«Դաշնակցութիւնը եղել է, կայ եւ լինելու է այն ուժը, որը հաւատարիմ է հողին ու հային». Իշխան Սաղաթելեա

«Դաշնակցութիւնը եղել է, կայ եւ լինելու է այն ուժը, որը հաւատարիմ է հողին ու հային». Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի ելոյթը`ՀՅԴ 131-ամեակի հանդիսութեանը.

Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների յարգարժա՛ն նախագահներ, Սրբազան Հա՛յր, յարգելի՛ հիւրեր, սիրելի՛ ընկերներ

Տասնամեակների աւանդոյթ է՝ ամէն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը։ Դա առիթ է հաշուետուութեամբ արժեւորելու անցած ճանապարհը, խօսելու բացթողումների, չարուած գործերի մասին։ Առիթ է նաեւ հանրայնացնելու Դաշնակցութեան մօտեցումները եւ տեսակէտները առանցքային հարցերի վերաբերեալ։

1890 թուականին հիմք դրուեց մի կազմակերպութեան, որին վճռորոշ դեր էր վիճակուած հայ ժողովրդի պատմութեան մէջ։ Դաշնակցութեան պատմութիւնն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմութիւնից։ Պայքարի ու անմնացորդ նուիրումի 100 եւ 31 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը հաւատարիմ է մնացել իր առաքելութեանը՝ ծառայել Հայաստանի ու հայութեան ազատագրման դատին։ Պատւով ու հայրենիքով երդուեալների իրարայաջորդ սերունդների նպատակը եղել է մէկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։

Եւ այդ պայքարը շարունակւում է արդէն 131 տարի։ Փոխւում են ժամանակները, փոխւում են պայքարի ձեւերն ու մեթոդները, փոխւում են մարտահրաւէրներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխաւոր նպատակը։

Երէկ, այսօր եւ վաղը Դաշնակցութիւնը եղել է, կայ եւ լինելու է այն ուժը, որը հաւատարիմ է հողին ու հային։ Դաշնակցութիւնն անցեալ ունեցող, ներկայով ապրող եւ ապագայի տեսլականով կազմակերպութիւն է։ Միշտ կենսունակ կազմակերպութիւն։

Գործելով Հայրենիքում եւ Հայրենիքից դուրս՝ Դաշնակցութիւնը միշտ վառ է պահել անկախ պետականութեան գաղափարը։ 1990 թ. Դաշնակցութիւնը վերադարձաւ Հայրենիք եւ անմիջապէս ձեռնամուխ եղաւ Արցախի ինքնապաշտպանութեան կազմակերպմանը։ Դաշնակցութիւնը ոգի ու կազմակերպուած բնոյթ հաղորդեց ազատագրական պայքարին։ Կազմակերպութեան նուիրեալների մի ամբողջ փաղանգ կեանքով ու գործով ապացուցեց, որ Դաշնակցութեան բազուկը չի կորցրել իր ուժը։ Զինական գործին զուգահեռ՝ Դաշնակցութիւնն ակտիւ գործունէութիւն ծաւալեց նաեւ քաղաքական ասպարէզում։

Դաշնակցութեան մուտքը սպասուած էր շատերի համար, բայց նաեւ անցանկալի` որոշների, յատկապէս` օրուայ իշխանութիւնների համար, որովհետեւ տեսակի, նկարագրի, արժեհամակարգի խնդիր կար։ Եւ կրկին փորձ արուեց կասեցնելու կազմակերպութեան գործունէութիւնը Հայրենիքում։

1998 թ. Լեւոն ՏէրՊետրոսեանի հեռացումից յետոյ, դադարեցին հալածանքները Դաշնակցութեան նկատմամբ: ՀՅԴն արդարացուեց։ 1999-2009 եւ 2016-2018 թուականներին Դաշնակցութիւնը տարբեր ձեւաչափերով մաս է կազմել իշխանութեանը։

Մենք ոչ միայն լաւ կռուել գիտենք, այլ նաեւ կառուցել։ Ժամանակն էր լծուելու պետականաշինութեան գործին։ Հիմա շատ է խօսւում այդ տարիների ե՛ւ ձեռքբերումների, ե՛ւ բացթողումների մասին։ Մենք մեր ողջ ուժերով, համահայկական կառոյցով` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, մասնակցել ու մեր նպաստն ենք բերել երկու պետականութիւնների կառուցման գործին։

Այո՛, այդ տարիներին եղել են մեծ ձեռքբերումներ, եղել են նաեւ սխալներ, բայց այդ սխալներն արագ շտկուող էին, դրանք մեզ թուլացնող, մեր զարգացման տեմպերը դանդաղեցնող սխալներ էին, բայց ոչ երբեք` կործանարար։

Դաշնակցութիւնից մեր ժողովրդի սպասումները միշտ մեծ են եղել, բայց տուած քուէն` ոչ բաւարար։ Մենք, յանուն քուէի, երբեք ամբոխավարութեամբ չենք զբաղուել, միշտ ցոյց ենք տուել իրական զարգացման ճանապարհը, որը եղել է բարդ եւ դժւարանցանելի։ Մենք ամբողջական իշխանութիւն չենք ունեցել` մեր ծրագրերը լիարժէք իրականացնելու համար, այդ պատճառով մաս ենք կազմել տարբեր կառավարութիւնների։ Այո՛, մենք մեր մասնակցութեան չափաբաժնով տէր ենք այդ տարիների ե՛ւ լաւին, ե՛ւ վատին։

Եւ, առհասարակ, մենք մեր կուսակցութեան 131 տարիների, մեր կենսագրութեան իւրաքանչիւր օրուայ, իւրաքանչիւր քայլի եւ որոշման համար հաշւետու ենք մեր ժողովրդին։ Մենք սխալներ ունեցել ենք, չեն սխալւում ոչինչ չանողները, բայց ինքներս մեզ ու մեր գաղափարներին, մեր համոզմունքներին, մեր նպատակներին երբեք չենք դաւաճանել։

Յարգելի՛ ներկաներ

Կարող ենք շատ երկար խօսել, քննարկել եւ վերլուծել անցեալը, բայց առաջարկում եմ կենտրոնանալ ներկայի եւ ապագայի վրայ: Այսօր Հայաստանը եւ հայ ժողովուրդը խոր ճգնաժամի մէջ են:

Օրուայ իշխանութիւնը ձախողուել է բոլոր ուղղութիւններով՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականութեան, անվտանգութեան, պաշտպանութեան, բանակաշինութեան, տնտեսութեան։ Ձախողուել են նաեւ այն ոլորտներում, որոնք, իբր, իրենց համար արժէք էին եւ համոզմունք։ Արդէն ակնյայտ փաստ է՝ նրանք որեւէ կապ եւ առնչութիւն չունեն ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, արդար դատական համակարգի, քաղաքացու` ազատ ընտրելու եւ ընտրուելու իրաւունքի հետ։ Նրանց համար դրանք, ինչպէս մնացած պարագաներում, ընդամէնը լոզունգ են՝ ֆէյսբուքեան ստատուս, մարդկանց մոլորեցնելու միջոց, բայց ոչ երբեք` նպատակ։

Արդար դատական համակարգի ջատագովները կալանաւորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատաւորներին։ Ազատ ընտրութիւնների ջատագովները կալանաւորում են ժողովրդի կողմից ընտրուած` համայնքի ղեկավարներին։ Ուժային կառոյցները դարձել են երկրում մէկ մարդու իշխանութիւն, աւելի ճիշտ՝ բռնապետութիւն հաստատելու բութ գործիք, իսկ միջազգային հանրութիւնը եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնները լուռ հետեւում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում՝ Հայաստանում ժողովրդավարութիւնն առաջընթաց է ապրում։ Ամէն ինչ պարզ է` այս իշխանութիւնը ձեռնտու է բոլորին, բացի հայերից:

Մեր երկրի ներքաղաքական իրավիճակն այս պայմաններում շատերն են այսօր փակուղային համարում։ Ո՛չ փողոցային պայքարը, ո՛չ քաղաքական, ռազմական, մշակութային, գիտական, հոգեւոր էլիտաների պահանջը, ո՛չ էլ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները հնարաւոր չդարձրեցին Հայաստանը պարտութեան տարած վարչախմբի հեռացումն իշխանութիւնից։ Սա չլսուած երեւոյթ է, բայց` իրականութիւն. երկրին աղէտ եւ դժբախտութիւն բերած իշխանութիւնը շարունակում է պաշտօնավարել եւ երկիրը տանել նոր կործանարար զիջումների։

Յաճախ ինքս ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ։ Ի՞նչն է պակասում մեր քաղաքական պայքարին։ Կազմակերպուածութի՞ւնը։ Վճռականութի՞ւնը։ Համապատասխան տեխնոլոգիաների բացակայութի՞ւնը։ Իսկ գուցէ չափից աւելի շրջահայեաց լինե՞լը։

Մենք` որպէս ընդդիմութիւն, պատասխանատւութիւն ենք ունեցել երկրի կայունութեան եւ անվտանգութեան համար, քանի որ մեր պայքարը իշխանութեան համար չէր, այլ երկրի: Մինչդեռ նա թքած ունէր ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի անվտանգութեան վրայ։ Նա թքած ունէր մեր պետութեան միջազգային հեղինակութեան վրայ։ Թքած ունէր մեր ժողովրդի ցաւի ու կորուստների վրայ։ Նրա նպատակն ամէն գնով իշխանութեան պահպանումն է։ Եւ նա անում է դա, նորից եմ կրկնում, ի հաշիւ մեր ամենօրեայ կորուստների։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ես կարող եմ շատ երկար թւարկել, թէ ինչ կորուստներ է պատճառել այս իշխանութիւնը մեր ժողովրդին ու պետութեանը։ Բայց, կարծում եմ, հիմա դրա կարիքը չկայ, դրանք բոլորին յայտնի փաստեր են։ Կարող եմ ասել միայն, որ այդ գործընթացը երբեք կանգ չի առել։ Այն նոյնիսկ չի դանդաղել եւ նոյն տեմպով շարունակւում է հէնց այս պահին։ Հայթուրքական, այսպէս կոչուած, հաշտեցման գործընթացը դրա վկայութիւնն է։

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք արդէն չափից աւելի ենք հանդուրժել այս իշխանութիւնների կամայականութիւնները։ Ասաց՝ ինչ ուզեմ` կը բանակցեմ, արդիւնքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանութիւն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը. պետականութեան կորուստ։ Արդէն բաւ է։ Նահանջելու տեղ չունենք։ Սպասելու ժամանակ չունենք։ Հայթուրքական, այսպէս կոչուած, հաշտեցման գործընթացը, որը յանգեցնելու է Հայաստանի թուրքացման, պէտք է կասեցնել։ Եւ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղութիւններից մէկը։

Հայ ժողովրդին Ցեղասպանութեան ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երեւանի կենտրոնում զւարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետեւենք այդ ամենին: Թոյլ չե՛նք տալու, մոռացէ՛ք։

Խօսքս ուղղում եմ իմ դաշնակցական ընկերներին:

Սիրելի՛ ընկերներ

Գիտեմ՝ վիրաւոր ենք, դառնացած եւ գլխիկոր, գիտեմ՝ շատերդ, ատամները սեղմած, որոշման էք սպասում, շատերդ մեզ քննադատում էք, որ այդ որոշումն ուշանում է, նոյնիսկ երբեմն մտածում էք, որ Դաշնակցութիւնն առաջւանը չէ, համակերպուել է, հանդուրժում է դաւաճան իշխանութեանը, երկիրն աղէտի բերած իշխանութեանը, հանդուրժում է լկտիութիւնը, նոյնիսկ թուրքի առաջ ծնկի եկածները համարձակւում են ձեռք բարձրացնել ու անպատիժ մնալ։

Սիրելի՛ ընկերներ

Այն պահից, երբ Դաշնակցութիւնը համակերպուեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դաւաճաններին, այդ պահից կը դադարի լինել Դաշնակցութիւն, կը հեռանայ իր էութիւնից, ծրագրից, արմատներից։ Իսկ ինչ վերաբերում է իշխանութիւնների լկտիութիւններին՝ մենք պարզապէս չենք ուզում, որ երկիրը վերածւի քաոսի ու անարխիայի։ Կարծում եմ՝ պարզ ասացի:

Ի միջի այլոց, երբ գլխաւոր մեղաւորը եւ պատասխանատուն ասում էր՝ եթէ ես սխալ եմ, թող ժողովուրդն ինձ գնդակահարի պատերի տակ, կրկին պէտք է յիշեցնեմ՝ մենք ջունգլիներում չենք ապրում, Հայաստանում պատերի տակ մարդ չեն գնդակահարելու, ՀՀում պէտք է լինի օրէնք, դատարան, եւ յանցագործներն իրենց պատիժը ստանան օրէնքով, ու ստանալու են:

Սիրելի՛ ընկերներ

Մենք՝ դաշնակցականներս, մեր պատմութեան 131 տարիների ընթացքում շատ դժւարութիւնների միջով ենք անցել, մենք սովոր ենք ե՛ւ բռնաճնշումների, ե՛ւ հալածանքների, ե՛ւ զոհաբերութեան, բայց միշտ կարողացել ենք յաղթահարել իրավիճակը եւ պատւով դուրս գալ, քանի որ մեր կողքին, մեր մէջ եւ մեզ հետ ունեցել ենք ձեզ նման գաղափարակիրներ, համակիրներ, գործընկերներ, հայ ժողովրդի արժանաւոր զաւակներ, որոնց հետ կրկին մենք պատրաստ ենք պայքարել, ոտքի կանգնել եւ յաղթել:

Սա կը ցանկանամ իմանան բոլորը.

Դաշնակցութիւնը մէկ անձի կուսակցութիւն չէ։ Ով հակառակն է մտածում, չի ճանաչում Դաշնակցութեանը։

Դաշնակցութիւնն այլ քաղաքական ուժերի կամ անհատների կամքով առաջնորդուող կառոյց չէ։ Ով հակառակն է կարծում, չգիտի Դաշնակցութեան էութիւնը։

Դաշնակցութիւնը որեւէ ուժային կենտրոնի ձեռքում գործիք չէ: Ով այլ կերպ է մտածում, չի ըմբռնում ՀՅԴ հայկականութեան խորքն ու ոգին։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից յետոյ Հայաստանում փոխուել է քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը։ Այն դուրս է եկել ընդդիմութիւնիշխանութիւն դասական տրամաբանութիւնից։

Մի առիթով ասել եմ, հիմա կրկնեմ՝ Դաշնակցութեան եւ օրուայ իշխանութեան հակադրութեան պատճառը անձնական եւ անհատական չէ, այն աւելի խոր եւ գաղափարական հիմքեր ունի:

Մեր եւ իշխանութեան հակադրութեան բուն առարկան հայութեան, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների, Սփիւռքի ներկայի ու ապագայի տեսլականն է:

Մեր նպատակն է կերտել ազգային լիարժէք պետութիւն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնութիւնը եւ զարգանալ՝ առաջ մղելով ազգայինպետական կենսական շահերը։

Իսկ օրուայ իշխանութեան իրական նպատակն է, պահպանելով պետութեան նոմինալ գոյութիւնը, ձերբազատուել ազգային ինքնութիւնից, հրաժարուել մեր սերունդների անժամանցելի իրաւունքներից ու շահերից:

Աւելի պարզ ձեւակերպեմ. սա պայքար է երկու տեսակների` մարդկանց, որոնք ուզում են մնալ հայ, ունենալ պետութիւն, հայրենիք, ապրել արժանապատիւ, եւ մարդկանց, որոնք առանց դրա էլ եօլայ կը գնան:

Մենք մերժում եւ անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրուայ իշխանութեան այս պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ:

Ահա սա է մեր եւ օրուայ իշխանութեան հակադրութեան բուն պատճառը, առարկան եւ էութիւնը, ուստի բոլոր իրադարձութիւններին պէտք է անդրադառնալ հէնց այս դիտանկիւնից։

Սիրելի՛ հայրենակիցներ

Այս իշխանութիւնն աղէտաբեր է Արցախի եւ հայութեան համար։ Պարտութեան եւ պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղութիւն, անվտանգութիւն, բարեկեցութիւն:

Մեր երկիրը պէտք է ունենայ ազգային իշխանութիւն, որը կը կասեցնի պետականութեան կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիութիւնը, տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու` իր հիմնական գործառոյթը, կը հաստատի արժանապատիւ խաղաղութիւն, պետականութիւնը կը վերադարձնի ժողովրդին, Հայաստանը կը դարձնի արժանապատիւ եւ բարեկեցիկ երկիր:

Սիրելի՛ հայրենակիցներ

44-օրեայ պատերազմը, դրա հետեւանքները եւ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը դատավճիռ չէ։

Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կէտից, ցաւօք, արդէն կատարուել են։ Ի միջի այլոց, մենք այդ փաստաթղթով, առանց կրակոցի, աւելի շատ տարածք ենք տուել թշնամուն, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։

Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տուող պայմանները, կը փոխենք պայմանները, կը փոխւի իրավիճակը:

Մենք պէտք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլուած կը լինեն մեր կենսական շահերը։

Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձութեան տանելու արկածախնդրութիւն չէ։ Սա կենսական պայքար է հայ ժողովրդի ապրելու իրաւունքի եւ պետականութիւն ունենալու համար։

Շատերն ասում են` դէ աշխարհը, միջազգային հանրութիւնն ընդունել են այս ամէնը, մենք էլ թոյլ ենք, անպաշտպան, այլեւս ոչինչ հնարաւոր չէ, սա մեր ճակատագիրն է։

Ո՛չ, սիրելի՛ հայրենակիցներ, երբ վռնդենք այս` պարտութեան սիմւոլ իշխանութեանը, իրավիճակը կը փոխւի: Համաժողովրդական լեգիտիմութիւն, ազգային դիմագիծ ու տեսլական ունեցող իշխանութեան հետ աշխարհն այլ լեզւով է խօսելու։

Երբ Հայաստանում լինի իշխանութիւն, որն Ալիեւի թէզերը հիմնաւորելու եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու փոխարէն կը պաշտպանի հայկական շահերը, վստահեցնում եմ` վիճակն այլ կը լինի։

Հետեւաբար, Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ։

Խոշոր հաշւով` այս իշխանութիւնների նկարագիրը պարզ է` ապազգային, անհայրենիք, սրբութիւն չունեցող մարդկանց մի խումբ, որը երկիրը տանում է շարունակական պարտութեան: Մնում է մէկ, էական հարցի պատասխան` ի՞նչ պէտք է անի այս իրավիճակի հետ չհաշտուող հայը, ո՞րն է ելքը։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ստեղծուած իրավիճակից ելքը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում համազգային դիմադրութիւն ձեւաւորելն է։

Դիմադրութիւն, որը պէտք է համահայկական միասնութեամբ վիժեցնի Հայաստանի թրքացման եւ Արցախի հայաթափման` արդէն իսկ գործի դրուած ծրագիրը։

Դիմադրութի՛ւն, որը պէտք է ուղղուած լինի մեր թշամիներին եւ նրանց սպասարկող ուժերին, դիմադրութի՛ւն մեր պետութիւնը կազմաքանդող ուժերին, դիմադրութի՛ւն մեր հայրենիքը հերթական անգամ պարտութեան եւ նոր աղէտի տանող օրակարգերին, դիմադրութի՛ւն, որն ամբողջ աշխարհին ցոյց կը տայ, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, պատերազմի արդիւնքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրելու, զարգանալու եւ իր ինքնութիւնը պահելու կամք եւ վճռականութիւն ունի:

Օրուայ իշխանութիւնները պէտք է տեսնեն եւ հասկանան, որ կեղծ, անհեռանկար ու պատեհապաշտ լոզունգների տակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն:

Իսկ ինչպէ՞ս պէտք է հասնել դրան

Առանց հուսահատութեան, առանց աւելորդ զգացմունքների, աննահանջ, հետեուողական պայքարով, յենուելով առաջին հերթին սեփական ուժերի վրայ, մենք պէտք է երկրում իրավիճակ փոխենք։ Մենք պէտք է ապացուցենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշւում է Հայաստանում, որոշւում է հայ ժողովրդի զաւակների կողմից։

Յարգելի՛ ներկաներ, ես գիտեմ, ես տեսել եմ, ձեզանից շատերը, մենք միասին, երկար ենք պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգուածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողութիւնների գնացել, ի վերջոյ՝ ամէն ինչ արել, որպէսզի այս ամէնը տեղի չունենայ։ Բայց, սիրելի՛ ժողովուրդ, մեր հիմնական խնդիրը դեռ լուծուած չէ։ Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգուած մնալ։ Յոգնելու, նահանջելու, հիասթափուելու, համակերպուելու կամ արտագաղթելու ոչ մի իրաւունք չունենք։ Մենք ուղղակի պարտաւոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում` կը կորցնենք ամէն ինչ։ Ամէն, ամէն ինչ։

Պայքարի դէպքում կայ հնարաւորութիւն մեր մէջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Առանց պայքարի մենք դատապարտուած ենք։

Դիմադրութիւնը մէկ օրուայ, մէկ մարդու, մէկ ուժի պայքար չէ, սա իւրաքանչիւր արժանապատիւ հայ մարդու գործն է:

Դիմադրութեան մաս պէտք է կազմենք բոլորս՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելութիւնից ու քաղաքական նախասիրութիւններից, մասնագիտութիւնից եւ աշխարհագրութիւնից։

Դիմադրութիւնը պէտք է դառնայ մեր հաւատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրեան, մեր ամենօրեայ գործունէութեան մասը։

Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները` լինեն հայ կամ օտարազգի, դիմադրութեան պէտք է հանդիպեն ամէն տեղ՝ փողոցում, աշխատավայրում, արտերկրում։

Սիրելի՛ հայրենակիցներ

Ես Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անունից յայտարարում եմ` Դաշնակցութիւնը պատրաստ է լինել առաջիկայ պայքարի շարքային զինուորը` առանց որեւէ կուսակցական եւ քաղաքական յաւակնութեան, Դաշնակցութիւնը պատրաստ է նաեւ լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաեւ լինել տարբեր ուժերին յաղթանակի դրօշի տակ համախմբողն ու միաւորողը։

Սիրելի՛ հայրենակիցներ

Դիւրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաեւ դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի յաջողութիւնը պահանջում է նաեւ տոկունութիւն եւ զոհաբերութիւն, համախմբում։

Հայաստանի, Արցախի, Սփիւռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգեւոր համայնքը, պահանջատէր երիտասարդութիւնը պարտաւոր են հայոց պետականութեան անկումը կասեցնելու եւ Հայ ժողովրդի արժանապատւութիւնը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի։

Պարտութեան եւ պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացուելու է,

Սիւնիքը չի՛ զիջուելու,

Արցախը վերականգնուելո՛ւ է,

Հայաստանը չի՛ թուրքացուելու,

Եւ ինչպէս Ցեղասպանութեան զոհ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալոյս։

Երեւան, 2022թ. փետրուարի 5

Leave a Comment

You must be logged in to post a comment.