Թալինում կոալիցիայի յուշագիր ստորագրող ընդդիմադիր գործիչը քուէարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան թեկնածուի օգտին, որը համայնքի ղեկավար ընտրուեց

Դեկտեմբերի 17-ին  Արագածոտնի մարզի Թալին համայնքում լարուած իրավիճակ էր։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում վստահութեան քուէ ստացած աւագանու անդամները պէտք է ընտրէին համայնքի ղեկավար։

Ընդդիմադիր «Զարթօնք», «Հայք» կուսակցութիւնները եւ «Մեր համայնքը» կուսակցութիւնների դաշինքը քաղաքապետի պաշտօնում առաջադրեցին «Հայք» կուսակցութիւնից Դաւիթ Մանուկեանի թեկնածութիւնը, իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը՝  Թալինի այժմեան քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատար Տաւրոս Սափէեանի թեկնածութիւնը։ Սափէեանը ՔՊ-ի ընտրական ցուցակի առաջին համարն էր։
Տաւրոս Սափէեանն ստացաւ 11 քուէ, Դաւիթ Մանուկեանը՝ 10:

Սափէեանին ընտրուելու համար անհրաժեշտ էր ընդդիմութեան կողմից ստանալ մէկ քուէ, և նա ստացաւ այն, իսկ ինչպէ՞ս այդպէս ստացուեց․․․

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրութեան արդիւքում Թալին խոշորացուած համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն ունի 10 մանդատ,  «Զարթօնք» ազգային-քրիստոնէական կուսակցութիւնը՝ 6, «Հայք» լիբերալ կուսակցութիւնը՝ 3, «Մեր համայնքը» կուսակցութիւնների դաշինքը՝  «Մեր համայնքը» կուսակցութիւնների դաշինքում ներառուած է նաև ՀՅԴ-ն: Այսինքն՝  ինչպէս վերը նշուեց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը  անհրաժեշտ էր ընդդիմութիւնից ստանալ ընդամէնը 1 քուէ։

Կոալիցիա կազմելու դէպքում ընդդիմութիւնը ռեալ շանսեր ունէր՝ ստանձնելու համայնքի իրական ղեկավարումը։ Յիշեցնենք՝ ընդդիմադիր երեք ուժերը նախորդիւ  յայտարարել էին՝ միանում են եւ համայնքի ղեկավարի թեկնածուն լինելու է «Հայք»-ի ընտրական ցուցակի առաջին համարը՝ Կարէն Գրիգորեանը։ Որոշ ժամանակ անց  Կարէն Գրիգորեանը յայտարարեց, թէ «Հայք»-ի աւագանու անդամները վայր են դնելու մանդատները  Գրիգորեանի խօսքով ասած՝ «հետընտրական լարուածութիւնը թօթափելու համար»։        Այնուհետև   պարզուեց՝  «Հայք»-ի աւագանու անդամներից ոմանք համաձայն չեն այս որոշմանը, աւելին՝ մանդատները վայր դնելու մասին յայտարարող Կարէն Գրիգորեանը հէնց ինքը մանդատը վայր չդրեց ու դեկտեմբերի 17-ին ընտրեց իշխանութեան կողմից առաջադրուած թեկնածուին։

Թալինում  ստեղծուած լարուած ու անտրամաբանական իրավիճակը նորութիւն չէր։ Գորիսում, Վանաձորում ու այլուր  եղած խառնակ իրավիճակները արդէն ցոյց էին տուել՝ իշխանութիւնն անելու է հնարաւոր ու անհնար ամէն բան՝
Թալինի համայնքապետի աթոռը վերցնելու համար։ Մամուլն ահազանգում էր՝ այն համայնքներում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը չի հաւաքել 50 տոկոսից աւելի ձայն, այսինքն՝ հնարաւոր է՝  ընդդիմադիր ուժերը կոալիցիա կազմեն ու ստանձնեն համայնքի կառավարումը, իշխանութիւնը ճնշումներ է գործադրում։ Աւելին՝   որոշ համայնքներում համայնքի ընտրուած ղեկավարները այս կամ այն մեղադրանքով անազատութեան մէջ են պահւում․ սա Հայաստանում արդէն զարմանալի չթուացող երևոյթ է դարձել։ Գորիսի համայնքապետ  Առուշ Առուշանեանն անազատութեան մէջ  էր, բայց ընտրուող համայնքի ղեկավար․ նա այժմ էլ  անազատութեան մէջ է։ Իսկ Վանաձորում համայնքի ղեկավար ընտրուած Մամիկոն Ասլանեանը ընտրուելուց օրեր անց ձերբակալուեց։ Թալինում էլ մի քանի օր առաջ բերման էին ենթարկուել «Զարթօնք» ազգային-քրիստոնեական կուսակցութեան համակիրները։

Մի քանի օր է, ինչ մամուլում լուրեր էին շրջանառւում այն մասին, որ Թալինի ընտրութիւնների հետ կապուած՝   իշխանութեանն աջակցում է Ռուստամ Ստեփանեանը, որը յաայտնի է «քրէական աշխարհում»։ Մամուլը նաև ահազանգել էր՝ աւագանու անդրանիկ նիստից մէկ օր առաջ՝ Թալինում ողջ գիշեր ոստիկանական ուժերն ուժեղացուած «հսկողութիւն» են իրականացրել «Հայք» կուսակցութիւնն առաջնորդած Կարէն Գրիգորեանի բազմաբնակարան շէնքի տարածքում, իսկ  «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ քրէածին տարրերը Ռուստամ Ստեփանեանի՝ Չաղ Ռուստամի գլխաւորութեամբ շարունակել են հոգեբանական ճնշումները թեկնածուի վրայ․ ըստ թերթի տեղեկութիւնների՝ Ռուստամ Ստեփանեանը բարեկամական կապեր ունի Կարէն Գրիգորեանի հետ:
Ընտրութիւնից յետոյ լրագրողները  փորձեցին հարցեր ուղղել  իշխանութեան  թեկնածուին ընտրած ընդդիմադիր Կարէն Գրիգորեանին, բայց նա արագօրէն, գրեթէ վազքով իջաւ աստիճաններով, նստեց մեքենան ու հեռացաւ՝ չպատասխանելով որևէ հարցի։  Աւագանու անդամ, ընդդիմադիր Դաւիթ  Մանուկեանն ու Մնացական Մնացականեանը պատասխանեցին լրագրողների հնչեցրած բոլոր հարցերին։ «Հորիզոն»-ի թղթակցի հնչեցրած հարցին՝ արդեօ՞ք սպասելի էր, որ  Կարէն Գրիգորեանը կ’ընտրի Տաւրոս Սափէեանին, ինչպէ՞ս ստացուեց, որ նախորդիվ կոալիցիա կազմելու յուշագիր ստորագրողն այսօր  ընտրեց իշխանութեան ներկայացուցչին, «Զարթօնք» ազգային-քրիստոնեական կուսակցութեան  ընտրական ցուցակը գլխաւորող Մնացական Մնացականեանը պատասխանեց․

«Ես լսեցի, որ Կարէն Գրիգորեանը,  դիմելով ՔՊ-ի թեկնածուին, ասաց․ «Դու իմացի՛ր, թէ ում խաթր  եմ քեզ ձայն տալիս»: Եթէ որեւէ մէկը որեւէ մէկի խաթր (ժողովրդալան լեզւում  կիրառւող բառ է, որը նշանակում է՝ ի պատիւ,  յանուն ինչ որ մէկի, յանուն ինչ-որ բանի- հեղ) կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տալ, սա 29 համայնքի ընտրողների խնդիրն է: Ես չգիտեմ ճնշումներ են եղել, թէ ոչ, մամուլը շատ բան գրել է, կարող էք դիմել իրեն, թող պատասխանի: Եթէ մարդը քուէ է խնդրում քաղաքացիներին, յետոյ իր ցուցակի երկրորդ համարին ներկայացնում է որպէս համայնքապետի թեկնածու ու հէնց ինքը քուէարկում է միւս ուժի օգտին, ես մեկնաբանութիւն չունեմ»:

            Ընդդիմադիր «Հայք» կուսակցութեան ներկայացուցիչ Դաւիթ Մանուկանն էլ անդրադառնալով Կարէն Գրիգորեանի քայլին, նշեց․ «Եթէ կայ յանցագործութեան տարր, ինքը պէտք է հաղորդում ներկայացնի: Կոնկրետ իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել չնայեած եղել են դէպքեր, երբ փորձել են մի քանի մեքենայով հետապնդել, բայց ինձ հետ կոնտակտի մէջ չեն մտել եւ հնարաւոր էլ չէր, որ ճնշէին»։
Կոալիցիայի յուշագիր ստորագրող ընդդիմադիր գործիչը քուէարկեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցութեան թեկնածուի օգտին, որը համայնքի ղեկավար ընտրուեց․ աբսուրդ է, բայց իրականութիւն՝ հայաստանեան իրականութիւն․․․

ՏԵՍԱՆԻՒԹ

Յասմիկ Բալէեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.