«Ի՞նչ է եղել Սիւնիքում ու ի՞նչ է լինելու». Թրքագէտ Վարուժան Գեղամեան

Թրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ի՞նչ է եղել երէկ Սիւնիքում ու ի՞նչ է լինելու։

Եթէ մի կողմ դնենք բոլոր տարաբնոյթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշուով ունենք հետեւեալը։

– Մօտ 10 օր առաջ առանց որեւէ կրակոցի ու դիմադրութեան Ադրբեջանի զինուած ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի յանձնումից յետոյ Սիւնիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գիւղի տարածք, գրաւել բաւական զգալի հայկական հող ու կառուցել այնտեղ իրենց նոր դիրքերը՝ այդպիսով լիրաժէք վերահսկելով թէ՛ Տեղ գիւղը, թէ՛ յարակից գօտին։

– Երէկ հէնց այդ նոր գրաւած հատուածներից նրանք կրակ են բացել հայկական բանակի վրայ, օգտագործել են ծանր հրետանի եւ արդիւնքում մեզ պատճառել նոր կորուստներ։

– ՀՀ Տէ-ֆաքթօ պաշտպանութեան նախարարութիւնն ասում է, որ մենք երէկ դիրքային կորուստ չենք ունեցել։ Բայց չի ասում, որ ոչ թէ դիրքային, այլ տարածքային նոր կորուստ ունեցել ենք 10 օր առաջ, որի պատճառով հնարաւոր է դարձել երէկուայ յարձակումը։

– ՀՀ տէ-ֆաքթօ կառավարութիւնը միայն չի կատարել իր վրայ դրուած գլխաւոր պատասխանատուութիւնը՝ մեր պետութեան սահմանների պաշտպանութիւնը, այլեւ ամենօրեայ ռեժիմով կեդրոնացած է բացառապէս իրենց ցանկացած ընդդիմախօսի վրայ բռնաճնշումներով եւ երկրորդային նշանակութեան հարցերով (օրինակ՝ ինչ-որ փառատօններ, ակադեմիական քաղաքներ եւ այլն)։ Սա կոչւում է անարժան կառավարում։

– Ադրբեջանը տեսնում է, որ ՀՀ տէ-ֆաքթօ կառավարութիւնն իրեն չի դիմադրելու։ Պաքւում եւ Անկարայում ամենօրեայ ռեժիմով արձանագրում են, որ հայկական պետութիւնը ոչ մի էական գործ չի անում թուրք-ադրբեջանական առաջիկայ յարձակումները չէզոքացնելու ու սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։ Բնականաբար, դա իրենց համար գլխաւոր խթանն է շարունակելու յարձակումները եւ աստիճանաբար, մանր-մանր քայլերով չյայտարարուած պատերազմում նուաճել Սիւնիքի մարզը։

– Կից «Հայկական ալիք»ի քարտէսն է, որտեղ կարմիրով նշուած են միայն վերջին երկու տարուայ ընթացքում Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած տարածքից գրաւուած հատուածները։ Ադրբեջանը թիրախաւորել է ողջ Սիւնիքը եւ «կրծելով» առաջ է գնում։

– Արդիւնքում մենք ունենք.

– նոր տարածքային կորուստներ,

– նոր զոհեր

– հերթական հայաթափուող համայնքը Տեղ գիւղում եւ յարակից շրջաններում

– թշնամու շարունակաբար աճող ճնշում ու յարձակումներ

– Հայաստանի տէ-ֆաքթօ իշխանութիւն, որն ունակ չէ ոչ միայն կանխատեսել առկայ մարտահրաւէրները, այլեւ դրանց դիմագրաւել։ Դա ապացուցւում է առնուազն 2020թ. նոյեմբեր – 2023թ. ապրիլ ժամանակահատուածի բոլոր իրադարձութիւններով։

– ՀՀ տէ-ֆաքթօ իշխանութիւնների բոլոր քաղաքական առաջարկներն ու ծրագրերը («հայելային յետքաշում», «խաղաղութեան դարաշրջան», «արդար լուծում» եւ այլն) լիարժէք տապալուած են։

Այստեղից հարց. ինչո՞ւ պէտք է ներկայիս տէ-ֆաքթօ իշխանութիւնը հրաժարական չտայ ու չհեռանայ։

Պարզ պատասխան. որովհետեւ ՀՀ տէ-ֆաքթօ վարչապետի ու իր գլխաւոր քպական խմբաւորման համար վերոնշեալ բոլոր խնդիրներից առաւել կարեւոր է սեփական իշխանութիւնը պահելը՝ նոյնիսկ եթէ դա արժենում է տարածքային ու մարդկային կորուստներ։

Սա ոչ թէ կուսակցական պայքարի կամ կենցաղային քաղաքականութեան հարց է, այլ իրական խնդիր, որը թակելու է ՀՀ ու Արցախի իւրաքանչիւր բնակչի դուռը, ինչպէս որ թակել է Տեղ գիւղում կամ Ջերմուկում։

Հանրային մշտական ճնշման բացակայութեան պարագայում այս ամէնն անխուսափելիօրէն շարունակուելու է»։

Comments are closed.