Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինեանի ասածները. «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեան

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինեանը Շուշիի մասին իրար հակասող այնքան յայտարարութիւններ է արել, որ ամբողջ հակասութիւնները պարզելու համար մի ամբողջ նախաքննութիւն է պէտք։ Այս մասին այսօր՝ Յունիսի 20-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

«Այդ բոլոր հակասութիւնների հիմնական մեխը մէկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ։ Նոյնիսկ իրաւական քննութեան մասին չպէտք է լինի քննութիւնները, բոլոր գործուն դէմքերը պէտք է խօսեն իրար հետ, հասկանանք՝ ինչ կատարուեց։ Շուշին մէկ դրուագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցաւ է, Փաշինեանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկզիբ է առել Սեպտեմբերի 25-ին։ Ինքը չի ասում՝ Սեպտեմբերի 27-ին, ժամը 07։00-ին պատերազմի լուրն առաւ, ի՞նչ արեց։ Առաջին օրով Նիկոլը բանաստեղծութիւն է դնում իր էջում։ Դու լսում ես՝ Արցախը ռմբակոծւում է ու բանաստեղծութիւն ես դնում։ Իր էջում տանկերի տեղաշարժի վիտէո է դնում, զանգում եմ, ասում՝ անասունին ասէք, թող հանի, չի կարելի զօրքերի տեղաշարժի վիտէո դնել, հանեցին», ասաց նա։

Մանուկեանի խօսքով՝ յանձնաժողովն ինքնին անհամաչափ պայմաններ է ստեղծել, որովհետեւ նախկինում բոլոր հարցաքննութիւնները եղել են փակ դռների հետեւում, եւ իրենց յայտարարութիւններից ոչ մէկս տեղեակ չենք։

«Անդրանիկ Քոչարեանը շատ բան կարող է ասել, ես Օնիկ Գասպարեանի յայտարարութիւններին տեղեակ չեմ, որ ասեմ՝ ցուցմունքներն իրար հակասում են, թէ՝ ոչ․ այ այստեղ է խաղը։ Պատերազմի ընթացքի մասին անհնար է ուղիղ եթերում նստել ու խօսել, որովհետեւ մենք գործ ունենք ռազմական բազմաթիւ գաղտնիքների հետ։ Նիկոլ Փաշինեանը յղում է տալիս Փութինի բազմաթիւ առաջարկներին, Փութինին բերելու են հարցաքննութեա՞ն, որ օպիէկտիւութիւնը հասկանանք։ Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինեանի ասածները, որովհետեւ ես արդէն 18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինեանի հետ՝ որպէս «Հայկական ժամանակի» խմբագիր։ Անդրանիկ Քոչարեանը թող Նիկոլին ասի նախ Արցախի ճանապարհը բացի, յետոյ Արայիկ Յարութիւնեանին ու Սամուէլ Բաբայեանին հրաւիրի», նշեց Գեղամ Մանուկեանը։

Comments are closed.