Ինչպէ՞ս 44 օր քաջաբար մարտնչած Հայկը, մէկ շաբաթ մահաքունի մէջ մնալով, կարողացաւ յաղթել մահին

Տաւուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ, Եվրասիա միջազգային համալսարանի իրաւագիտութեան երկրորդ կուրսի ուսանող  Հայկ Հայրապետեանը Արցախյան պատերազմի բովում է եղել 44 օր շարունակ։ Կրտսեր սերժանտը Հայկը մարտական գործողութիւների դադարեցումից մի քանի ժամ առաջ է վիրաւորում ստացել։  Անօդաչու թռչող սարքի հասցրած հարուածից Հայկը վիրաւորում է ստացել գլխի շրջանում։

Հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ-1) հրամանատար Հայկն ասում է՝ պատերազմի օրերին ինքն ու իր մարտական ընկերները շատ դժուարութիւններ են տեսել, բայց  երբեք չեն ընկրկել կամ յուսահատուել։ Պատերազմի օրերին Հայկը  մարտնչել է Մեխակաւանում, Հադրութում, Վարանդայում, վիրաւորում ստացել է  «Մարտունի-2»-ում։ Նա ծառայել է հենց «Մարտունի-2»-ում։

Հայկն ասում է՝ ՀՄՄ-1-ը շատ խոցելի է, բայց աչալուրջ  լինելու դէպքում  հնարաւոր է  խուսափել ԱԹՍ-ների ամենատես աչքից։

Մահին յաղթած քաջ և իր քաջութիւնից կրկնապատիկ աւելի համեստ  զինուորը չի սիրում, երբ իրեն կամ իր մարտերը նկարագրելիս «հերոս» բառն են կիրառում։

«Վիրաւորում ստանալուս պահը չեմ յիշում։ Ընկերներս են ինջ պատմել այդ դրուագները։ Վիրաւորում ստանալուց յետոյ  ընկերներս ինձ քնապարկի մեջ տեղափոխելով՝ իջեցրել են ներքև, այնուհետև «Շտապ օգնութեան» մեքենայով ինձ տեղափոխել են Ստեփանակերտ, յետոյ ուղղաթիռով տեղափոխել են Վարդենիս։ Իսկ երբ աչքերս բացել եմ, արդէն եղել եմ  Երևանում՝ Ուռուցքաբանութեան ազգային  կեդրոնում։ Շնորհակալ եմ բժշկուհուս՝ կեանքս փրկելու համար։  Շնորհակալ եմ նաև «Զինուորի տան» (Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի- հեղ․) անձնակազմին․ նրանք մեզ ոտքի են հանում», — «Հորիզոն»-ի  թղթակցին պատմում է Հայկը։

Հայկը մէկ շաբաթ կոմայի մէջ  է եղել։ Երբ նրան տեղափոխել են Երևան, բժիշկներն ասել են՝ նրա ապրելու հաւանականութիւնը փոքր է, բայց ռազմադաշտում  սխրանքներ գործած Հայկն այս անգամ էլ յաղթել է մահին։ Հայկի՝ ապրելու տենչը յաղթահարել է անյաղթահարելին։

Մահին յաղթելուց յետոյ եկել է վերականգնողական բուժման փուլը։ Հայկն  ասում է՝ սկզբում չէր հաւատում,  որ կը կարողանայ քայլել, բայց հիմա ձեռնափայտի օգնութեամբ   քայլում է։

Հայկը «Զինուորի տանն» է դեկտեմբերի 18-ից։  Նա պատմում է՝  այդ ժամանակ իր աջ ձեռքն  ընդհանրապէս չէր  շարժւում, քայլել չէր կարողանում։

«Այստեղ՝ «Զինուորի տանը», մեզ մեր տանից աւելի լաւ են խնամում», —  ժպտալով ասում է Հայկը։

Հիմա Հայկի  աջ ձեռքը դեռ թոյլ է, բայց, ասում է՝ վստահ է՝ շուտով քայլելու է առանց ձեռնափայտի, իսկ աջ ձեռքով կարողանալու է բոլոր շարժումներն անել։ Հայկն ասում է՝ «Զինուորի տանը» մասնագէտները հրաշքներ են գործում, ուստի հիմա վստահաբար հաւատում է, որ շուտով ամբողջովին կազդուրուելու է։

«Ես սկզբում չէի հաւատում, մտածում էի՝ միշտ սայլակի վրայ եմ մնալու, բայց միևնոյն ժամանակ  ինքս ինձ յոյս էի տալիս, ասում էի՝ հաստատ լաւ է լինելու, և հիմա ես քայլում եմ», — պատմում է Հայկը։

Նա պատերազմի մասին, պատերազմի սարսափելի դրուագների մասին խօսել չի սիրում․ հիմա մտածում է կազդուրուելու, նոր գիտելիքներ ստանալու, դերասան դառնալու նպատակն իրագործելու  և հայրենիքը պաշտպանելու, շէնացնելու մասին։

Հայկը պատմում է՝ «Զինուորի տանն» առօրեան յագեցած է․ առաւօտեան տղաներն արթնանում են, նախաճաշում, այնուհետև անցնում բուժական-վերականգնողական կուրսեր,  յետոյ  իւրաքանչիւրը հնարաւորութիւն ունի  տարուել սիրելի զբաղմունքով՝  նուագել, կարդալ, ընկերների հետ հետաքրքիր խաղեր խաղալ․․․

Հայկը կիթառ ու դաշնամուր է  նուագում, գերմաներէն  սովորում։

Մթնոլորտը «Զինուորի տանը»  միշտ ջերմ է․ տղաներն ընկերացել են, իսկ աշխատակիցները արդէն ընտանիքի անդամների պէս են դարձել՝ հարազատ ու սիրելի։

Մեր զրոյցի վերջում, երբ Հայկին հարց ուղղեցինք իր տեսլականների վերաբերեալ, նրա մտքերն ու երազանքների տենչերը  դարձեալ արծիւի սլացքով ուղղուեցին դէպի հայրենիքն ու հայրենասիրութիւնը։

«Երբեմն լսում եմ, որ ոմանք ասում են՝ մեր տղաները չպէտք է ծառայեն Արցախում, իսկ ինչո՞ւ։ Չի՛ կարելի մեր հողերն առանձնացնել, իրարից զատել․․․ Կ՛ուզենամ, որ մարդիկ ճիշտ  դատեն և ամէն ինչ աւելի լաւ կը լինի։ Ամէն ինչ լաւ է լինելու», —  եզրափակեց Հայկը։

ՅԱՍՄԻԿ ԲԱԼԵՅԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.