Իլհամը, Նիկոլը եւ մեր չորս հերոսները. Րաֆֆի Յովհաննիսեան

Եւ դարձեալ արտահերթ ու ակամայ մարտիրոսուած մեր չորս ոսկետղերքն էին Իլհամի եւ Նիկոլի պայմանաւորուած քաղաքականութեան թիրախում։

Անհուն կսկիծով կիսում եմ Արմոյի, Սամուէլի, Երուանդի եւ Գագիկի ընտանիքների ու ծառայակից ընկերների անասելի վիշտը։ Նրանց կենդանի յիշատակը մեզ՝ ժառանգորդներիս, թող լոյս-ճշմարտութիւն բերի, իմաստնութիւն ու կամք, հատուցում եւ ողնաշարի ուղղում։

Քանի չարաբաստիկ զոյգը կայ՝ չեն լինելու խաղաղութիւն, Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների տարածքային ամբողջականութիւն, ինքնիշխանութիւն, կենսական ազգային շահ: Չեն լինելու սահմանադրական իրաւունք ու տարրական արժանապատուութիւն, ՄԱԿ-ում ծածանուող պետական դրօշին վայել տեղ ու դեր՝ այս տարածագօտում եւ աշխարհում։

Լինելու են լոկ կրկնուող շարաններ զինուորական եւ քաղաքացիական տեւական սպանութիւնների, հայրենի հողի զիջումների ու կորուստների՝ դաւադիր գործարքների կամ պարտադրուած նախայարձակումների, հայ մարդու ստորացման եւ հանրութեան ամլացման: Լինելու են, վերջին հաշուով, Հայաստանի պետական կործանում եւ Արցախի ոչնչացում, իսկ լաւագոյն դիպաշարում՝ նրանց վերածում անկամ ու ենթակայ, հաշմուած ու խեղուած, ոչ մէկին չվերաբերելի միաւորների։

Իրենց Մուհամէտ եւ Քրիստոս երեւակայողները կամ՝ առնուազն Նաբոլէոն ու Մանտելա, միգուցէեւ՝ Ռաբին ու Սադաթ, կարող են հոգեկանի աշխարհում խաղաղութեան հեղինակաւոր մրցանակներ ըղձալ, բայց իրենց չարիքի եւ յանցագործութիւնների համար՝ Իլհամի ու Նիկոլի բուն անխուսափելի տեղը խստագոյնս արդարադատութեան ատեանի առջեւ է. մէկը՝ միջազգային, միւսն՝ ազգային։

Մեր Հայրենիքի, պետականութեան, ազգի ու ժողովրդի, Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի, Արարատի ու Արագածի, մեր ողջ պատմութեան եւ ապագայի ցանկացած հնարաւորութեան ճակատագիրը հենց այսօր դրուած է զոհասեղանին։

Բացառիկ պայմանակարգով պիտի յետաձգենք անհատական եւ հատուածական, մեծ ու փոքր, հին ու նոր շարժումների, հոսանքների կամ կուսակցութիւնների գերակայութիւնը եւ փոխարէնը ազգովի, հասարակաւ, քաղաքացիական հզօր ալիքով, ապաեւ պետականօրէն գնանք մեծ համախմբման՝ մէկ անգամ եւ վերջնականապէս լուծենք սերունդների ու հայկական քաղաքակրթութեան բազմադարեայ պատմագրութեան թնճուկը՝ Հայոց մեծ հարցը։

Մեր օրերին կամ երբեք։ Մենք կամ ոչ մէկ։

Րաֆֆի Կ. Յովհաննիսեան

30 Յունիսի 2023

Երեւան