Թուրքիոյ մէջ ձերբակալուած ամերիկացի պատուելի Էնտրու Պրանսոնին փաստաբանը տերսիմահայ Իսմայիլ Ճէմ Հալաւուրթն է
Անի Աւետեան
Ամերիկացի պատուելի Էնտրու Պրանսոնին երկու տարի առաջ ձերբակալել են Թուրքիայում, մեղադրում են լրտեսութեան, ահաբեկչական կառոյցների հետ գործակցելու մէջ: Պրանսոնը դարձել է խորքային խնդիրներով յայտնի գործընկերների` թուրք-ամերիկեան յարաբերութիւներում նոր լարուածութեան պատճառը: Նախագահներ Թրամփը եւ Էրտողանը չեն կարողանում համաձայնութեան գալ նրան մեղադրել-արդարացնելու հարցի շուրջ: Թուրքական լիրան աննախադէպ անկումով սպառնում է տապալել Թուրքիայի ամբողջ տնտեսութիւնը:
Այս պատմութեան հայկական սփոթլայթում մեղադրեալի փաստաբանն է: Իսմայիլ Ճէմ Հալաւուրթը, կնունքի անունով` Ստեփանը տերսիմցի հայ է: 17 տարեկանում է իմացել հայ լինելու մասին: Հիմա Թուրքիայում առաջատար, համարձակ փաստաբաններից մէկն է` յայտնի աղմկայարոյց գործերից, ընդդիմադիր հայեացքներով եւ ընդգծուած հայամէտ դիրքորոշմամբ: Թուրքիայի բանակում 2011-ի Ապրիլի 24-ին սպաննուած հայ զինուոր Սեւակ Պալըքճի ընտանիքի փաստաբանն է: 2007-ի Յունուարի 19-ին Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ աշխատել է նաեւ նրա ընտանիքի փաստաբանների թիմում:
Բացառիկ մանրամասներով պատմում է, թէ ինչպէ՛ս է ստացուել, որ մասնակցում է Ուաշինկթըն-Անգարա յարաբերութիւնների գլխաւոր դատավարութեանը. «Տինքի սպանութիւնից յետոյ Մալաթիայում երեք բողոքական հոգեւորականների էին սպաննել: Մեր փաստաբանական խումբը կապ գտաւ Տինքի սպանութեան գործի հետ եւ ինձ ուղարկեցին այնտեղ, հետաքննելու: Դրանից յետոյ տասը տարի աշխատել եմ աւետարանչական բողոքական համայնքի հետ, եւ նրանք Պրանսոնի գործով եւս ինձ ընտրեցին, ես էլ համաձայնեցի»:
Ստեփան Ճէմ Հալաւուրթի հայ լինելը գաղտնիք չէ եւ դա նրա աշխատանքն աւելի վտանգաւոր է դարձնում: Հիմա պաշտպանում է մէկին, որին մեղադրում են երկրի ամենապոպուլիստական յօդուածներով:
«Նման իրավիճակում հայ փաստաբան լինելն, այսպէս ասեմ, էքստրաբարդ է: Ամէն րոպէ իմ հայ լինելը կարող է իմ դէմ օգտագործուել», ասում է նա:
Նրա ձերբակալուելու մասին լուրերն արդէն մի քանի անգամ տարածուել ու հերքուել են պոլսահայերի շրջանում: Ստեփանը պնդում է` կը շարունակի պաշտպանել Պրանսոնին, որովհետեւ նրա դէմ ամբողջ դատական գործը կառուցուած է կեղծ փաստերի վրայ: Եւ նոյնիսկ գործում յայտնուած նոր գաղտնի վկան, որը պատրաստւում է ապացոյցներ ներկայացնել Պրանսոնին մեղսագրուող արարքների մասին, Հալաւուրթի խօսքով, իրականում չի կարող տապալել իրենց աշխատանքը:
«Հիմա գործը երկու մասից է կազմուած` քաղաքական եւ իրաւական: Իրաւական առումով մենք բոլոր մեղադրանքները հերքում ենք, հիմա աշխատում ենք Պրանսոնին տնային կալանքից ազատ արձակելու եւ երկրից դուրս գալու արգելքը հանելու ուղղութեամբ: Դատարանը մերժեց մեր վերջին միջնորդութիւնը, բայց մենք դիմելու ենք բոլոր ատեաններ, մինչեւ որ իմ պաշտպանեալը կարողանայ վերադառնալ Միացեալ Նահանգներ», ասում է Ստեփան Հալաւուրթը:
Նա մի քանի անգամ եղել է Երեւանում եւ առաջիկայում` առաջին իսկ հնարաւորութեան դէպքում, վերադառնալու ծրագրեր ունի: Ամբողջ վստահութեամբ յայտարարում է. «Հայաստանը մեր մայր հայրենիքն է: Հայաստան միշտ ենք ուզում վերադառնալ, բայց քանի այս գործն ընթանում է, ժամանակ գրեթէ չկայ: Վերջանալուն պէս կը գամ, որովհետեւ արդէն երկար ժամանակ է անցել վերջին այցիցս եւ կարօտել եմ»:
Հայերէն միայն մի քանի բառ է խօսում, բայց ընկերներին առաջարկում է իրեն Իսմայիլի եւ Ճէմի փոխարէն Ստեփան անուանել, հայկական անունով: Վերջին խնդրանքը` հայերէնով է ձեւակերպում. «Բարեւ ասա Հայաստան»: