Եղիսաբէթ Զօրեան. Յեղափոխական Ռոստոմի կեանքի ընկերն ու հայ դպրութեան նուիրուած Շուշեցի հայուհին

Ս. Վրացեան

«ՎԷՄ», 1934

Ժընեւի հայ գաղութը նախաձեռներ է տօնելու Տիկ. Եղիսաբէթ Զօրեանի հանրային-մանկավարժական գործունէութեան 40-ամեայ յոբելեանը։ Սրտանց ողջունում ենք այդ նախաձեռնութիւնը։ Տիկ. Զօրեանի տօնը մեզ համար թանգ է երկու տեսակէտից. նախ՝ որովհետեւ յոբելեարը ինքնին աչքի ընկնող դէմք է. երկրորդ՝ նա կեանքի ընկեր է մեր Մեծ Ուսուցիչ եւ Առաջնորդ Ռոստոմի։ Տօնել Տիկ. Զօրեանի յոբելեանը մեզ համար նշանակում է ո՛չ միայն երախտագիտութեան տուրք տալ Տիկնոջ հայ ժողովուրդին մատուցած ծառայութեան համար, այլեւ յարգանք արտայայտել Մեծ Յեղափոխականի յիշատակին։

Տիկ. Եղիսաբէթը ծնուել է Շուշիում 1874 թ. մայիս 5-ին։ Հայրը Ղարաբաղի նշանաւոր Միրզա-Ղահրամեանի որդի Իսահակ Մելիք-Շահնազարեանը-Սահակ աղան՝ պաշտօնաթող փոխ գնդապետ էր, որ իր սկզբնական կրթութիւնը ստացել էր Տաթեւի վանքում։ Ազատամիտ եւ ազգասէր մի մարդ, որ նոյն ոգով էլ դաստիարակեց իր տղաներին եւ աղջիկներին։

Մինչեւ 12 տարեկան հասակը Տիկ. Եղիսաբէթը սովորեց Շուշու ռուսական դպրոցում, որ հիմնուած էր ազնուական եւ հարուստ ընտանիքների զաւակների համար։ Ապա տեղափոխուեց Թիֆլիս եւ մտաւ երկրորդ գիմնազիան։ Թիֆլիսում ապրում էր մօրաքոյրների մօտ, որոնք ամուսնացած էին ռուս բարձրաստիճան պաշտօնեաների հետ։ Ընդունակ եւ լաւ սովորող աշակերտուհի էր։ 1893 թ. Գիմնազիան աւարտեց առաջին կարգի մրցանակով՝ ոսկի մետալով։

Աշակերտութեան շրջանում  Տիկ. Եղիսաբէթը գտնւում էր մեծ մասամբ ռուսական շրջաններում։ Նրա մի մօրաքոյրը ամուսնացած էր Կովկասի Ուսումնական շրջանի տեսուչ Շէնգէրի հետ։ նրա ազգականների մէջ կային զինուորականներ եւ պաշտօնեաներ։ Երբեմն, երբ հնարաւոր էր լինում, ազգականներից գաղտնի յաճախում էր եւ հայկական շրջանակներ։ Օր. Եղիսաբէթը լինում էր եւ Քրիստափորի ու Սիմոն Զաւարեանի խմբի ժողովներում։ Քրիստափորն այդ ժամանակ մաթեմաթիկայի դասեր էր տալիս նրա մօրաքրոջ որդիներին։ Օր. Եղիսաբէթի երկու եղբայրները Պետրովսկայա Ակադեմիայից ուսանողական ընկերներ էին Զաւարեանի եւ Ռոստոմի հետ եւ նոյնպէս մասնակցում էին խմբական հաւաքոյթներին։ 1892 թուին, այդպիսի հաւաքոյթներից մէկում, 19 ամեայ Եղիսաբէթը Զաւարեանի մօտ հանդիպում է Ռոստոմին։ Ընկերները նրան կոչում էին «Քոթոթ»։ Համեստ, լռակեաց, նիհար ու դժգոյն, պերճանքից զուրկ՝ երիտասարդ Ռոստոմը հաճելի տպաւորութիւն չգործեց դեռատի աղջկան վրայ։

Մի տարի յետոյ, 1894-ին, Օր. Եղիսաբէթը արդէն Ժընեւում է։ Այնտեղ էր եւ Ռոստոմը, որ զբաղուած էր «Դրօշակ»-ով։ Նրան օգնում էին ուսանողներ Սիմոն Շխեանը, Գ. Խաժակը, Յովնան Դաւիթեանը, երբ լինում էր Ժընեւում, եւ ուրիշներ։ Ռոստոմը ապրում էր մի համեստ սենեակում, որ մի ժամանակ եւ խմբագրատուն եւ գրաշարանոց էր։ Դաշնակցութիւնը միջոց չունէր, շատ չնչին գումար էր յատկացնում իր պաշտօնաթերթին, իսկ ուրիշ հասոյթներ չկային։

Ժընեւում Օր. Եղիսաբէթը մտնում է համալսարանի բնագիտական բաժինը։ Եղբայրը հետը մնում է 4 ամիս, ապա յանձնելով իր ընկեր Ռոստոմի խնամքին՝ վերադառնում է հայրենիք։ Այստեղ  Օր. Եղիսաբէթը աւելի մօտից է ճանաչում Ռոստոմին, ծանօթանում է նրա ապրելակերպին, գաղափարներին, գործին եւ դեռ մի տարի չանցած, 1894-ին տեղի է ունենում նրանց նշանադրութիւնը, ներկայութեամբ Գ. Խաժակի եւ Սիմոն Շխեանի։ Օր. Եղիսաբէթը՝ ձեռքը «Դրօշակ»-ի վրայ դրած երդւում է, որ երբեք, ոչ մի բանով չի խանգարի Ռոստոմին հասարակական-յեղափոխական գործունէութեան մէջ։

Ժընեւի նշանադրութիւնը, սակայն, բուռն դժգոհութիւն առաջ բերեց Եղիսաբէթի ծնողների եւ ազգականների մէջ։ Ինչպէ՞ս, Մելիք-Շահնազարեան ազնուական ընտանիքի զաւակը դառնայ կին մի աղքատ ու տկլոր յեղափոխականի, գիւղացիական ստոր ծագում ունեցող մէկի, որ նոյնիսկ ապրելու իրաւունքից զրկուած է Ռուսաստանում։ Հակառակութիւնը խիստ վճռական էր, բայց Օր. Եղիսաբէթն էլ Մելիք-Շահնազարեան տոհմից էր. նրա կամքն էլ կամք էր։ Բախումը դարձաւ անխուսափելի. նրան զրկեցին օժիտից՝ Խանքենդի գիւղից եւ մերժեցին ճանաչել ամուսնութիւնը։

Ժընեւում Օր. Եղիսաբէթը մասնակցում է հասարակական կեանքին, Ռոստոմի հետ շարում է «Դրօշակ»-ը, յօդուածներ է գրում, առհասարակ օգնում է նրան։ Միւս կողմից, եռանդով հետեւում էր համալսարանական աշխատանքներին։ Շնորհիւ իր բացառիկ ընդունակութիւնների՝ շուտով աչքի ընկաւ ուսանողների մէջ։ Նրա ուսուցիչը, յայտնի գիտնական Կարլ Ֆոկտը, մէկից աւելի անգամներ յորդորում էր նրան ձեռք քաշել նշանածից եւ նուիրուել գիտութեան, նոյնիսկ գիտական պաշտօն էր առաջարկում նրա Իտալիայում, բայց այդ յորդորները մնացին անհետեւանք։  Օր. Եղիսաբէթը երեք եւ կէս տարում աւարտեց համալսարանական դասընթացքը եւ քիչ յետոյ վերադարձաւ Թիֆլիս, իր մօրաքոյրին մօտ։ 1898 թ. սեպտ. 27-ին տեղի ունեցաւ նրա եւ Ռոստոմի հարսանիքը։ Պսակը կատարուեց Քամոյենց եկեղեցում, պալատի դիմաց։ Խաչեղբայրներ էին նրա մօրաքրոջ երկու որդիները՝ հեծելազօրի սպաներ։ Սրանց ինչպէս եւ բարձրաստիճան անձանց ներկայութիւնը հարսանիքին տալիս էր առանձին բնոյթ. ոչ ոք չէր կարող ենթադրել, որ սա հարսանիքն է մի քաղաքական յանցաւորի, որին ոստիկանութիւնը փնտրում էր ամէն տեղ։

Եկեղեցւոյ հարսնեւորները գնացին Յ. Քաջազնունենց տունը, ուր տեղի ունեցաւ հարսանեկան հանդէսը։ ներկայ էին հարսի ազգականները, բարեկամները. ներկայ էր եւ դաշնակցական երիտասարդութիւնը՝ Քր. Միքայէլեան, Ս. Զաւարեան, Ս. Շխեան եւ ուրիշներ։ Հարսանիքը անցաւ շատ ուրախ եւ ստացաւ մի տեսակ գաղափարական հաւաքոյթի բնոյթ։ Նոյն գիշերն իսկ, ոստիկանութեան հետապնդումների պատճառով, փեսան թողեց Թիֆլիսն ու հեռացաւ արտասահման, իսկ հարսը տեղափոխուեց Բագու, ուր ապրում էր մասնաւոր դասերով եւ նաւթաբուրգերի յատակագծերի գծագրութեամբ։

Միայն 1899 թուի ամառը նորապսակ զոյգը գտաւ իրար։ Տիկին Եղիսաբեթը մեկնեց արտասահման։ Ռոստոմը նրան դիմաւորեց Ռուշչուկ քաղաքում։ Ապա հաստատուեցին Ֆիլիպէում, ուր Տիկ. Եղիսաբէթը հիմնեց մի մասնաւոր դպրոց, գլխաւորապէս գաղթական երեխաների համար։ Դպրոցը նիւթական օժանդակութիւն էր ստանում Բագուից եւ դրուած էր մանկավարժական օրինակելի հիմքերի վրայ։ Դպրոցում դասաւանդում էր եւ Ռոստոմը, իսկ յետոյ՝ նաեւ Կար. Պիոնեանը։ Տիկ. Եղիսաբէթին օգնում էին նրա 5 հասակաւոր աշակերտուհիները, որոնց հետ նա պարապում էր առանցին՝ պատրաստելով դպրոցական ասպարէզի համար։ Բնականաբար, դպրոցի հոգին ինքը  Տիկ. Եղիսաբէթն էր, որ պարապմունքի ժամերից դուրս, երեկոները, զբաղւում էր նաեւ հասարակական գործունէութեամբ՝ դասախօսութիւններով, ծնողական ժողովներով եւայլն։

Դպրոցը հետզհետէ զարգացաւ, շրջապատուեց հանրային համակրանքով եւ դարձաւ օրինակելի կրթական մի հաստատութիւն։ Բայց կեանքի եւ աշխատանքի պայմանները շատ ծանր էին, ապրուստի միջոցները սահմանափակ։ Ռոստոմը զբաղուած էր կուսակցական գործերով։ Յաճախ ճանապարհորդում էր։ Դպրոցի եւ ընտանիքի ամբողջ հոգսը ընկած էր Տիկ. Եղիսաբէթի ուսերին, որ երկրորդ զաւկի ծննդաբերութեան վրայ ծանր հիւանդացաւ եւ երեք տարուայ անդուլ աշխատանքից յետոյ, ստիպուած եղաւ թողնել սիրած գործն ու հեռանալ Կովկաս։ Դպրոցը շարունակեց Կ. Պիոնեանը Տիկ. Եղիսաբէթի աշակերտուհիների հետ միասին։

Ինչպէս հայ կեանքում ամէն գործ, Ֆիլիպէի վարժարանն էլ, բնականաբար, ունէր հակառակորդներ։ Մանաւանդ, խիստ թշնամաբար էին վերաբերւում հնչակեանները, որոնք դպրոցի յաջողութիւնը նկատում էին իրենց մրցակից կուսակցութեան յաջողութեան նշան։ Երբ Տիկ. Եղիսաբէթը հեռացաւ, Հնչակեանները լուր տարածեցին, թէ նա մեռել է ճանապարհին, եւ Ֆիլիպէում այդ առթիւ նոյնիսկ հոգեհանգիստ տեղի ունեցաւ։

Կովկասում այս անգամ տեղի ունեցաւ հաշտութիւն Տիկ. Եղիսաբէթի եւ ծնողների միջեւ։ Վերջիններիս աջակցութեամբ նա անցաւ Զուիցերիա, ուր հիմնովին ապաքինած վերադարձաւ Թիֆլիս եւ ամբողջապէս նուիրեց հասարակական-կրթական գործունէութեան։ Միաժամանակ իր աշխատանքով պահում էր եւ Ռոստոմի ընտանիքը։

Հակառակ որ շատ հրապուրիչ առաջարկներ էին անում ռուսական դպրոցներից, Թիֆլիսում Տիկ. Եղիսաբէթը ուզեց հէնց սկիզբից պաշտօն ստանալ հայկական վարժարաններում։ Այս վերջինները, սակայն, Դաշնակցութեան հակառակորդ հոգաբարձութիւններ ունէին, որոնք ամէն կերպ խոչընդոտ հանդիսացան, որ յայտնի դաշնակցականի կինը մտնի հայկական դպրոց։ Այդ պատճառաւ նա ստիպուած եղաւ դասեր առնել «Վարժուհիների Ընկերութեան Ռուս դպրոցում»։ Եւ միայն 1905 թ., երբ Յովնանեան դպրոցի հոգաբարձութիւնը փոխուեց, Տիկ. Եղիսաբէթը հրաւիրուեց այնտեղ որպէս դասատու։ Յետոյ, երբ Յովնանեանում նորից հոգաբարձական փոփոխութիւն տեղի ունեցաւ, անցաւ Գայիանեան վարժարանը։ Երկու դպրոցում էլ նա աւանդում էր բնական գիտութիւններ եւ շատ սիրուած էր աշակերտուհիների կողմից։

Դպրոցից դուրս  Տիկ. Եղիսաբէթը լայն մասնակցութիւն ունէր հասարակական կեանքում. դասախօսում էր Զուբալովի Տան Ժողովրդական համալսարանում, գլխաւորապէս, բնական գիտութիւններից, առողջապահութիւնից եւ ապրանքագիտութիւնից, դասեր էր տալիս Բարեգործական Ընկերութեան արհեստանոց-դպրոցում, աշխատում էր կանանց շրջանում։ Ընտրուեց Ներսիսեան Դպրոցի հոգաբարձական կազմի անդամ եւ գործօն մասնակցութիւն ունեցաւ դպրոցի ծրագրի մշակութեան մէջ։

Այս կենդանի եւ հեւիհեւ աշխատանքը տեւեց մինչեւ 1914 թ. ամառը, երբ Տիկին Զօրեանը մեկնեց Ժընեւ մի քիչ հանգստանալու եւ համալսարանում դոկտորի քննութիւն տալու համար։ Բայց վրայ հասաւ պատերազմը. նա բոլորովին կտրուեց Կովկասից եւ մնաց առանց նիւթական միջոցի։ Եւ միայն շնորհիւ աջակցութեան Հ. Յ. Դաշնակցութեան, որ ստանձնեց նրա աղջկայ օր. Թագուշի կրթութեան ծախսը, կարողացաւ անցկացնել պատերազմի արհաւրալից տարիները եւ հետեւել համալսարանի աշխատանքներին եւ կրթութիւն տալ զաւկին։ Վերջինս աւարտեց Գեղարուեստից Վարժարանը եւ այսօր շնորհալի նկարչուհի է, իսկ ինքը լրացրեց համալսարանական աշխատանքները եւ ներկայացնելով «Recherches histologiques sur les genres Hyalinia et Zonites» ուսումնասիրութիւնը իբրեւ աւարտական շարադրութիւն՝ 1920 թ. ստացաւ բնական գիտութեանց դոկտորի տիտղոս։

Հետզհետէ վրայ հասած դժբախտութիւնները եւ Ռոստոմի մահը պատճառ դարձան որ Տիկ. Զօրեանը այլեւս Կովկաս չվերադառնայ։ 1923 թ. նա պաշտօնի կոչուեց Քրաֆտ-Բոնարի անդուլ ջանքերի շնորհիւ ստեղծուած Հայկական Որբանոցում եւ 11 տարի շարունակ զբաղուեց որբերի դաստիարակութեան գործով։ Բայց 1934 թուին Քրաֆտ-Բոնարի Որբանոց-Դպրոցը փակուեց, եւ Տիկ. Եղիսաբէթը նորից զրկուեց իր սիրած գործից, այս անգամ նիւթական եւ բարոյական անհամեմատ աւելի ծանր պայմաններում։ Սակայն, որքան եւ դառն լինի վիճակը, նա գոհունակութեամբ կարող է նայել իր անցած ճանապարհին։ Նա իր բացառիկ կարողութիւնը, մտաւոր հարուստ պաշարը, իր ամբողջ կեանքն նուիրեց հայ ժողովուրդին։ Նրա ձեռքից անցան բազմաթիւ աշակերտներ եւ աշակերտուհիներ։ Նա ինչ որ ունէր զոհաբերեց հայ դպրոցին ու հայ հասարակութեան։ Եւ Հպարտութեամբ կարող է ասել. «Ես կատարեցի իմ պարտքն ու ուխտը»։ Այժմ հերթը հասարակութեանն է։ Ժընեւի գաղութը նրան տալիս է հնարաւորութիւն ասելու. «Ես էլ կատարեցի ի՛մ պարտքը»։

Ս. Վրացեան

«ՎԷՄ», 1934

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.