Իշխան Սաղաթէլեան. «Այլեւս Փաստ Է` Հայաստանի Եւ Թուրքիոյ Իշխանութիւններուն Միջեւ Կայ Գաղտնի Պայմանաւորուածութիւն»

Դեկտեմբեր 14ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Իշխան Սաղաթէլեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Չարիքի իշխանութիւնը գնում է նոր արկածախնդրութեան` ի հաշիւ Հայաստանի եւ Արցախի կենսական շահերի եւ սերունդների իրաւունքների:

Տեւական ժամանակ յայտարարում էինք, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնները համատեղ իրականացնում են քուլիսային բանակցութիւններ, ինչը հերքւում էր Հայաստանի իշխանութիւնների կողմից: Երէկ, նորից օտար աղբիւրից, այս դէպքում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի յայտարարութիւնից պարզ դարձաւ, որ երկու երկրները պատրաստւում են յարաբերութիւնների կարգաւորման համար յատուկ բանագնացներ նշանակել: Ակնյայտ է, որ բանագնացների նշանակմանը նախորդել են ժողովրդի թիկունքում իրականացուած գաղտնի բանակցութիւններ, որոնք վերաճել են մի մակարդակի, երբ պէտք է նշանակուեն բանագնացներ:

Յայտնի է, որ մինչեւ 2020 թուականի պատերազմը Թուրքիան Հայաստանին ներկայացրել է երեք հիմնական նախապայմաններ` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի հետ առկայ փաստացի սահմանի իրաւական ճանաչում, արցախեան հիմնախնդրից հրաժարում: Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ հայ ժողովրդի դէմ սանձազերծուած յարձակումի եւ պատերազմի ելքից յետոյ Թուրքիան աւելացրեց եւս մէկ նախապայման` այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի տրամադրում» Ազրպէյճանին:

Հայաստանի օրուայ իշխանութիւնները, կառավարութեան տխրահռչակ ծրագրով ըստ էութեան բաւարարել են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարուելու թուրքական նախապայմանը, ինչի դրսեւորումներից մէկն էլ Ցեղասպանութեան զոհերի յիշատակի միջազգային օրուայ կապակցութեամբ Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան ամօթալի յայտարարութիւնն էր: Արցախեան կարգավիճակի մասին պետական դիրքորոշման բացակայութիւնն էլ վկայում է թուրքական եւս մէկ նախապայմանի կատարման մասին:

Յատկանշական է, որ ՀՅԴ Բիւրոն տակաւին մարտի 16-ին, հաշուի առնելով տարբեր պաշտօնեաների յայտարարութիւնները, միջազգային եւ տարածաշրջանային զարգացումները եւ սեփական տեղեկութիւնները` հայրենիքի մի կարեւոր հատուած թշնամուն յանձնած իշխանութիւններին խստօրէն զգուշացրել էր` Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել թուրքական պետութեան 100-ամեայ նպատակների իրագործում:

Սիրելի՛ հայրենակիցներ, այլեւս փաստ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնների միջեւ կայ գաղտնի պայմանաւորուածութիւն: Թուրքիան երբեք պատրաստ չի եղել առանց նախապայմանների հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ:

Չարիքի իշխանութիւնը հերթական անգամ դիմում է նոր արկածախնդրութեան` ի հաշիւ Հայաստանի եւ Արցախի կենսական շահերի եւ սերունդների իրաւունքների:

Երբ ասում էինք` պէտք է կանխենք Հայաստանի թուրքացումը, նաեւ հէնց սա նկատի ունէինք:

Ուշ չէ. համազգային դիմադրութիւնը կարող է վիժեցնել Թուրքիայի եւ նրան սպասարկող ուժերի օրակարգը»:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.