Ինչո՞վ է պայմանաւորուած ԵՄ 2.6 մլրդ. եւրօ աջակցութիւնը Հայաստանին

Օրերս յայտնի դարձաւ, որ Եւրոպական միութիւնն առաջիկայ 5 տարիների համար Հայաստանին յատկացուելիք 1,6 միլիարդ եւրօն կ’աւելացնի ևս 1 միլիարդով՝ Հայաստանը դարձնելով ամենալայնածաւալ աջակցութիւնը ստացած ԱլԳ երկիրը:

Այս ներդրումային փաթեթի մասին յայտնեց Երևանում այցով գտնուող Եւրոպական յանձնաժողովի հարևանութեան և ընդլայնման հարցերով յանձնակատար Օլիվըր Վարհէին: Նա նշել էր, որ կողմերը կարող են սկսել յետճգնաժամային ապագային միտուած ծրագրերի իրականացումը:

«Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսութեան վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարութեան հետ համագործակցութեամբ աննախադէպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել էր նա:

Ան նշել է, որ Հայաստանի համար նախատեսուած ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղուելու է 5 ծրագրային ուղղութիւնների՝ ժողովրդավարութեան ամրապնդմանը, տնտեսութեան խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցուածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականութիւն»,- ասել էր Օլիվըր Վարհէին:

Բնականաբար, ԵՄ-ի այս վերաբերմունքը չէր կարող անտեսուած մնալ հասարակութեան և փորձագիտական հանրութեան կողմից, ուստի տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել ԵՄ-ի խոստացած աջակցութիւնը, նպատակը՝ հաշուի առնելով նաև ՀՀ ԵԱՏՄ անդամակցութիւնը և արտաքին քաղաքականութեան շրջանակում ռուսական էլ աւելի ամրապնդուած վեկտորը՝ յատկապէս 44-օրեայ պատերազմից յետոյ:

Ըստ նրա, առաջին հերթին մարտի 1-ից լիարժէք ուժի մէջ է մտել երկար տարիներ բանակցուած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը, որը թելադրում է կողմերին աշխատանքի կոնկրետ շրջանակ, ուստի ԵՄ-ն աւելի թիրախային աջակցութիւն է պատրաստ տրամադրել, այսինքն՝ համաձայնագրի առկայութեան կարևորութիւնը դժուար է թերագնահատել:

Երկրորդ պատճառը, վերլուծաբանի խօսքով, պատերազմն է ու ԵՄ ցանկութիւնը, որպէսզի երկիրը շուտ յաղթահարի հետևանքները, որով նաև ԵՄ-ն քաղաքական որոշակի դերակատարութիւն է փորձում ստանձնել տարածաշրջանում, փորձելով կոտրել տարածաշրջանի յետպատերազմեան աշխարհաքաղաքական իրադրութիւնը:

«ԵՄ-ն ցոյց է տալիս, որ Հայաստանն ու ԵՄ-ն, չնայած եւրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին և նախկին կարծրատիպերին, որ հնարաւոր չէ երկբևեռ համագործակցութիւն, ունեն օրակարգ: ԵՄ-ն հասկացաւ, որ այդ ռազմավարութիւնը, որով երկրներն ընտրութեան առջև էին կանգնում, ապակառուցողական է, որը կտրում է ԵՄ-ին կարևոր տարածաշրջաններից: Վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ն՝ ԱՄՆ-ի հետ զուգահեռ, յստակ ուղերձներ է յղում, որ ունի շահեր տարածաշրջանում:

Դրա ապացոյցը ԵՄ ԱԳ նախարարներից կազմուած պատուիրակութեան այցն էր տարածաշրջանային երկրներ, Վրաստանի հետ համագործակցութիւնն է տարածաշրջանային խնդիրների կարգաւորման կոնտեքստում: Արևմուտքը հասկանում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ին աշխատելու հնարաւորութիւններ չեն տրւում հենց արևմտեան մասնակցութիւնը կարգաւորման գործընթացին թոյլ չտալու համար, ու Արևմուտքն այլ ձևաչափերի փնտռտուքով է զբաղւում, ու աջակցութիւնը սպասելի էր այս ողջ պատկերի մէջ: Իհարկէ, կան շատ քննադատութիւններ նաև ուղղուած ԵՄ-ին, Արևմուտքին՝ պատերազմի ընթացքում պասիւութեամբ պայմանաւորուած, բայց ինչպէս մենք գիտենք ու բազմիցս խօսել ենք, ԵՄ-ն դանդաղ է գործում, ԵՄ-ում որոշումները, բնականաբար, շատ դանդաղ են կայացւում ու երկար, ժամանակ առ ժամանակ տարաձայնութիւններով ուղեկցուող ճանապարհ անցնում: Այսինքն՝ գլխաւորապէս նման աջակցութիւնը քաղաքական որոշում է, հաշուի առնելով իրավիճակը ՀՀ-ում ու ՀՀ-ի շուրջ»,- ասաց վերլուծաբանը՝ կարևորելով նաև այդ աջակցութեան ճիշտ կիրառութիւնը:

Վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշուիլին մեզ հետ զրոյցում ասաց, որ ԵՄ-ն որոշել է ակտիւացնել «Արևելեան գործընկերութիւն» ծրագիրն այն երկրների համար, որոնք ցանկանում են ԵՄ արժեէքային համակարգին մաս կազմել:

Ըստ նրա, սրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ Բելառուսն է սկսել Արևելեան գործընկերութիւն ծրագիրը լքելու գործընթաց: Մենագարիշուիլիի կարծիքով՝ գործերն այնքան էլ ակտիւ չեն նաև Ադրբեջանի հետ:

«Ստացւում է, որ ԱլԳ-ն ակտիւ աշխատում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ, իսկ Հայաստանն ունէր օրակարգ, սակայն այն չէր իրացւում: ԵՄ-ն նման ծաւալի աջակցութեան խթանում է Հայաստան-ԵՄ կապերը, յատկապէս՝ բարեփոխումների գործընթացը, ինչը նաև թեստային որոշում է՝ հասկանալու համար ՀՀ քաղաքական կամքը: Դեկտեմբերին սպասւում է Արևելեան գործընկերութեան հերթական գագաթաժողովը, և ԵՄ-ն նախապատրաստական աշխատանքներ է կատարում մինչ գագաթաժողովը, փորձում նոր որակ ու բովանդակութիւն հաղորդել ծրագրին, որի նկատմամբ ԵՄ անդամ երկրների մեծ մասի վերաբերմունքը թերահաւատ է: Սակայն նշեմ, որ այդ աջակցութիւնը որքան հնարաւորութիւն է Հայաստանի համար, այնպէս էլ՝ մարտահրաւէր, քանի որ Հայաստանն ունի սերտ յարաբերութիւններ Ռուսաստանի հետ, որը «երկու աթոռին նստելու» քաղաքականութիւնը, մեղմ ասած, չի սիրում, ուստի ԵՄ-ն այս հանգամանքն իր հետևանքներով ևս պէտք է հաշուի առնի, քանի որ ասոցիացումը բարդ գործընթաց է, որը մշտապէս հանդիպում է Ռուսաստանի դիմադրութեանը, իսկ պատերազմից յետոյ հայ-ռուսական յարաբերութիւններն այլ մակարդակի են տեղափոխուել: Արդեօ՞ք դա հաշուի առուել է, քանի որ միայն աջակցութեամբ ԱլԳ խնդիրները կարգաւորել հնարաւոր չէ, պէտք է բազմաբևեռ աշխատանք տանել այդ թւում՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը՝ յաւելելով, որ այնուամենայնիւ Վրաստանի համար նման աջակցութիւնը Հայաստանին լաւ նորութիւն է: Նրա կարծիքով, դա պէտք է նպաստի նաև հայ-վրացական յարաբերութիւններին:

168.am

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.