Բոլորը պայքարում են հայրենիքի համար՝ «բանակը թիկունքի համար, թիկունքը՝ բանակի» սկզբունքով

Հայաստանում շարունակում են աջակցել թիկունքում մարտնչող քաջերին և մեր արցախցի քոյրերին ու եղբայրներին։ Բազմաթիւ երիտասարդներ նոյնիսկ աշխատանքից են դուրս եկել և կամաւոր աշխատանքի անցել մեր քաջերի համար անհրաժեշտ պարագաներ հաւաքագրող թիմերին։

Լիլիան, Ալենը և Արմանը  նոյն թիմում են աշխատում։ Ասում են՝ չեն յոգնում, թիմն աշխատում է 24 ժամ․ դասակարգում ու խմբաւորում են հաւաքուած պարագաները։ Իւրաքանչիւր թիմում ընդգրկուած են  տասնեակ կամաւոր երիտասարդներ, աշխատում են շատ համակարգուած։ Իւրաքանչիւրն իր պարտականութիւնն ունի․ առաջինն առանձնացնում է սննդատեսակները, երկրորդը՝ խնամքի պարագաները, երրորդը խնամքով դասաւորում է հագուստները, միւսը հպարտօրէն ու յուզուած կարդում է զինուորներին ուղղուած քաջալերող  բարեմաղթանքները․․․

Այս օրերին մայրաքաղաք Երևանում երբեմն անձրևներ են տեղում։ Կամաւորներն ասում են՝ եթէ մեր հերոս տղաները մարտնչում են դժուարին պայմաններում, ապա իրենք կարող են դրսում գիշերել ու անդադար աշխատել, հաւաքել ու դասաւորել նրանց անհրաժեշտ իրերը։ Մայրաքաղաքի տարբեր մասերում կամաւորները ամպհովանիներ են պատրաստել, վերարկուներ հագել ու ժրաջան աշխատում են հետևեալ սկզբունքով՝ԲԱՆԱԿԸ ԹԻԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ, ԹԻԿՈՒՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ։

«Մենք այս օրերին ողջ ազգով մի ընտանիք ենք դարձել։ Բոլորը՝ փոքրից մեծ, գալիս են այստեղ, անհրաժեշտ պարագաներ ու սնունդ բերում մեր զինուորների, արցախցի քոյրերի ու եղբայրների համար։ Այստեղ են գալիս տատիկներ ու պապիկներ, սիրով իրենց կենսաթոշակը յատկացնում են մեր զինուորներին»,- մեզ հետ զրոյցում  նշեց Ալենը՝ աւելացնելով՝ փոքրիկները ևս անմասն չեն մնում․ դպրոցականները իրենց ձեռքերով նկարներ են պատրաստում, փակցնում տուփերի վրայ ու ուղարկում մեր քաջերին՝ մաղթելով շուտափոյթ վերադարձ։

Եռանդով աշխատող Լիլիթն ասում է՝ վաղ առաւօտից մինչ երեկոյ աշխատում է, բայց չի յոգնում։ Նա վստահեցնում է՝  երբ ինչ-որ բարի գործ են անում, այն էլ հերոսների համար, այդ գործը յոգնեցնել չի կարող։ Բնականաբար, եղանակային պայմաններն էլ չեն կարող խոչընդոտել։

Հայրենասէր Միլենան էլ ասում է՝  շարունակելու է աշխատել, դասաւորել զինուորներին ուղարկուող պարագաները, քանի դեռ պատերազմը չի աւարտուել։ Նա նշում է՝ այս օրերին իւրաքանչիւրս պէտք է մեր ուժերի ներածին չափով աջակցենք մեր քաջերին, որպէսզի նրանք վստահօրէն իմանան՝ իրենց թիկունքն ամուր է։

«Բոլորս օգնում ենք միմեանց։ Մեզ աջակցում են նաև իրաւապահները, որոնք գիշեր-ցերեկ մեր կողքին են, մեզ հսկում են ու աջակցում, շատ շնորհակալ ենք նրանց՝ աչալուրջ ու նուիրուած աշխատանքի համար։ Մենք՝ հայերս,  ուժեղ ենք ու միասնական, հետևաբար՝ յաղթելու ենք, և ամենակարևորը, թո՛ղ պատերազմն օր առաջ վերջանայ․ հիմա բոլորս  դա ենք ուզում», – եզրափակեց Միլենան։

Յասմիկ  Բալէեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.