Ես գրիչն եմ բռնել. դա էլ զէնքի տեսակ է

Մեծ ուրախութեամբ համաձայնեցի մասնակցել այս նախագծին: Երեւանից դուրս որտեղ էլ համերգի համար առաջարկեն, ես առանց երկմտելու կը համաձայնեմ, առաւել եւս Արցախ: Այս մասին «Ապառաժ»-ին պատմում է երգիչ, երգահան, Երուսաղէմում գործող «Apo and The Apostles» ռոք-խմբի հիմնադիր Աբօ Սահակեանը: Մայիսի 7-ին եւ 8-ին Արցախի Մարտունի եւ Ստեփանակերտ քաղաքներում ելոյթներ ունեցած երգիչը զարմանքով է արձանագրում, որ տղամարդիկ համերգների քիչ են մասնակցում: Սակայն ուրախութեամբ նշում է, որ պատանիներ էին շատ, յատկապէս Մարտունիում: «Յուսով եմ, որ այս երեխաները մեծանալուց յետոյ կը սկսեն համերգների գնալ: Մշակոյթը շատ կարեւոր դեր է խաղում անձի հասունացման, կայացման գործում»,- նշում է նա:

Չնայած շատ անգամ է եղել Արցախում, նաեւ 44-օրեայ պատերազմի ընթացքում, սակայն Արցախում մինչ այս համերգ չէր ունեցել: «2009թ. Շուշիում մի աղջկայ համար երգեցի: Սիրահարուած էի, հիւրանոցում կիթառ կար, ու մօտ մէկ ժամ երգեցի միայն նրա համար»,- ժպտալով յիշում է երգիչը:

Երգչի երգացանկում կան ինչպէս ժողովրդական, հայրենասիրական երգեր, այնպէս էլ Մուսալեռան, Համշէնի բարբառով ստեղծագործութիւններ: Արցախեան վերջին պատերազմից յետոյ դրանց աւելացել է Հադրութի բարբառով «Կյասս, քիսս» երգը (երգում է Արթուր Խաչենցի հետ), Անի Խառատեանի հետ միասին ներկայացրել են «Քարին տակ» երգը, որի խօսքերի եւ երաժշտութեան հեղինակը մեր զրուցակիցն է:

Խօսելով պատմական հայրենիքի կողքին նոր կորսուած տարածքներին ստեղծագործութիւններ նուիրելու, մշտապէս տուժածի կարգավիճակում լինելու մասին՝ Աբօ Սահակեանը նշում է, որ 100 տարի, միգուցէ աւելի երկար ժամանակ է՝ շրջապտոյտի մէջ ենք: «Բայց ես հիասթափուած չեմ: Իմ գաղափարախօսութեան հիմնադիրները Քրիստափորը, Ռոստոմը, Զաւարեանը, Արամը, Նժդեհը, Սօսէն ու Սերոբն են: Երբ լեռը յաղթահարում ես, չի նշանակում, թէ պայքարը վերջացել է: Եթէ մենք վաղը չէ միւս օրը էլի Շուշին, Վանը վերցնենք, ծովից ծով Հայաստանը վերականգնենք, դա չի նշանակում, թէ պայքարն աւարտւելու է: Դա նշանակում է, որ նոր պայքարի փուլեր են լինելու (ենթադրենք՝ բնապահպանութիւն կամ արդիւնաբերութեան ինչ-որ ճիւղ): Պայքարը երբեք չի աւարտւում»,- համոզուած է դաշնակցական արուեստագէտը: Եթէ քեզ խփեն, ու գետնին ընկնես, դա չի նշանակում, թէ գետնին պիտի մնաս:

Չպիտի ասես՝ ինձնից ուժեղ են, դու պիտի ձեւեր գտնես եւ շրջապտոյտից դուրս գաս: Ես հիմա զինուոր չեմ, զէնք բռնել չգիտեմ, ես մշակոյթի ներկայացուցիչ եմ, ես իմ բաժինն եմ անում: Եթէ վաղը չէ միւս օրը Շուշին յետ վերցնենք, յաւերժ կը վերցնենք, որովհետեւ մեր սկզբունքներն ու հիմքերը աւելի ճիշտ կը լինեն, ու այդ շրջապտոյտից դուրս կը գանք»,- ասում է նա:

– Իսկ ի՞նչ պիտի անի Արցախում եւ Սփիւռքում ապրող մարդը այդ շրջապտոյտից դուրս գալն արագացնելու համար:

– «Ամէն մարդ իր գործը պիտի անի: Բոլորս պիտի աշխատենք ու նախաձեռնենք: Դու նախ եւ առաջ պիտի նախաձեռնես, չսպասես՝ քեզ ասեն՝ ինչ անես: Պէտք է անկախ լինես քո քայլերի, նախաձեռնութիւնների մէջ, քո ճակատագիրը պիտի կառուցես առանց որեւէ մէկից կախուածութեան: Եթէ ամէն հայ լինի Արցախում, Հայաստանում, Սփիւռքում, ամէն մէկն իր գործն իբր անհատ, բայց հաւաքական շահի համար անի, արդիւնքները կը տեսնենք: Ես չեմ ակնկալում, որ այսօր կամ վաղը կը տեսնեմ սա: Ես շատ համբերատար եմ: 2000 տարի էլ կարող ենք համբերել: Մենք երգ ունենք «Համբերէ հոգիս, համբերէ»»,- նշում է Աբօն:

Նա Արցախում եղել է նոյեմբերի 14-ին: Խօսելով իր նկատած փոփոխութիւնների մասին՝ յոյս է յայտնում, որ արդէն միամիտ չենք, որ հաւատանք, թէ աշխարհը կը գայ ու կը փրկի մեզ: «Մենք մեզ պէտք է փրկենք նախ եւ առաջ: Ինչո՞ւ պիտի ոչ հայը գայ ու փրկի քեզ. նա իր շահն ունի, դու քո շահը, նախաձեռնիր քո ճանապարհը: Բայց համբերութեամբ նախաձեռնիր, կարեւոր չէ, թէ երբ հնարաւորութիւն կը լինի այն իրագործելու: Զգում եմ, որ մարդիկ աւելի զգօն են, աւելի արթուն են, աւելի քիչ միամիտ են: Հիմա պէտք է աւելի շատ խորամանկ լինենք: Ի վերջոյ դեռ Արցախը կայ, մարդիկ դեռ ապրում են Ստեփանակերտում, հնարաւոր է վախով, անորոշութեամբ, բայց ապրում են»,- ասում է երգիչը՝ կարեւորելով մարդկանց վճռականութիւն հաղորդելը, վրէժի գաղափարը արթուն պահելը:

– Ինչո՞ւմ է տեսնում երգիչը Հայաստանի փրկութիւնը՝ երգո՞վ, թէ՞ զէնքով:

– «Ես դաշնակցական եմ եւ գիտեմ, որ միայն զէնքով կայ հայոց փրկութիւն: Բայց չմոռանանք, որ Դաշնակցութեան զինանշանի մէջ երեք խորհրդանիշներ կան՝ գրիչը, բահը եւ սուրը: Ես գրիչն եմ բռնել, ու դա էլ զէնքի տեսակ է: Վերջերս «Forbes»-ում մի յօդուած է հրապարակուել իմ նոր ալբոմի մասին: Ալբոմում տարբեր բարբառներով ստեղծագործութիւններ կան, այդ թւում՝ Արցախի՝ Հադրութի բարբառով: Յօդուածում «Forbes»-ը առաջին անգամ մեր պատմութիւնը ներկայացրեց, նշուեց, որ Ադրբեջանը էթնիկ զտում է արել: Դա էլ իմ զէնքն է միջազգային ասպարէզում, դա էլ պայքարի ձեւ է»,- համոզուած է երգիչը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.