Գանատահայութիւնը հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղութեամբ. Րաֆֆի Պէքմէզեան

Մէկ ամիս ընթացող Արցախեան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պէս Գանատայի հայ համայնքը րոպէների ընթացքում, գիտակցելով հայրենիքի համար օրհասական պահը, արագ լծուել է գործի՝ համագանատական ազգային նուիրահաւաք կատարելով՝ յօժանդակութիւն Արցախի։

Yerkir.am-ի հետ զրոյցում ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի՝ Արցախի օժանդակութեան յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Պեքմեզեանն ասաց, որ մինչև այս պահը հանգանակուել է 1 միլիոն Գանատական դոլար։

– ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն Արցախեան առաջին ազատամարտի օրերին հիմնեց Արցախի օժանդակութեան հիմնադրամը՝ իր բոլոր կարելիութիւններով արձագանգելու ազատ և անկախ Արցախի կարիքներին։ Հիմնադրամի առաքելութիւնը չի փոխուել նաև այսօր՝ սոցիալական, տնտեսական զարգացման տարբեր ծրագրեր, սահմանամերձ շրջանների ամրապնդման, վերաբնակեցման հիմնախնդիրներ։ Օրինակ՝ վերջին ծրագրերը, որ յանձնախումբը նախաձեռնել էր, արևային համակարգերի տեղադրումն ու ջերմոցային տնտեսութիւնների հիմնումն էր սահմանամերձ գիւղերում, սակայն, ցաւօք, նախ թագավարակի (COVID-19), ապա այս օրերի Արցախեան պատերազմի պատճառով այն առայժմ կանգ է առել։ Սակայն ասեմ, որ յանձնախումբը սեպտեմբերի 27-ին սկսուած պատերազմից րոպէներ անց արդէն լծուել է աշխատանքի. յանձնախումբը «Մեր սուրբ հողը՝ մեր Արցախը, անգամ մը եւս կը կանչէ մեզի… միասին եւ բոլորս, յանուն Արցախի» կոչ յղեց, և Արցախի կարիքների, վերականգնման համար առաջնային համարուեց կազմակերպել համագանատական ազգային նուիրահաւաք։

– Ովքե՞ր են հիմնականում միանում հանգանակութեանը։

– Հանգանակութեանը մասնակցում են Գանատայի և նոյնիսկ Միացեալ Նահանգների մեր հայրենակիցները՝ առանց խտրութեան և առանց հաշուի առնելու քաղաքական նախընտրութիւնները։ Մասնակցում են հայկական միութիւններ, կազմակերպութիւններ, եկեղեցիներ, անհատներ… Ասեմ, որ հանգանակութեանը մասնակցում են նաև այլազգիներ՝ արաբներ, հնդիկներ, գանատացիներ, չինացիներ, պարսիկներ, որոնք անկեղծօրէն կիսում են մեր ցաւը: Սա նաև խօսում է Գանատայում հայ համայնքի հանդէպ վերաբերմունքի, հոգածութեան մասին. հայ համայնքը Գանատայում մեծ յարգանք է վայելում։

– Մինչեւ այս պահը որքա՞ն գումար եւ ի՞նչ օժանդակութիւն է Գանատայից ուղարկուել Արցախ։

– Նուիրահաւաքի առաջին օրից մինչև այս պահը մօտաւորապէս մէկ միլիոն գանատական տոլար է հանգանակուել, որը, ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ, պիտի փոխանցուի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նշեմ, որ Գանատայի Արցախի հիմնադրամի օժանդակութիւնն այս պահին հիմնականում նիւթական է, քանի որ այն ամենաարագ միջոցն է՝ հասնել տեղի անմիջական կարիքներին, սակայն չի սահմանափակւում միայն նիւթականով։ Ուղարկուել են և յետոյ ևս, ըստ կարիքների, կ՚ուղարկուեն բժշկական պարագաներ, առաջին օգնութեան պարագաներ, քնապարկեր և այլն։

Նշեմ նաև, որ օժանդակութեան (նիւթական կամ առարկայական) աշխատանքների մէջ են Գանատայի ՀՅԴ բոլոր ուղեկից միութիւնները՝ ՀՕՄ, Համազգային մշակութային միութիւն, ՀՄԸՄ, նաև առանձին անհատներ Գանատայից։ Օժանդակութիւնները միայն այսօրուայ իրավիճակով չեն պայմանաւորուած, դրանք մշտապէս եղել են և շարունակւում են։

– Դեռ որքա՞ն է շարունակուելու հանգանակութիւնը։

– Հանգանակութիւնը և, առհասարակ, յանձնախմբի աշխատանքները շարունակուելու են այնքան ժամանակ, քանի կարիքը կայ։ Պատերազմի յաղթական աւարտին մեր ծրագիրն ընդգրկում է վերաշինութիւն։ Հանգանակութիւնը պէտք է շարունակուի ինչպէս մէկանգամեայ, այնպէս էլ ամսական նուիրատուութիւնների ձևով, այսինքն՝ մեր հայրենակիցների համար հանգանակութիւնը բաց է. ազատ են, ով որքան ժամանակ և երբ՝ կարող է մասնակցել։ Մենք արդէն ունենք նուիրատուներ, որոնք մէկանգամեայ նուիրատուութեամբ չեն սահմանափակւում, ցանկութիւն և պատրաստակամութիւն են յայտնել պարբերաբար ունենալ իրենց մասնակցութիւնը Արցախի վերականգնման՝ մեր աշխատանքներին։

– Ինչպէս ամբողջ աշխարհում, այնպէս էլ Գանատայում հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով Արցախի անկախութիւնը, ի՞նչ ակնկալիք ունէք, Գանատահայութեան պահաջները նո՞յնն են, ինչ ամբողջ հայութեանը, գլխաւորաբար՝ Արցախի անկախութեան ճանաչում։

– Գանատահայութիւնը մտերիմ բարեկամներ ունի Գանատայի կառավարութեան բոլոր օղակներում՝ Դաշնակցային, Նահանգային, քաղաքային, և այս բոլոր օղակներում, Գանատահայութիւնը, ի մասնաւորի Հայ Դատը, ակտիվ և հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղութեամբ։ Վստահ եմ՝ եթէ ոչ այսօր, ապա վաղը Արցախը կը ճանաչուի որպէս անկախ պետականութիւն։

– Հետաքրքիր է՝ գանատացիներն ինչպէ՞ս են վերաբերւում տեղի հայերի այդպիսի համախմբմանն ու այս նախաձեռնութեանը։

– Գանատացիներն ընդհանրապէս հետաքրքրուած են Արցախի իրավիճակով և աջակցում են թէ՛ հոգեպէս, թէ՛ մեր նուիրահաւաքներին՝ իրենց նիւթական աջակցութեամբ։ Բնաւ խնդիր չեն առաջացնում, աւելին՝ յարգանքով են վերաբերւում հայութեան բողոքի ձայնին և, օրինակ, ցոյցերով փողոցները փակելուն, շատերը միանում են մեր բողոքի ձայնին կամ մօտենում, հետաքրքրւում՝ ինչումն է հարցը: Սակայն ամենակարևորը, որ շատ են նշում, հիանում են հայութեան միասնականութեամբ և հայրենասիրութեամբ։

– Ինչպէ՞ս եք տեսնում պատերազմի ելքը։

– Պատերազմի միակ ելքը մեր միասնականութեամբ յաղթանակն է, ուրիշ ելք չկայ։

Յաղթելու ենք։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐԵԱՆԸ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.