Թուրքիայի հարցում «կարմիր գծերը» մեր՝ հայ մնալու երաշխիքն են. Թուրքագէտ

Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութիւնը, ըստ էութեան, նպատակ ունի հնարաւորինս թուլացնելու Ռուսաստանի ազդեցութիւնը Հարաւային Կովկասում. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով շրջանառուող լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ հանդիպումներն անցկացնել որևէ երրորդ երկրում։

«Ռուսաստանը  պաշտօնապէս միջնորդ չի եղել. Հայաստանը դիմել է Ռուսաստանին միջնորդութեան համար։ Չեմ կարծում` Թուրքիան համաձայն կը լինէր, որ Ռուսաստանը միջնորդ լինէր։ Դա ակնյայտ է, որովհետև հայ-թուրքական յարաբերութիւնների շուրջ  բանակցութիւնների այս ռաունդը, որը չորրորդն է, Թուրքիան ցանկանում է անցկացնել առանց միջնորդի»,- ասաց թուրքագէտը։

Ակնյայտ է, որ թուրքական իշխանութիւնները  չեն առաջնորդւում խաղաղասիրական, մարդասիրական մղումներով։ Տարածաշրջանում թուրքական գործօնի հզօրացմամբ պայմանաւորուած`  Թուրքիայի իշխանութիւնները հասել են նրան, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սկսել են հաշուի նստել թուրքական գործօնի հետ։

Ինչի՞ կը յանգեցնի Ռուսաստանի դուրս մղումը հայ-թուրքական   բանակցութիւններից, և Հայաստանը պատրա՞ստ է առանց որևէ միջնորդի առաջ տանել իր շահերը: Ըստ Ռուբէն Սաֆրաստեանի՝ այժմ չենք կարող ասել` ինչպէս կը վարուեն իշխանութիւնները։

«Գիտեմ, որ կան «կարմիր գծեր», որոնք անցնել ոչ մի դէպքում չի կարելի, քանի որ դրանք կապուած են մեր ազգային ինքնութեան հետ։ Ինչպե՞ս կ’ընթանան բանակցութիւնները՝ չեմ կարող ասել, բայց Հայոց ցեղասպանութեան  ճանաչման, դատապարտման քաղաքականութեանը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին, Կարսի պայմանագրին (որը մեր ժողովուրդը, հասարակութիւնն ընկալում է որպէս անարդարացի պայմանագիր) առնչուող հարցերի ուղղութեամբ զիջելը կը նշանակի, որ մենք հրաժարւում  ենք մեր ինքնութեան ինչ-որ մի մասից։ Իսկ դա ինձ համար անընդունելի է»,- ասաց թուրքագէտը։

Հայ-ադրբեջանական յարաբերութիւններում Արցախն էր  այն կարմիր գիծը, որը չպէտք է անցնել։ Հայ-թուրքական յարաբերութիւններում կարմիր գիծը  Հայոց ցեղասպանութիւնը միջազգային ճանաչումը օրակարգից հանելն է։ Պատկերացնենք` իրադարձութիւններն այնպէս են զարգանում, որ Հայաստանի իշխանութիւնները  Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու նպատակով դադարում են Թուրքիային  պարտադրել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը և, ըստ էութեան, կատարում Թուրքիայի գլխաւոր նախապայմանը։ Հարցին` նշուած քայլն ինչպէ՞ս  կ’ընկալուի  Հայաստանում և  Սփիւռքում, Ռուբէն Սաֆրաստեան պատասխանեց՝ սա այն հարցն է, որ հայերիս ինքնութեան հետ է կապուած։

«Ե՛ւ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ Սփիւռքում  այս հարցը կապւում է իրենց ինքնութեան, իրենց՝ հայ լինելու, հայ համարուելու փաստի հետ։ Եթէ Հայաստանը այդ հարցերում զիջումների գնայ, ապա դա կը նշանակի, որ մենք հրաժարւում ենք մեր ինքնութիւնից։ Դա անընդունելի է շատերի համար, բայց գուցէ մարդիկ լինեն, որ դրա հետ համաձայնեն»,- նշեց թուրքագէտը։

Քաղաքագիտական շրջանակների պնդմամբ՝ Հայաստանն իր օրակարգը չունի. Թուրքիան է ասում, թէ ինչ է լինելու, Թուրքիայից ենք իմանում թէ՛ բանագնացների նշանակման, թէ՛ առաջին հանդիպման վայրի և թէ՛ հետագայում սպասուելիք հանդիպումների մասին։ Որոշների պնդմամբ` իշխանութիւնները գնում են  բանակցութիւնների, որտեղ ամէն ինչ արդէն քիչ թէ շատ որոշուած է. իրենք այնտեղ ապահուում են ներկայութիւն կամ վաւերացնում ինչ-որ փաստաթղթեր։ Ռ. Սաֆրաստեանի արձագանքն այդ ամէնին հետևեալն է. «Ոչինչ դեռ որոշուած չէ. բանակցութիւնները պայքար են, և մեր դիւանագիտութիւնը պէտք է կարողանայ այդ պայքարում չպարտուել, իսկ Թուրքիան ամէն ինչ կանի, որ ճնշում գործադրի»։

 

 

 

                                                                                                                                  Լենա Կարապետեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.