Ի՞նչ է պէտք իմանալ Ալիևի վերջին ելոյթի մասին

Ի՞նչ է պէտք իմանալ Ալիևի վերջին ելոյթի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը յունիսի 16-ին ելոյթ է ունեցել «Սպառնալիքներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով Բաքուի 9-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Հայկական ալիքն» առանձնացրել է թշնամական երկրի ղեկավարի՝ մեզ համար առաւել մեծ կարևորութիւն ունեցող հատուածները՝ համապատասխան վերլուծութեամբ։

■ «Ադրբեջանն իր կողմից արդէն ստեղծել է խաղաղութեան պայմանագրի յանձնաժողով, և մենք սպասում ենք նոյն գործողութեանը Հայաստանի կողմից։ Հէնց այդ քայլը արուի, և եթէ այդպիսի քայլ արուի, կը սկսեն բանակցութիւնները»։ – Հաշուի առնելով ուկրաինական դէպքերով պայմանաւորուած՝ արևմտեան աշխարհի աչքում իր մեծացած կարևորութիւնը՝ Ադրբեջանը փորձում է յենուել բանակցային նոր՝ «եւրոպական» ձևաչափի վրայ, արագացնել բանակցութիւնները՝ Հայաստանի դե-ֆակտօ իշխանութիւններից կորզելով առաւելագոյն զիջումներ։

■ «Մենք նաև առաջ ենք քաշել մեր սահմանների սահմանազատումը սկսելու առաջարկը, որովհետև մեր սահմանի ամենամեծ հատուածը նոյնպէս գտնւում է օկուպացիայի տակ»։ – Ադրբեջանը բացայայտ տարածքային հաւակնութիւններ է յայտնում ՀՀ նկատմամբ, աւելին՝ 2020 թ․ նոյեմբերից սկսած՝ օկուպացրել է տարածքներ բուն ՀՀ-ից, իսկ ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւններն այդ մասին խօսում են միայն ներքին լսարանի համար, բազմակողմ հանդիպումների (վերջինը՝ Բրիւսելում) արդիւնքներում այդ հարցը որևէ փաստաթղթային ձևակերպում չի ստանում։ Այսինքն՝ ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնները ձախողում են նաև ՀՀ տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու իրենց սահմանադրական պարտաւորութիւնը և բանակցութիւնների են գնում ուժի սպառնալիքի տակ։

■ «Բրիւսելում կայացած եռակողմ հանդիպման արդիւնքների մասին Եւրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշէլի տարածած յայտարարութեան մէջ յստակ ասւում է, որ Ղարաբաղում ապրող հայ բնակչութեան իրաւունքները ու անվտանգութիւնը նոյնպէս հաշուի են առնուելու։ Մենք ամբողջութեամբ աջակցում ենք դրան»։ – Այստեղ նկատելի է այդքան չարչրկուած «իջեցուած նշաձողը»։ Փաստացի Ադրբեջանից դուրս Արցախի կարգավիճակի միջազգային բանակցային օրակարգից անկում է կատարուել դէպի անորոշ իրաւունքների ու անվտանգութեան պաշտպանութիւն։ Ըստ որում, ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնները ևս պնդում են, որ իրենց համար կարևորն անվտանգութեան հարցն է՝ իրենք իրենց դնելով բանակցային փակուղում, քանզի եթէ իրենց մտահոգութիւնը միայն դա է, իսկ Ադրբեջանը դա խօսքով երաշխաւորում է, ապա ի՞նչ հիմքով են պահանջելու աւելին, այն էլ՝ առանց վերակառուցուած բանակի։

■ «Բանաւոր պայմանաւորուածութիւն է եղել կարգավիճակի հարցը օրակարգ մտցնելուց հրաժարուելու մասին»։ – Թշնամական երկրի ղեկավարից այսպիսով տեղեկանում ենք իր և ՀՀ դե-ֆակտօ վարչապետի միջև ևս մէկ հակահայկական բանաւոր պայմանաւորուածութեան մասին, ինչը վկայում է ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնների կողմից բանակցութիւնները, դրանցում քննարկուող ազգային հարցերը սեփական կարճաժամկէտ ներքաղաքական շահերին ծառայեցնելու մօտեցման մասին։

■ «ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իր ֆունկցիան։ Անօգուտ են այն վերակենդանացնելու փորձերը»։ – 2018 թ․-ից և նամանաւանդ՝ պատերազմից յետոյ Ադրբեջանի հետ սեպարատ բանակցութիւնների գնալով, այդպիսով՝ իբր ինքնիշխանութիւնը բարձրացնել, իսկ ապա՝ իշխանութիւնը պահել փորձելով՝ ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնները բերեցին կառուցուածքային առումով հայանպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանը։

■ «Հարաւային Կովկասը 3 հարաւկովկասեան երկրների անկախութեան տարիներին բաժանուած էր»։ – Սա ևս երկարաժամկէտ հեռանկարում խիստ մտահոգիչ յայտարարութիւն է։ Ըստ ամենայնի՝ Թուրքիայի և քաղաքական արևմուտքի լուռ հաւանութեամբ Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանային առաջատարութիւն ստանձնել Հարաւային Կովկասում, ձևաւորել նոր ինտեգրացիոն մարմին, որի վերջնանպատակն իր շահերի տեսանկիւնից սեփական ազդեցութեան մեծացումն ու Հայաստանի կլանումն է, իսկ Թուրքիայի և քաղաքական արևմուտքի տեսանկիւնից՝ տարածաշրջանում ռուսական ազդեցութիւնը վերացնելը։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Արցախեան երրորդ պատերազմում (2020 թ․ սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) հայկական կողմի պարտութիւնից յետոյ ՀՀ դե-ֆակտօ իշխանութիւնները ձախողել են բանակի վերակառուցման միջոցով երկրի ինքնիշխանութեան մակարդակի բարձրացումը, աւելին՝ սեփական ներքաղաքական շահերից ելնելով՝ թուլացրել են բանակի դիրքերը, և հայկական ազգային շահերը միջազգային բանակցութիւններում վերածել են մեծ պետութիւնների աշխարհաքաղաքական հակասութիւնների մանրադրամի։

 

hayaliq.com

Leave a Comment

You must be logged in to post a comment.