Դաւիթ Իշխանեանը անցել է հայրենանուէր ճանապարհ, իր ծառայութիւնն է բերել մեր երկրին ու ժողովրդին

Այս անցումային, բարդ ժամանակահատուածում նման մարդկանց ներկայութիւնը եւ ղեկավար լինելն անհրաժեշտութիւն է

Շատ խօսքեր կարելի է ասել այս իսկապէս մեծատառով մարդու, հոգատար ընկերոջ մասին, ով խոր հետք է թողել մեր 30 տարուայ անցած ճանապարհի վրայ։ Այս մասին Օգոստոսի 7-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ նշել է «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան քարտուղար Վահրամ Բալայեանը՝ շնորհակալութիւն յայտնելով ԱՀ ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասեանին։

Անդրադառնալով ԱՀ ԱԺ նախագահ առաջադրուած Դաւիթ Իշխանեանի թեկնածութեանը՝ պատգամաւորն ասել է, որ հարազատի մասին դժուար է նրա ներկայութեամբ խօսել, ներկայացնել․

«Դաւիթ Իշխանեանին լաւ եմ ճանաչում, պատիւ եմ ունեցել լինելու նրա դասախօսը, կուսակցական ընկերը, ընկերը։ Այս վերջին օրերին, երբ մարդկանց հետ հանդիպում եմ, նրանք հարցնում են՝ Դաւիթ Իշխանեանն ի վիճակի՞ է Ազգային ժողովի նախագահ լինել եւ ժողովրդին, երկրին ծառայել։ Ես մարդկանց պատասխանում եմ, որ ոչ միայն Ազգային ժողովի նախագահ, այլեւ աւելի բարձր պաշտօնում էլ կարող է լինել։ Բնաւորութեամբ չոր անձնաւորութիւն է եւ շատ դէպքերում կարող է իրեն չներկայացնել այնպէս, ինչպէս իրականում ինքը կայ։ Խորքային անձնաւորութիւն է, եւ շփումների ընթացում համոզւում ես, որ Արցախը կարող է հպարտանալ, որ նմանօրինակ զաւակ ունի։

Դաւիթ Իշխանեանի ռազմական, քաղաքական գործչի կերպարի մասին հետեւեալը պիտի ասեմ, որ նա եփուել է այս ամէնի մէջ, անցել է հայրենանուէր, աստուածաշնորհ ճանապարհ, իր ծառայութիւնն է բերել մեր երկրին ու ժողովրդին։ Այդ ճանապարհը հարթ չի եղել՝ քաղաքական կոնիւկտուրայից, որոշ հանգամանքներից ելնելով, շատ դէպքերում իշխանութեան շատ իշխանասիրութեան պատճառով։ Բայց այդ ամէնը Դաւիթ Իշխանեանը յաղթահարել է։

Քաղաքական գործչի համար անչափ կարեւոր է սկզբունքային լինելը։ Այս մարդու մէջ դա շատ է, սկզբունքային է, եւ անկախ որեւէ հանգամանքից նա մշտապէս իր սկզբունքներին հաւատարիմ է։ Դ․ Իշխանեանը՝ որպէս քաղաքական գործիչ, կարգապահ անձնաւորութիւն է, որը մեր օրերում անչափ կարեւոր է, որովհետեւ կարգապահութեան շնորհիւ ի վիճակի ենք այս բարդ, ծանր ժամանակաշրջանը յաղթահարել։ Մտահոգութիւն յայտնուեց, որ քաղաքական փոքրամասնութիւնը չի կարող Ազգային ժողովի նախագահ ունենալ։ Դասական պառլամենտարիզմի տեսանկիւնից դա այդպէս է, բայց մենք ոչ ստանդարտ ժամանակներ ենք ապրում, եւ նախագահի որոշումը ճիշդ է, որովհետեւ սա համախմբող դերակատարութիւն պիտի ունենայ, մանաւանդ պառլամենտի ներսում։ Այն լաւագույն աւանդոյթները, որ պարոն Թովմասեանն այս վերջին տարիներին արմատաւորել է, համոզուած եմ, որ շարունակուելու ու աւելի են խորացուելու։

Դաւիթ Իշխանեանի մարդ տեսակի մասին ասեմ, որ ինքը «հեշտ ուտուող» մարդ չէ։ Սա եւս կարեւոր հանգամանք է, որը լրացնում է քաղաքական գործչի բնութագրումը։ Նա իր անցած ճանապարհով ապացուցել է, որ ազնիւ անձնաւորութիւն է, հոգատար մարդ է իր շրջապատի նկատմամբ։ Յորդորում եմ պաշտպանել Դ․ Իշխանեանի թեկնածութիւնը, եւ սխալուած չէք լինի։ Այս անցումային, բարդ ժամանակահատուածում նման մարդկանց ներկայութիւնը եւ ղեկավար լինելն անհրաժեշտութիւն է։

Արցախ աշխարհը հզօր մարդիկ շատ է տուել, որոնք ծանր բեռը հազարամեակներ շարունակ տարել են՝ սկսած Առան նահապետից մինչեւ Վաչական Բարեպաշտ, Աւան հարիւրապետ, Եսայի Հասան-Ջալալեան, Եղիշէ Իշխանեան, Հայրապետ Մուսայէլեան։ Մարդիկ, որոնք ժողովրդին հանել են կրակներից եւ առաջ են տարել։ Ամէն անգամ թուում էր, թէ սա վերջը պիտի լինէր, բայց այս մարդիկ կարողացել են նուրբ դիւանագիտութիւնը համակցել ուժի հետ։ Սա շատ կարեւոր է, եւ կարծում եմ, որ պարոն Իշխանեանն այս սկզբունքները հաշուի կ’առնի։ Բայց կայ նաեւ մէկ ուրիշ հանգամանք․ այդ գործիչների կողքին ունեցել ենք նաեւ Մելիք Շահնազար, որի քաղաքականութեան դառը պտուղներն առ այսօր քաղում ենք։ Ես ցանկանում եմ, որ մեր քաղաքական գործիչները հեռու մնան այդ ճանապարհից, ընտրեն առաջին ուղին, որովհետեւ դա Աստուածահաճոյ է եւ յանուն Արցախի ժողովրդի»։

Comments are closed.