«Ի՞նչ Է Եղել Իրականում Եւ Ի՞նչ Կարելի Է Անել». Վարդան Օսկանեան

Հայաստանի նախկին արտաքին գործոց նախարար (1998-2008) Վարդան Օսկանեան լրատուամիջոցներուն ղրկած իր այս  յօդուածով կը վերլուծէ Ազրպէյճանի նոր ռազմական յարձակումը Հայաստանի վրայ եւ կ՛առաջարկէ լուծումներ ստեղծուած իրավիճակէն դուրս գալու համար:

Բանակցային գործընթացքում երկարատեւ փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրուայ իրադարձութիւնները, կարող է շատ յստակ պատկերացնել արդէն երկու տարի հայ հասարակութեանը յուզող հարցի պատասխանը` ինչ է քննարկուել 2020-ի նոյեմբերի 9-10-ին:

Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիեւն էր: Շուշի մտնելուց յետոյ նա հնարաւորութիւն ունէր ժամերի ընթացքում բռնազաւթելու ամբողջ Արցախը: Դժուար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիեւը սեղանին է դրել իր առաւելագոյն պահանջները` Ղարաբաղը Ազրպէյճանի մաս, Զանգեզուրում միջանցք եւ յօգուտ Ազրպէյճանի սահմանազատման լուծում` անկլաւները ներառեալ: Բանակցային գործընթացում նոյնիսկ ամենաթոյլ դիրքերում կողմին դէմքը փրկելու հնարաւորութիւն են տալիս: Իմ ենթադրութիւնն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնուել զինադադարի գրաւոր յայտարարութիւնից, բայց ձեռք է բերուել բանաւոր պայմանաւորուածութիւն, որի վկան, նաեւ` երաշխաւորը, եղել է Փութինը:

Հիմա, երբ այդ պայմանաւորուածութիւնների իրականացումը ձգձգւում է, Ալիեւ դիմում է ուժային մեթոտների: Եթէ ելնենք հիմնաւոր այս ենթադրութիւնից` այս իրավիճակում Փաշինեանը չունի մանեւրելու հնարաւորութիւն, իսկ Ռուսաստանի լռութիւնը դառնում է եթէ ոչ արդարացուած, ապա առնուազն` բացատրելի: Փութինի ձեռքերը կապուած են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլեւ նոյեմբերի 9-ին տրուած բանաւոր խոստման վկան լինելով: Հետեւաբար, օրուայ հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա` երկրի նոր ղեկավարի յայտնուելը:

Եթէ մի կողմ դնենք յուզական պիտակները եւ ելնենք այն ենթադրութիւնից, որ Փաշինեանի համար ստեղծուած իրավիճակը հաճելի եւ ցանկալի չէ, ապա նա կա՛մ պէտք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանաւոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն` կտրուկ փոխելով քաղաքականութեան տրամաբանութիւնը, ապացուցի դա, կա՛մ հրաժարական ներկայացնի: Վերջին իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ Ազրպէյճանի համար եւս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետեւաբար Փաշինեանն այստեղ մանեւրելու հնարաւորութիւն ունի: Եթէ դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները:

Նոր բանակցողի յայտնուելը ոչ միայն Հայաստանին կ՛ազատի այդ կապանքից, այլեւ կ՛ազատի Ռուսաստանի ձեռքերը` հապշտապ եւ ոչ շահեկան լուծումների փոխարէն նոր բանակցային փուլ սկսելու համար:

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա ակնյայտ է, որ այն Հայաստանի իշխանութեան վարած քաղաքականութեան մէջ տեսնում է Ղարաբաղից հրաժարուելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղութեան հասնելու ամենակարճ ճանապարհը, որը եւ կը նպաստի Ռուսաստանի ներկայութեան թուլացմանը եւ աստիճանական հեռացմանը տարածաշրջանից: Դրանով թերեւս կարելի է բացատրել ազրպէյճանական յարձակման ժամանակ Արեւմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ազրպէյճանի վրայ` ձեռք բերուած փխրուն զինադադարի արդիւնքով:

Սակայն Արեւմուտքը նոյնպէս Հայաստանի իշխանութիւնների ենթադրաբար տուած խոստման պատանդն է: Ի վերջոյ, ակնյայտ է, որ Էրտողանի ռազմատենչ յայտարարութիւնները ԵՄ անդամ Յունաստանի դէմ եւ բազմաթիւ այլ հանգամանքներ, պէտք չէ ոեւէ մէկի մօտ կասկած առաջացնեն, որ Արեւմուտքը նոյնպէս նպատակ, ցանկութիւն եւ պատճառ չունի թուրք-ազրպէյճանական կողմի լիակատար յաղթանակը ցանկանալու:

Հետեւաբար, նոր բանակցողի պայմաններում եւ դրա շուրջ ձեւաւորուած նոր մօտեցումներով ու դիւանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը անկասկած հնարաւորութիւն կը ստեղծի կարճ ժամանակում փոխելու նաեւ Արեւմուտքի մօտեցումներն այս հարցում, Արեւմուտքին նոյնպէս շահագրգռելով արագ լուծումների փոխարէն աւելի հաւասարակշիռ լուծման համար բանակցութիւններ սկսելու: Բայց դրա համար, դարձեալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Արեւմուտքի համար կը ձեւակերպի բանակցային նոր օրակարգ:

Ո՞րը պէտք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը:

Ա.- Փոխլրացնող քաղաքականութիւնը: Կան մարդիկ, որոնք պնդում են, թէ այսօր դա հնարաւոր չէ` հաշուի առնելով Ռուսաստան – Արեւմուտք հակասութիւնները: Բայց այստեղ նրանք մոռանում են առնուազն երկու հանգամանք.

Առաջին, որ այսօր Արեւելք – Արեւմուտք հակասութիւնը ոչ թէ պլոկների, այլ առանձին երկրների հակասութիւն է: Ռուսաստան – Արեւմուտք, Չինաստան – Միացեալ Նահանգներ: Դա չի ենթադրում եւ չի պարտադրում մէկ կամ միւս կողմի հետ լաւ յարաբերութիւններ ունեցող երկրներին ընտրութիւն անել: Եւ դրանից, ի դէպ, լաւագոյնս օգտւում են Թուրքիան եւ Ազրպէյճանը:

Երկրորդ, որ այսօր Հայաստան կարող է հիմնաւորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորութեան համագործակցութիւն: Անկախ պատճառներից կամ հանգամանքներից` փաստ է, որ 44-օրեայ պատերազմից եւ վերջին իրադարձութիւններից յետոյ Հայաստանում ձեւաւորուել է համատարած հիասթափութիւն Ռուսաստանից: Հայաստանը, ելնելով իր շահերից, պահելով իր յարաբերութիւնների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարաւորութիւն ունի լաւագոյնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռուած բոլոր տեսակի հնարաւորութիւնները:

Բ) Նոր բանակցողը եւ նրա թիմը կարիք չունեն ընդհանրապէս հրաժարուելու պայմանագիր կնքելու հեռանկարից: Պարզապէս անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծուած եւ այլոց կողմից ընկալուած առկայ ենթատեքստը: Ազրպէյճանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդիւնքում իր ձեռք բերած եւ ակնկալուող ռազմական աւարի օրինականացման եւ միջազգային ճանաչման համար:

Հայաստանի մօտեցումը պէտք է լինի նոյնը: Հայաստանի համար այս փաստաթուղթը պէտք է լինի այն միջոցը, որտեղ կը կարողանայ տրամաբանուած, ոչ ծայրայեղական ձեւակերպումներով դրոյթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտութեան ճանաչման եւ մեկնարկի: Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրոյթները, որոնց շուրջ կը լինի իրական բանակցութիւնների անհրաժեշտութիւն` ազրպէյճանական զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանի տարածքից, Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակի խնդիրը, գերիների վերադարձը; սահմանազատման բանակցուած, ոչ թէ հապշտապ ու միայն ազրպէյճանական կողմին բաւարարող իրականացումը:

Այլապէս այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցութիւն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին` հրաժարուելու Արցախից, ինչը ստիպուած կը լինի ընդունել միայն թէ խաղաղութիւն լինի: Ու այս ձեւակերպմանը տարբեր պատճառներով դէմ չեն արտայայտւում թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Արեւմուտքը` հիմնականում վերեւում նշուած` հայկական կողմի այլ ձեւակերպում տալու անկարողութեան պատճառով:

Leave a Comment

You must be logged in to post a comment.