Բաց նամակ Արցախի Հանրապետութեան Նախագահ Սամուէլ Շահրամանեանին
Մեծարգոյ պարոն Նախագահ, գրում եմ Ձեզ՝ լավ պատկերացնելով, թէ ինչ դժուար կացութեան մէջ էք և լաւ իմանալով, թէ որքան հակասական առաջարկներ էք ստացել վերջին օրերին Ձեր՝ սեպտեմբերի 28-ի յայտնի հրամանագրի չեղարկման կամ պարզապէս անտեսելու կապակցութեամբ։
Ես նաև տեղեակ եմ սպառնալիքների ու շանտաժի բնոյթ ունեցող նախազգուշացումների այն մեծ հոսքի մասին, որն այս օրերին տարբեր տեղերից ուղղւում է դէպի Ձեզ։ Բայց, կարծում եմ, Դուք էլ կը համաձայնէք, որ մեր ժողովրդի թշնամիների նման վարքագիծը կանխատեսելի էր։ Նրանք ուզում են աւարտին հասցնել սեւ գործը և գալիք տարուան յունուարի մէկին վերջնականապէս արձանագրել Արցախի Հանրապետութեան մահը։
Աստծոյ կամոք, ներքին ու արտաքին թշնամու այդ ծրագրերին այսօր կարող էք խոչընդոտել միայն Դուք։ Այո, դա չափազանց դժուար ու ռիսկային որոշում է։ Բայց նաև պատուաբեր։ Դուք պէտք է չեղարկէք Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մասին Ձեր հրամանագիրը։ Մի՛ լսէք իրաւաբաններին։ Մի՛ լսէք տարատեսակ պաշտօնեաներին։ Մի՛ լսէք Ձեզ սպառնացողներին։ Կատարէք Ձեր պարտքը՝ պաշտպանէք Արցախի Հանրապետութիւնը։
Սեպտեմբերի 28-ի հրամանագիրը չեղարկող Ձեր յաջորդ հրամանագրի տեքստը պէտք է հասանելի լինի հանրութեանը։ Այն պէտք է տարածուի նոյն հարթակներով, որոնցով ժամանակին տարածուել է Արցախին պարտադրուած չարաբաստիկ թուղթը։ Աճպարարութիւններն ու բառախաղերը չեն ընդունուելու։ Չեն ընդունուելու նաև այն պնդումները, իբր Արցախի Հանրապետութիւնը լուծարելու մասին հրամանագիրը ոչինչ չնշանակող թղթի կտոր էր։ Դա այդպէս չէ։ Հաւատացնում եմ՝ հենց այդ «իրաւական ուժ չունեցող» փաստաթուղթն էր այն վերջին կաթիլը, որը ստիպեց մեր հայրենակիցներին լքել Արցախը։
Ես էլ, Դուք էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկումը չի լուծելու Արցախի ու արցախցիների այսօրուայ խնդիրները։ Բայց ես էլ, Դուք էլ, բոլորս էլ գիտենք, որ առանց այդ քայլի Արցախն ապագայ չունի։ Դուք պարտաւոր էք պահպանել հայկական երկրորդ պետութեան համար պայքարելու մեր ազգի վերջին շանսը։ Չլինի Ձեր նոր հրամանագիրը, չի լինելու ոչինչ։ Դա նշանակելու է լիարժէք կապիտուլիացիա։ Նշանակելու է, որ այս ամբողջ պատմութեան մէջ Ալիեւն ու Փաշինեանն էին ճիշտ։ Որ նրանք յաղթեցին Ձեր տեսակին։
Մեծարգոյ պարոն Նախագահ, պատկերացրէք Ձեզ յունուարի 1-ին, այն բանից յետոյ, եթե յանկարծ մինչ այդ չչեղարկէք յայտնի հրամանագիրը։ Ո՞վ էք լինելու Դուք այդ պահին։ Ո՞վ էք լինելու Դուք նախ՝ Ինքներդ Ձեր աչքին և ապա նաև ուրիշների համար։ Վստահեցնում եմ՝ այսօրուայ Ձեր տառապանքները ոչինչն են այն օրուայ Ձեր տանջանքների հետ համեմատած։ Խնդրում եմ՝ չգնաք այդ ճանապարհով։ Ինքներդ Ձեզ ու նաև մեզ բոլորիս նման փաստի առջեւ չկանգնեցնէք։
Պարոն Շահրամանեան, յուսով եմ կներէք իմ այսչափ բաց և յանդուգն նամակը։ Հաւատացեք՝ այս խօսքերը բխում են Արցախի, բայց նաև Ձեզ համար սրտացաւ մարդու հոգուց։ Ես երբեք չեմ մոռանայ Ձեր՝ Արցախի համար ամենադժուար պահին պատասխանատուութիւն ստանձնելու խիզախութիւնը։ Սրտանց ուզում եմ, որ իսկական տղամարդուն ու նաև սպային արժանի Ձեր այդ քայլը ոչնչով չմթագնուի
։
Ուզում եմ յունուարի մէկին նորից կարողանալ դիմել Ձեզ որպէս Արցախի Նախագահի…
Մեծարգոյ պարոն Նախագահ, ընդունէք խնդրեմ խորին յարգանքիս հաւաստիքը։ Թող ամենակալ Տէրն ուժ և իմաստնութիւն պարգևի Ձեզ։ Աստծով։
Հրանտ Մելիք-Շահնազարեան
Քաղաքագէտ
Comments are closed.