Ի՞նչ վտանգ է ահազանգում անվտանգութեան պետը. հրաժարական տուեց հակառուսական դաւադրութեան խոչընդոտներից մէկը
Վահան Իշխանեան
Միեւնոյն օրը՝ Երկուշաբթի ԱԺ նախագահը ելոյթ ունեցաւ Սահմանդրական դատարանի նախագահին հեռացնելու ծրագրով, վարչապետը յայտարարեց, թէ Սահմանադրական դատարանի վճիռը, որով հակասահմանդրական էր ճանաչուել երկրորդ նախագահին կալանաւորելու օրէնքներից մէկը, ապօրինի է, երեկոյեան արդէն՝ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցութիւնը յայտարարեց, թէ սկսում է Սահմանադրական դատարանի նախագահին պաշտօնանկ անելու գործընթաց, իսկ Ազգային անվտանգութեան պետը հրաժարական տուեց՝ վարչապետին կոչ անելով՝ կանգ առ։
Իսկ յաջորդ օրն արդէն սպասելի էր, որ վարչապետի ու ԱԺ նախագահի դատարանների վրայ հերթական յարձակման արդիւնքում առաջին ատեանի դատարանը մերժելու է Սահամանդրական դատարանի որոշման հիման վրայ երկրորդ նախագահին ազատելու միջնորդութիւնը։
Մէկուկէս տարուայ ընթացքում վարչապետի ու նրա թիմի սկանտալները սովորական երեւոյթ դարձան: Արդէն չի զարմացնում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանը կէս տարի առաջ ասում էր թէ «Չեմ կարծում որ Հրայր Թովմասեանը պէտք է հրաժարական տայ, եւ ընդհանրապէս դա իմ իրաւասութիւնների տիրոյթում չի գտնւում», իսկ Երկուշաբթի օրուայ ելոյթով մտնում էր Դատական իշխանութեան տիրոյթ եւ քննադատում ՍԴ (Սահմանադրական Դատարան) որոշումը եւ մի քանի ժամ անց իր խմբակցութեան հետ սկսում Թովմասեանին հեռացնելու գործընթաց։
Այսուհանդերձ, անվտանգութեան զգացողութիւն ունեցող անձանց ուշադրութիւնը առաջին հերթին գրաւել է երկրի անվտանգութեան պետ Արթուր Վանեցեանի յայտարարութիւնը, այն երկրի, որը մի հարեւանի հետ պատերազմի մէջ է, որը ընդամէնը երեք տարի առաջ փորձեց ներխուժել երկիր, միւս հարեւանն էլ յաջակցութիւն Ատրպէյճանի՝ փակել է սահմանը, եւ հնարաւորութեան դէպքում Հայաստանի վրայով ռազմական ձեռք կը մեկնի նրան, իսկ էն միւս հարեւանին էլ ԱՄՆ֊-ն ճնշելով օղակի մէջ է մտցնում, մի երկրի, որից ընդամէնը 500 քլմ.-ի վրայ վերջերս մի ամբողջ ժողովրդի՝ եզիտիների ցեղասպանութիւն եղաւ։
Ուրեմն, այդ ի՜նչ վտանգների առաջ է կանգնած երկիրը, որ անվտանգութեան պետը յայտարարում է.
«Մէկուկէս տարուայ իմ գործունէութիւնը միշտ բոլորիդ աչքի առջեւ է եղել, եւ ամէն քայլ արել եմ մէկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիւը վեր են ամէն ինչից: Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների յախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատուութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը: Խաղաղութիւն ու անվտանգութիւնը մեր երկրին»։
Այս այսքան բաց, միեւնույն ժամանակ ոչ մի որոշակի հարցի մասին չխօսող տողերի տակ ի՞նչ բրոպլեմ է թաքնուած, այդ ի՞նչ հակասութիւններ են ստիպել Վանեցեանին այսքան բաց ահազանգ հնչեցնելու։
Գուցէ հրաժարականի պատճառներից մէկը Փաշինեանի անկայուն բնաւորութի՞ւնն է եւ աֆեկտի տակ ճակատագրական քայլեր անելը։
Հրաժարական տուեց նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպեանը՝ հրաժարականի տեքստում կրկին խօսելով սպայի պատուի եւ արժանապատուութեան մասին։
Փաշինեանի մամուլի քարտուղար Վլատիմիր Կարապետեանը պատասխանեց Վանեցեանին. «Պէտք է պարզել, թէ ո՛վ է գրել Արթուր Վանեցեանին վերագրուող այդ տեքստը: Յոյս ունենք դրա հեղինակը քրէական պատասխանատուութիւնից «թիւրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենեակները չեն: Գեներալ Վանեցեանին յորդորում ենք չկորցնել սպայի արժանապատուութիւնը, որին ինքը յղում է անում»։
Ենթատեքստը խօսում է այն մասին, որ Փաշինեանը հրահանգ է տուել ինչ որ անձանց հետապնդել, սակայն Վանեցեանը հրաժարուել է։
Իսկ գուցէ այդ անձանց մէջ են նաեւ այն դատաւորները, որոնք վարչապետի կամքը չե՞ն կատարում։ Գաղտնալսուած հեռախօսազրոյցը փաստում է նաեւ, որ Վանեցեանի կողմից ճնշման արդիւնքում է անցեալ տարուայ Յուլիսին առաջին ատեանի դատաւորը Քոչարեանին կալանաւորելու վճիռ կայացրել, Վանեցեանը ՀՔԾ (Յատուկ Քննչական Ծառայութիւն) պետին ասում էր՝ դատաւորին ասեցի՝ ուզես չուզես կալանքը տալու ես։
Յետագայում Փաշինեանը աւելի բիրտ ճնշումների գնաց՝ կոչով դատարանների դռներ փակել տալով, ապա Քոչարեանին կալանքից ազատած եւ գործը սահմանդրական դատարան տուած դատաւոր Դաւիթ Գրիգորեանի վրայ քրէական գործ հարուցեցին, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասեանի անցեալի մէջ փորփրեցին, որ որեւէ կեղտ գտնեն: Չյաջողելով՝ Օրէնսդիրն անցաւ գործի, եւ «Իմ քայլը» խմբակցութիւնը նրան պաշտօնանկ անելու գործ սկսեց։ Գուցէ Վանեցեանին պարտադրուել են աւելի բիրտ ճնշումնե՞ր կիրառել, գործեր սարքել դատաւորների վրայ, որից ինքը հրաժարուել է։
Ընդդիմախօսներին կոռուպցիայի պիտակ փակցնելու փաշինեանական ոճով վարչապետի խոսնակի հեգնական խօսքին Վանեցեանը լրջօրէն պատասխանեց թէ յայտարարութիւնը գրել է իր խորհրդական Արմէն Դաւթեանի հետ։
Բանաստեղծ Արմէն Դաւթեանը 1998 թուից նախ Ռոպերթ Քոչարեանի, ապա Սերժ Սարգսեանի ռեֆերենտն եղել, երկու նախագահների ելոյթների մի մասի վրայ նա էր աշխատում։ Այս տարուայ մարտին Նիկոլ Փաշինեանը նրան ազատեց աշխատանքից, եւ այժմ, պարզուեց, որ Վանեցեանի խորհրդատուն է։
Այո, յատուկ ծառայութեան աշխատակիցները զուսպ են լինում, նրանց աշխատանքի բնոյթն այնպիսին է, որ սպառնալիքների մասին հրապարակային չեն խօսում, Վանեցեանն էլ 20 տարուայ սպայ է, եւ քիչ հաւանական է, որ միայն ինչ-որ մարդկանց հետապնդելու պատուէրից հրաժարուելու համար այնպիսի ահազանգ հնչեցնէր, որի մէջ երկրին իրական վտանգի սպառնալիք երեւար։
Եթէ միայն ձեռքի տակ եղած փաստերով առաջնորդուենք, ապա վարչապետի ու ԱԱԾ պետի միակ հակասութիւնը բացայայտուեց դեռ մէկ տարի առաջ գաղտնալսուած հեռախօսազրոյցներում, ուր Վանեցեանը սաստում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանին, որ եթէ ՀԱՊԿ (Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի Կազմակերպութիւն) գլխաւոր քարտուղար Եուրի Խաչատուրովին կալանաւորեն, երկրին հարուած կը հասցնեն. «լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիւ բարիշել եմ, հիմա բռնենք, կը լինենք խայտառակ», Միւս գաղտնալսուած հեռախօսազրոյցում Վանեցեանը վարչապետին համոզում է. «Ռուսների հետ շատ ծանր ա։ Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարին բռնեն, նստցնեն։ Էդ կառոյցի հեղինակութիւնն ա, էլի»։
Ի վերջոյ, Վանեցեանը կարողանում է համոզել, Խաչատուրովը չի կալանաւորւում։ Սակայն Ռուսաստանի հետ յարաբերութիւնները մնում են կասկածելի, մանաւանդ եթէ նկատի ունենանք, որ Արեւմուտքը այդ յարաբերութիւնները հետեւողականոօրէն շարունակում է քանդել։
Այսպէս. 2000-ականներից ԱՄՆ-ն սկսում է մի նոր սառը պատերազմ, որի ընթացքում ֆինանսական մեծ ներդրումներ անելով՝ հրահրում է հակառուսական տրամադրութիւններ յետսովետական այն երկրներում, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն։ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմելու համար ԱՄՆ-ի առաջնային խնդիրն է յետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, 2-րդ խնդիրը այդ երկրներն ընդգրկել ՆԱՏՕ-ի մէջ, ինչպէս արդէն ընդգրկել է յետսովետական Մերձբալթեան հանրապետութիւնները եւ Արեւելեան Եւրոպայի միւս երկրները։
1-ին փուլի խնդիրը՝ ռազմաբազաները հեռացնելը յաջողուեց իրականացնել Ուքրայինայում, որը կորցրեց Ղրիմը եւ մխրճուեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մէջ, եւ Վրաստանում, որն էլ, պատերազմի մէջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետութեան տակ գտնուող Ախալգորիի շրջանը եւ Կոդորեան կիրճը։
Եւրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում։
Թէեւ 2008 թուականից Հայաստանում գնալով ուժեղանում է հակառուսական պրոպականտան, հիմնականում դրսից ֆինանսաւորուող քաղաքացիական հասարակութեան ստուար մասը հակառուս է, այսուհանդերձ, բնակչութեան 70 տոկոսից աւելին բարեկամաբար է տրամադրուած Ռուսաստանի հանդէպ եւ հասկանում է, որ երկրի անվտանգութիւնը կախուած է Ռուսաստանից (2013 թուի Գելափի կատարած հարցումներով Հայաստանում հարցուածների 90 տոկոսը նշել է, որ իր բարեկամ երկիրը Ռուսաստանն է)։
Հայաստանի դէպքում ամերիկան եւս մի բլան է գործում. իր տիրապետութիւնից դուրս մնացած մէկ ուրիշ, ռեսուրսներով հարուստ եւ ազդեցիկ երկիրը՝ Իրանն էլ օղակի մէջ սեղմել, այս դէպքում Արցախեան հակամարտութիւնը տանել այն ուղղութեամբ, որ Իրանի սահմանին խաղաղապահի անուան տակ ՆԱՏՕ-ի զօրամիաւորումներ բերուեն։
2018-ի հայկական յեղափոխութեան շարժիչ ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան գլխաւորութեամբ այդ հակառուսական ուժերն էին, իսկ յեղափոխութեան միակ առաջնորդ Փաշինեանը արդէն աչքի էր ընկել հակառուսական յայտարարութիւններով, օրինակ ասել էր, թէ իբր 2016-ի ապրիլեան պատերազմը Ատրպէյճանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է հողեր ԵԱՏՄ-ի (Եւրասիական Տնտեսական Միութիւն) դիմաց պայմանաւորուածութիւնը։
Սակայն հասկանալով, որ հակառուսական հռետորութիւնը Հայաստանի բնակչութեանը կը խրթնեցնի եւ Ռուսաստանի դժգոհութիւնը կ’առաջացնի, յեղափոխութեան օրերին Փաշինեանը մշտապէս կրկնում էր, որ թաւշեայ յեղափոխութեան մէջ արտաքին կոնտեքստ չկայ։
Վարչապետութեան առաջին ամիսներին նա ճգնում էր ապացուցել, որ շարունակում է Ռուսաստանի հետ նոյն բարեկամական յարաբերութիւնները եւ Բութինի ընկեր երկրորդ նախագահին կալանաւորելու դժգոհութիւնը զսպելու համար նա Սիրիա հայկական զօրամիաւորում ուղարկեց։
Սակայն յեղափոխութիւնից 1,5 տարի անց, յեղափոխութեան աներեւոյթ հակառուսական ազդակները բացայայտւում են. միջազգային լարուած իրավիճակի ֆոնին այլեւս պատահական չեն, որ «Իմ քայլը» խմբակցութիւնում ու կառավարութիւնում ներգրաւուած են հակառուս շրջանակների անձինք, եւ որ գնալով լարւում են հայ-ռուսական յարաբերութիւնները։
Վերջին ամիսներին Փաշինեանը սրման է տանում Ռուսաստանի հետ յարաբերութիւնները: Հակաբութին արմատական ռուս ազգայնական Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տուեց, «Նուվէլ Տէ Արմենիին» տուած հարցազրոյցում, ասում է, թէ ինքը կասկածներ ունի Ռուսաստանի նկատմամբ. «Մենք պէտք է հաստատենք իւրաքանչիւրի արժանապատուութիւնը յարգող յարաբերութիւններ» (չնայած Փաշինեանն է վիրաւորել Ռուսաստանի արժանապատուութիւնը՝ նրա ստեղծած եւ պատիւը հանդիսացող ՀԱՊԿ քարտուղարի վրայ քրէական գործ հարուցելով, սակայն Ռուսաստանը դեռեւս լուռ կուլ է տուել դա)։ Ապա նաեւ հանդիպում ունեցաւ Սասնայ ծռերի ղեկավարութեան հետ՝ Հայաստանի ամենաարմատական հակառուսական թեւի, ովքեր պահանջում են ռուսական ռազմաբազաները հանել Հայաստանից։
Վանեցեանի հրաժարականի պատճառը արդեօ՞ք այն նոյն հակասութիւնն է՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրացումը։
Յետադարձ հայեացքով նաեւ բացայայտւում է, որ Ռոպերթ Քոչարեանին ամէն գնով բանտում պահելու մոլուցքը պայմանւորուած չի միայն վարչապետի եւ նրա համախոհների վրէժով։ Քոչարեանը մարմնաւորում է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների կայունութիւնը, եւ հակառուսական դաւադրութիւն հրահրող ուժերը, նրան չէզոքացնելով, թուլացնում են Հայաստանի եւ Ռուաստանի կապերը։
Ուրեմն, պատահական չի, որ Վանեցեանը միակ պաշտօնեան էր, որ Ռոպերթ Քոչարեանի վերաբերեալ դրական խօսք է ասել. «Ռոպերթ Քոչարեանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ի հարկէ իր գործունէութեան ընթացքում ունեցել է նաեւ շատ դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի առաջին նախագահը»։
Պատահական չի նաեւ, որ միեւնույն հակառուսական ուժերը ոգեւորուած են ե՛ւ Վանեցեանի հրաժարականով, ե՛ւ Քոչարեանին կալանքի տակ պահելու որոշմամբ (ինչպէս, օրինակ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարեանը, որի ղեկավարած «Միջազգային եւ անվտանգութեան հարցերի հայկական ինստիտուտը» ֆինասաւորւում է ԱՄՆ ԿՀՎ-ի (Կեդրոնական Հետախուզական Վարչութիւն) հետ կապեր ունեցող NED հիմնադրամից: NED-ի մասին նաեւ այստեղ)։
Հայաստանում անվտանգութեան զգացում ունեցող իւրաքանչիւր անձ հասկանում է հայ-ռուսական յարաբերութիւնների վատթարացումը, ապա ռուսական ռազմաբազաներն հեռացնելն ու զէնքի մատակարարման աղբիւրը կտրելը ինչ աղէտի կը բերի: Երկու թուրք ժողովուրդների Հայաստանի վրայ ողջագուրուելու մէկդարեայ նպատակը կ’իրականանայ։ Բարեբախտաբար այդ անվտանգութեան զգացում ունեցողները երկրի ստուար մասն են, դժբախտաբար նրանց տրամադրութիւնը չի հանրայնացւում, հասարակական կարծիքի ձեւաւորման մէջ եղանակ է ստեղծում հակառուս չնչին մասը՝ վկայ այն փաստը, որ հակառուս գործիչը դարձաւ երկրի վարչապետ։
Հայաստանի այս իւրայատկութիւնից ելնելով էլ հակառուսական դաւադրութիւնը այնպէս ճակատային չի տարւում, քողարկուած է վրէժի, կոռուպցիայի դէմ պայքարի, արժանապատուութեան կոչերի քողերով։
Այս քողարկուած քաղաքականութիւնը բացայայտւում է այն փաստով, որ երկրի բնակչութեան 61 տոկոսը կողմ է եղել ԵԱՏՄ-ի մէջ մտնելուն, իսկ 70 տոկոսը ընտրել է այն դաշինքին, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինեանը, դէմ է քուէարկել ԵԱՏՄ մտնելուն, ինչպէ՞ս, քանի որ նա յեղափոխութիւն անելիս քողարկել է հակառուսութիւնը հանրութեան սրտի ուզածով՝ կոռուպցիայի դէմ ելոյթներով։
Ուրեմն, հակառուսական դաւադրութիւնը տարբերուելու է ուկրայինական եւ վրացական փորձից, ընթանալու է քողարկուած, խոչընդոտ անձանց յաղթահարելով, քայլ առ քայլ։
Վանեցեանի հրաժարականով եւս մի քայլ կատարուեց, եւս մի խոչընդոտ յաղթահարուած է, այլեւս իշխանութեան մէջ չի լինի այն անձը, ով կը զանգի վարչապետին եւ կը համոզի ի շահ երկրի անվտանգութեան հակառուսական քայլեր չանել։
Յաջորդ քայլը ո՞րն է. երկրի անվտանգութեան համար միւս պատասխանատու պաշտօնեան՝ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը, այն հարցին, թէ հնարաւոր է ինքն էլ պատշօնանկ լինի, պատասխանեց «Չեմ կարող ասել», որտեղ ենթատեքստում երեւում է, որ ինքն էլ հակասութիւն ունի վարչապետի հետ։
Ահա եւ շաբաթուայ սկզբի բոլոր իրադարձութիւնները՝ ԱԺ նախագահի ելոյթը եւ «Իմ քայլի» կողմից ՍԴ նախագահին պաշտօնանկ անելու գործընթացը, Քոչարեանին կալանքի տակ պահելու դատարանի վճիռը եւ ԱԱԾ (Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն) պետ Վանեցեանի հրաժարականը նոյն շղթայի օղակներն են դառնում: