Լինելիութեան Փորձութիւնը
«Դրօշակ»-ի Առաջնորդող
Սոյն թուականի յունիսի 13-ին հայկական լրատուամիջոցներով տարածուեց ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզեփ Պորելի յայտարարութիւնը, որը նա արել էր Եւրոպական խորհրդարանում «Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ յարաբերութիւնները եւ Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Ժոզեփ Պորելը մասնաւորապէս ասել է. «Նիկոլ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպէս Ազրպէյճանի բաղկացուցիչ մաս»: Այնուհետեւ եւրոպական գլխաւոր քաղաքական կառոյցի ղեկավարը աւելացնում է. «Յոյս ունենք, որ հայկական կողմի պատգամը կը խթանի դրական հուն մղելու բանակցային գործընթացը»: Վերջին միտքը, ըստ էութեան, նշանակում է, որ որեւէ խոչընդոտ չկայ երեք ու կէս տասնամեակ ձգձգուած հակամարտութեան հանգուցալուծումը Ազրպէյճանի օգտին պաշտօնապէս ամրագրելու համար: Ոչ պաշտօնական շփումների ժամանակ, երբ արցախեան հակամարտութեան որեւէ միջնորդի ասւում է, թէ տասնամեակների բանակցութիւնների ընթացքում ըմբռնում էր ձեւաւորուել Արցախի ինքնորոշման խնդրի շուրջ, ինչո՞ւ է այժմ արցախահայութեան այդ իրաւունքը մերժւում, խօսակիցները պատասխանում են, որ իրենք ընդամէնը միջնորդներ են եւ ոչինչ չեն կարող անել, եթէ Հայաստանն է պաշտօնական մակարդակով հրաժարուել այդ պահանջից: Ի դէպ, նոյն ոչ պաշտօնական խօսակցութիւնների ժամանակ միջնորդ դիւանագէտներն ու քաղաքական գործիչները աւելացնում են, որ իրենց զարմացնում է, թէ հայկական կողմը որքա՛ն հեշտութեամբ է զիջումներ անում Ազրպէյճանի աճող պահանջներին:
Ի հարկէ այսօր արդէն Հայաստանի իշխանութիւնները հրապարակայնօրէն են յայտարարում, որ Արցախը ճանաչում են Ազրպէյճանի կազմում` առանց որեւէ կարգավիճակի յաւակնութեան, սակայն անկախ Արցախը յանձնողն այդ աններելի յանցանքի բեռից ձերբազատուելու համար շարունակում է ճգնել ապացուցելու, որ իրենից առաջ Արցախն արդէն թղթի վրայ յանձնուած էր: Այդպիսի մի փորձ էլ Հայաստանի վարչապետն արեց յունիսի 20-ին` Ազգային ժողովի «2020 թուականի սեպտեմբերի 27-ին սանձազերծուած ռազմական գործողութիւնների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ յանձնաժողովի» առջեւ 3 ժամից աւելի ընթերցելով հանգամանօրէն պատրաստուած մի գրութիւն Արցախի հարցով տեղի ունեցած բանակցութիւնների ողջ գործընթացի վերաբերեալ: Տուեալ յանձնաժողովի իրաւասութիւնների հետ կապ չունեցող յիշեալ ելոյթը միտուած էր ապացուցելու, որ Արցախը յանձնել են իրենից առաջ` հարցի վերաբերեալ կայացուած բանաձեւերով ու յայտարարութիւններով:
Չարժի, ի հարկէ, անդրադառնալ մի գրութեան, որը լի է հակասութիւններով, կամայական մեկնաբանութիւններով ու եզրակացութիւններով: Միայն Փաշինեանի պէս անպատասխանատու խօսքի ձեռնածուն կարող է, օրինակ, երկրի նախկին առաջին դէմքի մասին ասել, թէ նա սպաննել տուեց ԱԺ նախագահին եւ վարչապետին, որովհետեւ նրանք դէմ էին Արցախն ու Լաչինը Մեղրիի հետ փոխանակելուն, յետոյ ասել թէ, բայց դրանից յետոյ այդ ծրագիրը մի կողմ դրուեց եւ ասպարէզ բերուեց Մեղրիի վրայով արտատարածքային ճանապարհ ստեղծելու առաջարկը եւ այլն: Շատերը ճիշդ եզրակացութեան յանգեցին այս ելոյթից` այն գնահատելով որպէս Փաշինեանի արդարացման, Արցախը Ազրպէյճանին յանձնելու յանցանքը ուրիշների ուսերին բարդելու հերթական փորձ:
Փաշինեանը հասկանում է, որ նման յանցանքները երբեք չեն ներւում եւ չեն մոռացւում, հետեւաբար ժամանակ առ ժամանակ «նոր փաստարկներով» փորձում է հիմնաւորել իր անմեղութիւնն ու այլոց մեղաւորութիւնը: Եթէ ճիգ գործադրենք հաւատալու Փաշինեանին, ապա մնում է կասկածել` 2020 թուականին պատերազմ եղե՞լ է, թէ՞ ոչ: Եթէ արդէն ամէն ինչ կանխաւ յանձնուած էր, ինչի՞ համար էր պատերազմը: Երբ պատերազմի առաջին օրերից ակնառու էր հայկական կողմի բարդ կացութիւնը, ինչո՞ւ էր Նիկոլն իր ձեռքում կենտրոնացրել ողջ տեղեկատուութիւնը եւ իր խամաճիկի միջոցով մինչեւ վերջին օրը խաբում ժողովրդին` ներկայացնելով, թէ յաղթելու ենք: Ինչո՞ւ ի սկզբանէ ժողովրդին չէր ասւում ճշմարտութիւնը, ինչո՞ւ զօրահաւաքը կասեցուեց: Ինչո՞ւ երկրի համար ճակատագրական ժամին պատերազմի փորձառութիւն ունեցող զինուորական ու քաղաքական գործիչների ուժերը չմէկտեղուեցին` պաշտպանութիւն կազմակերպելու: Երկրի կարող ուժերից ռազմաքաղաքական մարմին ձեւաւորելու առաջարկները ոչ միայն անտեսուեցին, այլեւ ամէն ինչ արուեց, որ նրանք բոլորը հեռու լինեն որոշումների կայացումից: Ինչո՞ւ էին մերժւում արտաքին օժանդակութիւնները, եւ ինչո՞ւ պատերազմական այդ պահի համար կենսական կարեւորութեան հակաօդային պաշտպանութեան համակարգեր եւ այլ զինատեսակներ ձեռք բերելու փոխարէն` իշխանութիւնը լափեց սփիւռքի հաւաքած 170 միլիոն տոլար գումարը: Կարելի է հարցնել նաեւ, թէ ինչո՞ւ է իշխանութեան հասնելու պահից Նիկոլ Փաշինեանը հալածանքներ սկսել եւ շինծու մեղադրանքներով մեկուսացնում է վաստակի ու փորձառութեան տէր բարձրաստիճան զինուորականներին:
«Ինչուների» այս շարքը կարող է շատ ընդարձակուել` նոյն համեմատութեամբ ընդգծելով նախապէս Արցախը փաստաթղթերով յանձնած լինելու անհեթեթութեան չափը:
Ճիշդ է նաեւ այն տեսակէտը, որ Փաշինեանի այս վերջին խօսքային ձեռնածութեան ետեւում նպատակ կայ հող նախապատրաստելու արդէն Հայաստանի Հանրապետութիւնից անքլաւներ, միջանցք եւ այլ տարածքներ յանձնելու վերաբերեալ: Նշուած ելոյթից «պարզւում է», որ դրանց վերաբերեալ նոյնպէս նախկինները զիջումների էին համաձայնուել` ըստ փաստաթղթերի: Հետեւելով Փաշինեանի գործունէութեանը` պէտք չէ զարմանալ, որ գրպանում կարող է ունենալ նաեւ Երեւանը յանձնելու մասին նախկինների ստորագրած պայմանագիր:
Փաշինեանի ներկայիս վարքը շատ կապուած է, եթէ չասենք, պայմանաւորուած է տարածաշրջանային եւ նոյնիսկ աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Կարելի է արձանագրել, որ Փաշինեանն արդէն կատարել է Ազրպէյճանի ու Թուրքիայի կողմից իր առջեւ դրուած նախնական պայմանները եւ, տեսնելով, որ իրենց ձեռքում է յայտնուել նմանը չունեցող մէկը, թշնամի պետութիւնները Հայաստանի անձնատուական ղեկավարին առաջադրում են նորանոր զիջումների պահանջներ: Ազրպէյճանը ամէն օր անդրքուլիսային բանակցութիւններում կամ մշտապէս թէժացուող սահմանագծում «սեղմում» է Նիկոլին` պահանջելով օր առաջ լուծել ե՛ւ անքլաւների ե՛ւ Ազրպէյճանը Նախիջեւանին կապող միջանցքի հարցը: Փաշինեանը գերակատարելով Թուրքիայի ցանկութիւնները` արդէն իսկ ոչ միայն հրաժարւում է Ցեղասպանութեան օրակարգից, այլեւ այդ եզրը փոխարինել է եղեռն բառով, նա քննարկում է Արարատի խորհրդանիշից հրաժարուելու, փոխարէնը` Արագածը երկրպագելու, Հայաստանի պատմական էութիւնը խորհրդանշող զինանշանը փոխելու հարցերը, գտնում է, որ օրհներգից պէտք է դուրս բերել վերջին քառատողը, որտեղ փառաբանւում է իր ազգի ազատութեան համար նահատակուողը: Նիկոլի մանկլաւիկները խեղաթիւրում են Կոմիտասի արժէքը, այնպիսի չափորոշիչներ են սահմանել հայագիտական դասընթացների համար, որոնց հաստատման դէպքում պատմութիւնն ու մշակոյթը կը դադարեն մնալ ազգի ինքնութեան գիտակցութիւնը եւ ողնաշարը: Հազարամեակների ազգը կը վերածուի զանգուածի, որից համաշխարհայնացման ճիրաններում կարելի է «թխել» հոգեպէս այլասերուած, անհայրենիք ու առանց ինքնութեան, զոմպիացած եւ հնազանդ զանգուած:
Կարելի՞ էր պատկերացնել, որ Թուրքիան երբեւիցէ, Հայաստանի իշխանութիւնների վրայ մատ թափ տալով, կը պահանջի քանդել հայ հերոսների յուշարձանը: Չկասկածէք, որ ապազգային ուժի իշխանութեան երկարաձգման դէպքում մօտ ապագայում հերթը հասնելու է Ծիծեռնակաբերդին, Սարդարապատի յուշահամալիրին, մշակութային արժէքներին, իսկ յետոյ էլ պահանջ է դրուելու ձերբակալելու եւ Ազրպէյճանին յանձնելու Արցախի համար պայքարած հերոսներին:
Աշխարհաքաղաքական մրցակցութեան յորձանուտում, քանի դեռ ռուսները խրուած են Ուքրանիայի դէմ պատերազմում, թուրք – ազրպէյճանական զոյգի, ինչպէս եւ Արեւմուտքի կողմից խստացւում է պահանջը` վերջնականօրէն փակելու Արցախի հաշիւները, ռուսական ռազմուժին դուրս մղելու Անդրկովկասից: Ռուսաստանը փորձում է գործնական ու կոշտ քայլերի դիմելով` ակամայից չնպաստել Անդրկովկասում գործընթացների արագացմանը` տարածաշրջանային մրցակցութեան հարցում որոշակիօրէն ինքնավստահ լինելով` պայմանաւորուած Հայաստանի նկատմամբ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ բազմաթիւ այլ լծակներ ունենալու հանգամանքով: Ձգտելով ձերբազատուել ռուսական գոնէ ռազմաքաղաքական կախումից` Հայաստանի իշխանութիւնը տրամաբանօրէն դառնում է թուրք-ազրպէյճանցիների դաշնակիցը` Արցախի ու Հայաստանի շահերի դէմ: Չի բացառւում, որ որոշ հարցերում նրանք նաեւ համադրում են իրենց գործողութիւնները: Օրինակ` յստակօրէն ճանաչելով 86,6 հազար քառակուսի քիլոմեթրի վրայ Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը` Նիկոլը հնարաւորութիւն ստեղծեց ամբողջովին շրջափակելու Արցախը, այն տրամաբանութեամբ, որ եթէ Արցախն Ազրպէյճանի տարածքն է, ապա չկայ Հայաստանի հետ կապի հարց, հետեւաբար Ազրպէյճանն իրաւունք ունի փակելու իր սահմանը: Այնպէս որ, Արցախը ցեղասպանական աքցանի մէջ առնելու համար Ալիեւի չափ մեղաւոր է նաեւ Փաշինեանը: Եթէ կարելի է հաւատալ, որ ազրպէյճանցիք կարող են մարդասիրական վերաբերմունք դրսեւորել, թողնել, որ իր հողի վրայ անվտանգ ապրի արցախցին, այդ դէպքում միայն կարելի է մտածել, որ Փաշինեանն Ալիեւի յանցակիցը չէ:
Այսօր հայ ժողովրդի համար ծանրագոյն ժամանակ է, որովհետեւ ժամանակը ծանրագոյն է Արցախի համար: Արցախի փրկութիւնը անհրաժեշտ է մեզ նաեւ նրա համար, որպէսզի հնարաւորութիւն ստեղծուի Հայաստանի ճանապարհը փակելու եւ մեր տարածքից դուրս մղելու ազրպէյճանցիներին: Հայ ժողովուրդը գտնւում է ոտքի կանգնելու հրամայականի առջեւ: Անհրաժեշտ է սկսել քաղաքական նոր պայքար, ինչը կը հիմնաւորուի ազգային փրկութեան գաղափարախօսութեամբ: Գործող իշխանութիւնները, մերժուած լինելով հայ ժողովրդի բոլոր խաւերի կողմից եւ արագօրէն կորցնելով ընկերային յենարան ծառայած խաւերի վերջին հատուածներին, փորձում են իրենց օրինականութեան պատրանքը ստեղծել` անընդհատ մանր ու մեծ հարցադրումներ նետելով հրապարակ եւ փորձելով դրանց շուրջ բանավէճի մթնոլորտ ստեղծել: Այսօր նրանք երկրի կենտրոնական եւ տեղական ողջ իշխանութիւնը կուսակցականացրել են, որպէսզի գալիք յաջորդական ընտրութիւններում ապահովեն իրենց վերարտադրութիւնը, իսկ ներքաղաքական իրավիճակը բռունցքի մէջ պահելու հարցում հովանաւորութիւն կը գտնեն արտաքին ուժերի կողմից:
Այս իշխանութեանը պէտք է դիտել որպէս արտաքին ազդեցութիւնների խամաճիկ, իսկ Հայաստան-Արցախի փրկութիւնը տեսնել ինքնիշխանութեան վերականգնման մէջ: Պայքարը այլընտրանք չունի, այո՛, դեռեւս կարելի է փրկել Արցախը ու նրա հետ Հայաստանի ինքնիշխանութիւնը: Իւրաքանչիւր նոր օրը մեզ կարող է մօտեցնել կամ հեռացնել մեր լինելիութեան հեռանկարից: Համազգային միասնականութեան կայացմանը խոչընդոտող էժան յաւակնութիւնները, նեղ հաշիւներն ու հաշուարկները դրանց կրողներին ակամայից կանգնեցնում են հայրենիքը կործանողների եւ նրանց կոյր հետեւորդների կողքին:
Comments are closed.