրէն խանգարեց Հայաստանին «կապիտալացնել» ղարաբաղեան պատերազմում յաղթանակը դիւանագիտական դաշտում։

Աւելին, 1994-ի յաղթանակից յետոյ, քաղաքագիտական տեսանկիւնից տեղի ունեցաւ շատ անտրամաբանական շրջադարձ՝ 1994-ին յաղթած Հայաստանը խայտառակ պարտութիւն կրեց 1996-ին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Սա ցոյց է տալիս, թէ որքան ամօթալի ու արհեստական արգելքներ կային Հայաստանի այն ժամանակվա իշխանական համակարգում։

Իսկ 2007 թուականից յետոյ, երբ ընդունուեցին Մադրիդեան սկզբունքները և դրան յաջորդած բանակցութիւնների գործընթացը տեղի էր ունենում «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի շրջանակներում, «լիպարիտեանիզմը»՝ որպէս հայաստանեան քաղաքական դաշտի երևոյթ վերջնականապէս տապալուեց։

Այս երևոյթը «վերակենդանացաւ» 2020 թուականի դաժան պարտութիւնից յետոյ, երբ Հայաստանը ծանր պարտութիւն կրեց Ղարաբաղեան Երկրորդ պատերազմում, և Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին մարտի դաշտում տարած իրենց յաղթանակը դիւանագիտական ասպարէզում կապիտալիզացնել։

Թէ որն է լինելու Հայաստանի պարտութեան «ճանապարհային քարտէզը», դեռևս պարզ չէ, բայց հէնց այստեղ էր, որ Բաքուի և Անկարայի համար հնարաւորութիւն ստեղծուեց ծանր զիջումների նախօրէին բացել «Օվերտոնի ոչ թէ պատուհաններ այլ անգամ դռները» Հայաստանի համար։ Եւ շատ կարևոր է, որ այս «Օվերտոնի դռները» բացէր Հայաստանի ներսից մէկը, ոչ թէ դրսից։ Մի բան է, երբ Չաւուշօղլուն կամ Ալիևը յայտարարում են իրենց մտադրութիւնների և ցանկութիւնների մասին, և բոլորովին այլ բան, երբ նրանց հաղորդագրութիւնները զուգորդւում են Հայաստանի ներսում հայկական անուն-ազգանուն կրող մարդկանց կողմից արտասանուող մտքերի հետ։ Եւ միանգամայն տրամաբանական է, որ հէնց այս պահին Հայաստան պէտք է գործուղուէր Ժիրայր Լիպարիտանը, ում առաքելութիւնն է բարձրաձայնել ու ցոյց տալ, թէ ինչ զիջումների պէտք է գնայ Հայաստանը։

Կարող էք նաեւ ուշադրութիւն դարձնել Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնչեցրած թեզերին (որոնք նա հնչեցրել է Երեւանում 2018 թուականի վերջին), որոնք նման են այն թեզերին, որոնք այսօր առաջ է քաշում Ժիրայր Լիպարիտեանը, և պարզ կը դառնայ, թէ թուրքական և ամերիկեան մի շարք շրջանակներ Հայաստանին և նրա ժողովրդին ինչ ճակատագիր են պատրաստում:

Աւելին, Լիպարիտեանին այլ դեր նւյնպէս վերապահուած է, իր նոր «թեզերով» նա պէտք է «լուսաւորի» Փաշինեանի թիմին, որը գաղափարական տեսակէտից շփոթութեան մէջ են: Ֆենոմենալ է, որ Ցեղասպանութիւնով անցած ժողովուրդը արգանդից ծնուել է այնպիսի կերպար, ինչպիսին Լիպարիտեան Ժիրայրն է։

Ֆենոմենալ է նաև, որ նման կերպարը լուրջ գործօն էր նոյնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը յաղթեց Ղարաբաղեան պատերազմում։ Սա ցոյց է տալիս, թե որքանով է հայի օրգանիզմը որպէս ժողովուրդ և հասարակութիւն «հիւանդ», քանի որ Հայաստանում միշտ էլ լայնօրէն ներկայացուած են եղել ծայրայեղ գաղափարներ՝ «Ծովից ծով Հայաստանից» և ընդհուպ մինչև Հայաստանի ամբողջական կործանման գաղափարը։

Առաջին հայեացքից թւում է, թէ այս երկու գաղափարները հակասում են միմեանց, սակայն իրականում դրանք «հայ օրգանիզմի» հիւանդութեան տարբեր դրսեւորումներ են։ Այս երկու տեսակէտներն էլ վտանգաւոր են հայ ժողովրդի համար նրա անվտանգութեան ապահովման տեսանկիւնից։ Բայց եթէ 30 տարի պետականութիւն ունեցող ժողովուրդը չի կարողանում ձերբազատուել այդ «հիւանդ տարրերից», ապա դա կարող է նշանակել միայն մէկ բան, որ հայ ժողովուրդը որպէս «պետութիւններ ձեւաւորող ազգ» դեռ չի կայացել: Եւ դրա գլխաւոր պատասխանատուն հայ ժողովուրդի քաղաքական էլիտան է, որը վերջին 30 տարիների ընթացքում չի կարողացել «հայ էթնիկ խմբաւորումից» լուրջ պետականաստեղծ ազգ ձևաւորել։

Այդ իսկ պատճառով «փողոցային գործիչները» կարողացան հեշտութեամբ գրաւել կառավարման ղեկը և երկիրը հասցնել գրեթէ կործանման եզրին։

Սա՛ է իրականութիւնը:

 

            Արտակ Յակոբեան

            Նիւթի աղբիւրը՝ zham.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.