Իրականութիւնը Որպէս Մեղադրանք

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Սոյն թուականի մարտի 4-ին, միւնիխեան համաժողովի շրջանակում գտնուելով Գերմանիայում, Նիկոլ Փաշինեանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումից 10 օր անց Փաշինեանը մամլոյ ասուլիս տուեց հայաստանեան լրատուամիջոցների ներկայացուցիչների համար: Չնայած հանդիպումների նպատակների եւ մասնակիցների կազմերի տարբերութեանը` այս երկու միջոցառումները նման էին իրար նախ եւ առաջ նրանով, որ կարճ ներկայացնելով տարբեր բնագաւառներում իր գլխաւորած իշխանութեան ձեռքբերումները` Փաշինեանն առաջարկեց մասնակիցներին հարցեր ուղղել իր ներկայացրած եւ ոչ միայն այդ թեմաներով: Երկու իրադարձութիւնների յաջորդ նմանութիւնն այն էր, որ դրանք հարց ու պատասխանի փոխարէն` աւելի շուտ վերածուեցին հարցաքննութիւնների, իսկ աւելի ճիշդ, մեղադրանքների` ուղղուած անձամբ Հայաստանի ղեկավարի եւ նրա ղեկավարած իշխանութեան դէմ: Կարելի է արձանագրել, որ կարճ ժամանակ անց թէ՛ ներկաների եւ թէ՛ ակնդիրների առջեւ աղճատւում ու յօդս էր ցնդում այն հեքիաթը, որ հանդիպումների սկզբում Փաշինեանը պատմում էր Հայաստանի տնտեսական առաջընթացի, ժողովրդավարութեան, փտածութեան դէմ պայքարի, դատական համակարգի բարեփոխումների եւ այլ ուղղութիւններով ձեռք բերուած «աննախադէպ նուաճումների» վերաբերեալ: Իսկ որ ողբերգական լինելու չափ մտահոգիչ էր, ակնյայտ դարձան երկրի ղեկավարի մակարդակին անհամապատասխան պարզունակ ու վտանգաւոր դիրքորոշումները, փաստարկների սնանկութիւնը ինչպէս ներքին կեանքի, այնպէս էլ ազգային կենսական հիմնախնդիրների վերաբերեալ: Ժամանակին, երբ Փաշինեանը հաշուետուութեան խնդիր չունէր եւ միայն քննադատողի դերում էր, նա կարողանում էր փոքր ճշմարտութիւնը խառնելով մեծ ստին` տրամաբանական շղթայ կառուցել եւ մոլորեցնել շատերին իր յեղափոխական ամբոխավարութեամբ:

Այժմ, երբ նա ստիպուած է հաշուետու լինել իր ու իր խմբակի գործունէութեան համար, նրա հռետորաբանութիւնը խամրել է, դարձել հակասական ու անհաւաստի: Թէեւ նա հաւատում է, որ եթէ անմիջականօրէն դիմի մարդկանց դեռ որոշակի զանգուածի, կը կարողանայ մոլորեցնել:

Ի հարկէ, ամէն պատեհ ու անպատեհ առիթով նա շարունակում է բոլոր մեղքերի մէջ մեղադրել նախկիններին, բայց հինգ տարուայ կառավարման պատկերն ակնառու է, եւ տրուող հարցերը պատասխաններ են պահանջում որոշակի իրողութիւնների վերաբերեալ: Վերոնշեալ երկու հանդիպումների ընթացքում, որոնք ընդհանուր հաշուով տեւեցին աւելի քան հինգուկէս ժամ, կարելի է ասել, որ ներկայացուող հարցադրում- մեղադրանքներից որեւէ մէկը չարժանացաւ յստակ ու բաւարարող պատասխանի, այլ հակառակը, տարակուսանք ու ծիծաղ էին յարուցում` ստիպելով հարց տուողներին ի վերջոյ լռելու սոսկ դիմացինի երկարաբանութիւններին եւ կարգավիճակին զիջելով:

Ահա մի քանիսն այդ հարցադրում-մեղադրանքներից, որոնց հետեւեցին լղոզուած, բուն հարցերից շեղուող, լաւագոյն դէպքում` արտառոց պատասխաններ:

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մէկն ասում է, որ բարեգործական նպատակներով Հայաստան բերուած բեռն ութ ամիս չեն կարողացել մաքսատնից դուրս բերել, իսկ մէկ ուրիշը ներկայացնում է, որ օտարերկրեայ ներդրումներ ապահովելու նպատակով փորձել է իր անունով հաշուեհամար բացել հայաստանեան դրամատներում եւ վեց ամսուայ ջանքերն ապարդիւն են անցել:

Յատկանշական է, որ հնչող բազմաթիւ հարցադրում- մեղադրանքները երկրի ղեկավարի մօտ զարմանք կամ վրդովմունք չեն առաջացնում, ընդհակառակը, նա փորձում է անհեթեթ պատասխաններով արդարացնել տեղի ունեցողը, ինչը նշանակում է, որ շատ լաւ տեղեակ է այդ ամէնի մասին, եթէ չենթադրենք, որ այս իրավիճակը հէնց իր թելադրանքով է ստեղծուել:

Փաշինեանը Գերմանիայում դժգոհում է, թէ Հայաստանում հիմնական խնդիր է որակեալ մարդուժի բացակայութիւնը, սակայն, երբ Երեւանում ասում են, որ դատական համակարգի բարձր պաշտօններն ամբողջովին համալրուած են իր նախկին խմբակիցներով, նա անվրդով պատասխանում է. «Բա ովքե՞ր լինեն»: Եթէ հարցն ընդարձակուէր, կարելի էր աւելացնել ի հարկէ, որ ողջ պետական համակարգը, մինչեւ տեղական իշխանութեան աւագանիներ, իշխանութիւնն այսօր լցնում է իր մարդկանցով կամ աշխատանքից ազատելու պարտադրանքով մարդկանց ստիպում են անդամագրուել Փաշինեանի կուսակցութեանը:

Ակնյայտ է, որ երկրի ղեկավարութիւնը ստանձնած անձն այլեւս մոռացել է կամ վատ չի զգում իր նախկին ու ներկայ դիրքորոշումների 180 աստիճանի փոփոխութիւնից, իսկ աւելի մեծ հաշուով` ամբողջովին հակասութեան մէջ մտնելուց «յեղափոխական ու ճշմարտութեան մունետիկ» նախկին Փաշինեանի հետ:

Փաշինեանն առանց քաշուելու եւ իրեն յատուկ ճարպկութեամբ ասուլիսի ժամանակ հրապարակայնօրէն արդարացնում է այն փաստը, որ փտածութեան մէջ մեղադրուած եւ մեղադրանքի հիման վրայ 5,8 միլիոն դրամ գումար պետական գանձարանում վերականգնած անձը նշանակուել է նորաստեղծ հակափտածութեան դատարանի ղեկավար:

Փաշինեանը շարունակում է արդարացնել իր խմբակիցների արագ հարստացման եւ թանկարժէք առանձնատների, բնակարանների, մեքենաների եւ այլ ձեռքբերումների վերաբերեալ ներկայացուող փաստերը: Երբ, օրինակ, Երեւանում լրագրողն ասում է, որ պաշտպանութեան նախարարն շքեղ  շէնքում բնակարան է ձեռք բերել, որի արժէքը նախապէս եղել է չորս հարիւր հազար տոլար, Փաշինեանը ասուածը հերքելու աւելի լաւ բան չի գտնում, քան` խորհուրդ տալը, որ եթէ կարելի է Հայաստանում չորս հարիւր հազար տոլարով բնակարան վաճառել, ապա դու գնիր երեք հարիւր հազարով բնակարան եւ հարիւր հազար աւելիով վաճառիր: Եւ ասած յիմարութիւնն այնքան է Փաշինեանին դուր գալիս, որ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ կրկնում է նոյն անհեթեթութիւնը:

Իսկ որտե՞ղ է թաքնուած իրականութիւնը: Փաշինեանը գիտի, որ փոքր Հայաստանում, որտեղ բոլորն ամէն ինչի մասին իմանում են, անհնար է թաքցնել «արդարութեան յեղափոխութեամբ» իշխանութեան հասած իր խմբակիցների արագ եւ աչքի զարնող հարստացման, նրանց նախկին ու ներկայ կեանքի ու կենցաղի միջեւ եղած յեղափոխական փոփոխութիւնների պատկերը:

Սրանից աւելի կարեւոր ու խորքային այլ երեւոյթ եւս գոյութիւն ունի: Փաշինեանի «թաւշեայ յեղափոխութիւնը» իրականացուել է ազգային արմատներից կտրուած, բարոյական եւ այլ սկզբունքներից զուրկ, արեւմտաթուրքական ազդեցութիւնների ենթակայ երիտասարդ մի շերտի կողմից: Նիկոլ Փաշինեանը, որի գլխաւորած «յեղափոխութիւնը» իր էութեամբ ու բովանդակութեամբ տարբեր չէ այն կրողներից ու իրականացնողներից, չունի իր հետեւորդների երկարատեւ հաւատարմութիւնն ապահովելու այլ արժէք եւ միջոց, քան` շահը: Վերջին տարիների անկասելի գնաճի, հասարակութեան աւելի աղքատացման եւ աղքատների շերտի ընդլայնման պայմաններում «ժողովրդասէր իշխանութեան» նեղ շերտն անընդհատ մեծացնում է սեփական եկամուտները պետական պիւտճէից ստացուող աշխատավարձերի բարձրացման, անտրամաբանական պարգեւավճարների հաշուին: Սրան զուգահեռ, հասարակութեան մէջ տարածւում են խօսակցութիւնները, թէ պետական պաշտօնեաներն ինչպէ՛ս են վարժւում օգտուել պաշտօնի ընձեռած հնարաւորութիւններից: Նիկոլ Փաշինեանը, ուզի կամ չուզի, պէտք է մի դէպքում խրախուսի, մէկ այլ դէպքում հանդուրժի այս ամէնը, որովհետեւ իր անգաղափար ու անսկզբունք «յեղափոխական» խմբակն ամբողջական եւ միաձոյլ պահելու այլ միջոց չկայ, քան` նիւթական շահագրգռութիւնը: Ահա եւ հրապարակայնօրէն հակադրուելով իր իսկ հռչակած գաղափարներին եւ նպատակներին` Փաշինեանը պաշտպանում է խմբակիցների անտրամաբանական ճոխութիւնները, բարգաւաճող պիզնըսը եւ պետական համակարգին շօշափուկներով փաթաթուող փտածութեան ծաղկումը:

Երկրի ղեկավարը յայտարարում է. «Հայաստանի զարգացման ռազմավարութիւնը ժողովրդավարութիւնն է»: Մի կողմ թողնենք, թէ որտեղից է փչում այս փիլիսոփայութիւնը եւ մեր աչքի առջեւ քանի երկիր է խորտակուել ժողովրդավարութեան անուան տակ իրականացուած ամբոխավարական յեղաշրջումների պատճառով: Երեւանեան ասուլիսում լրագրողը վկայաբերում է «Ֆրիտըմ Հաուզ» կազմակերպութեան գնահատականը, ըստ որի, Հայաստանի իշխանութիւններն իրականացնում են գաղտնալսումներ, եւ որ` դատական համակարգը լրացւում է իշխող ուժի անդամներով:

Փաշինեանի հրահանգով մի շարք արտերկրեայ գործիչների, հիմնականում սփիւռքահայերի համար արգելուած է Հայաստան մուտքի իրաւունքը: Այդ մարդկանց մեղքն այն է, որ իրենց ապրած երկրներում պայքարում են Հայաստանի ու Արցախի շահերի համար, ինչպէս եւ մասնակցել են Հայաստանում ծաւալուած վարչապետի հրաժարականի պահանջին: Փաշինեանն ասում է, որ եթէ համակարգային փտածութիւն լինէր Հայաստանում, ինքը դրանում բաժին կ՛ունենար: Այստեղ կարելի է համաձայնել նրա հետ, որովհետեւ ողջ իշխանութիւնը կենտրոնացած է ձեռքում եւ առանց իր գիտութեան, եթէ չասենք` թելադրանքի, ոչինչ չի կատարւում, իսկ, միւս կողմից, Փաշինեանի հարստացման եւ տարբեր պիզնըսների մաս կազմելու մասին խօսակցութիւններն աւելի ու աւելի են տարածւում ժողովրդի մէջ:

Փաշինեանն ասում է, թէ Հայաստանում որեւէ մէկի դէմ գործ սարքել հնարաւոր չէ, այնինչ ընդդիմութեան դէմ իր իշխանութեան հիմնական զէնքը «գործեր սարքելն» է, որոնց շինծու լինելու մասին ամէն օր յայտարարում են փաստաբանները: Բազմաթիւ քրէական գործեր յօդս են ցնդում դատարաններում, իսկ անցնող հինգ տարիներին աղմուկ հանած շատ յանցագործութիւնների մասին խօսակցութիւնները մարեցին դրանցում մեղադրուող անձանց որոշ ժամանակ բանտային մեկուսացման մէջ պահելուց յետոյ: Սրան հակառակ, բոլոր նրանք, որոնք ընդդիմադիր դիրքորոշում չեն ունեցել կամ դադարեցրել են այդպիսի գործունէութիւնը, ստացել են ազատօրէն գործելու իրաւունք:

Փաշինեանը, ում կենսագրութեան խայտառակ էջերից մէկն էլ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա առաջնորդի դէմ ոտնձգութիւնների կազմակերպումն էր, երեւանեան հարցազրոյցի ընթացքում անթաքոյց դրսեւորում է իր քամահրական վերաբերմունքը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու եւ հոգեւորականութեան նկատմամբ, եւ, ըստ էութեան, մերժում է վերջինիս հոգեւոր իշխանութիւն լինելու հանգամանքը` յայտարարելով, որ Հայաստանում կայ մէկ իշխանութիւն:

Այս յօդուածը գրելիս նպատակ կար, ներքին խնդիրներին թռուցիկ անդրադառնալով, կենտրոնանալ Արցախ-Հայաստանի ինքնիշխանութեան պահպանման, անվտանգային խնդիրների եւ այդ հարցերում իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան վրայ: Բայց անհնար է չյիշել հիմնահարցերը, որոնք ուռճացած են եւ համընդգրկուն: Միւս կողմի`  արտաքին քաղաքականութիւնն ուղղակիօրէն պայմանաւորուած է ներքին քաղաքականութեամբ, քանի որ ներսից հիւանդը չի կարող դրսից առողջ եւ ուժեղ լինել: Նժդեհն ասում է, որ անբարոյական մարդը չի կարող հայրենասէր լինել եւ, հետեւաբար, մեր շահերը թէ որքանո՛վ պաշտպանուած կը լինեն, անմիջականօրէն կապ ունի այն բանի հետ, թէ ո՛վ է դրանք ներկայացնողը:

Վերը յիշատակուած գերմանահայութեան հետ հանդիպումն ու երեւանեան մամլոյ ասուլիսը բաւական ժամանակ է, որ տեղի են ունեցել, սակայն այնտեղ արծարծուած հարցերը այսօրէական հնչեղութիւն ունեն: Մասնաւորապէս դա վերաբերում է ազգային-պետական խնդիրներին, որոնց մասին ներկայացուած տեսակէտներն արտայայտում են Հայաստանի իշխանութիւնների ի սկզբանէ որդեգրած եւ հետեւողականօրէն իրականացուող քաղաքականութիւնը: Այդ հարցերին, սակայն, կ՛անդրադառնանք յաջորդ անգամ:

«Դրօշակ» թիւ 3, 2023թ.

Comments are closed.