Արցախցիների համար նոր աշխատատեղեր են բացուել

Աշխատատեղեր որոնող արցախցիների համար բազմաթիւ ընկերութիւններ աշխատատեղեր են առանձնացրել։

Հոկտեմբերի 31-ին «Էլիտ Պլազա» բիզնես կեդրոնում տեղի ունեցաւ Artsakh Career Expo-ն՝ աշխատանքի տօնավաճառ, արցախցիների համար։ Էքսպոյի նպատակը բռնի տեղահանուած արցախցիների զբաղուածութեան խնդիրը լուծելն է։

40-ից աւելի կազմակերպութիւններ, այդ թուում՝ Galaxy Group of Companies, Food Republic Yerevan, Yeremyan Projects, Soft Construct, Ucom, Globbing, արցախցիներին նոր աշխատատեղեր են առաջարկում։

Artsakh Career Expo-ի համահիմնադիր Մանէ Բարեղամեանը նշեց, որ 50-ից աւելի գործատու-կազմակերպութիւն եւ աւելի քան 2000 հաստիք է ներկայացնում։

«Աշխատանքի ոլորտները շատ տարբեր են՝ տեղեկատուական տեխնոլոգիաներ, սպասարկում, ծառայութիւններ, կրթութիւն, ֆինանսներ եւ այլն», մանրամասնեց Մանէ Բարեղամեանը։

Աշխատանքի տօնավաճառին աշխատանք որոնողները տեղում լրացնում էին իրենց ինքնակենսագրական տուեալները կամ էլեկտրոնային եղանակով ուղարկում գործատուին։ Աշախատակիցներն օգնում էին նրանց, ովքեր էլեկտրոնային եղանակով ինքնակենսագրութիւն չունէին։ Տեղում կազմւում էին նոր ինքնակենսագրութիւններ։

Ստեփանակերտցի Էլէն Յովաննիսեանը վերջին հինգ տարում մեներգչուհի էր Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համոյթում, իսկ Կոմիտասի անուան երաժշտական դպրոցում աշխատում էր որպէս վոկալի ուսուցչուհի։ Էլէնը կարօտում է աշակերտներին, հարազատ աշխատանքը։ Ասում է՝ իր ոլորտում աշխատանք գտնելն աւելի դժուար է, բայց չի յուսահատւում։

«Այսօր աշխատանքի տօնավաճառ այցելելով՝ ինենակենսագրական տուեալներ եմ թողել, որպէսզի համապատասխան հաստիքի առկայութեան դէպքում ինձ տեղեկացնեն», ասում է Էլէնը։

Ֆինանսիստ Եւգենիա Համբարձումեանն Արցախի ֆինանսների նախարարութիւնում է աշխատել։ Տաղաւարներին մօտեցել է, հարցումներ արել, ասել են՝ ինքնակենսագրական տուեալներ ուղարկի։

«Դեռեւս անգործ եմ, բայց իմ ինքնակենսագրութիւնն ուղարկել եմ մի քանի ընկերութեան էլեկտրոնային հասցէներին։ Յուսամ՝ առաջիկայում աշխատանք կը գտնեմ», ասում է Եւգենիան։

Ընտանիքում հիմա ոչ ոք չի աշխատում, ուստի Եւգենիան պիտի օր առաջ աշխատանք գտնի։

«Էլտորատօ» ընկերութիւնն այժմ 30 աշխատակցի կարիք ունի, որոնք պէտք է աշխատեն սպասարկման ոլորտում։ Արդէն 150-ից աւելի արցախցի ինքնակենսագրական տուեալներ է ուղարկել։

«Քանի որ մեր ընկերութիւնն էլեկտրական տեխնիկա եւ կենցաղային պարագաներ է ներկրում, հիմնականում խորհրդատու-վաճառողների, գանձապահների զանգերի կեդրոնի մասնագէտների ու վարորդ-առաքիչների եւ պահեստի աշխատակիցների կարիք ունենք», ասում է «էլտորատօ» ընկերութեան ներկայացուցիչ Գրետա Առաքելեանը։

Արցախցիներին աշխատանքով ապահովելու ցանկութիւն ունեն նաեւ այն ընկերութիւնները, որոնք թէկուզ մի քանի ազատ հաստիք ունեն։ «Թայմ» ընկերութիւնն այժմ երեք ազատ հաստիք ունի։ Ընկերութեան՝ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Լուսինէ Վարդանեանը մանրամասնում է՝ «Թայմ» ընկերութիւնն այժմ փնտռում է վաճառող-խորհրդատու, գրաֆիկ-դիզայներ, պրոյեկտ-մենեջեր։

«Արդէն բազմաթիւ դիմորդներ ունենք։ Լիայոյս ենք, որ թեկնածուների հետ հանդիպումներից յետոյ նոր աշխատակիցները կը համալրեն մեր ընկերութեան շարքերը», ասում է Լուսինէ Վարդանեանը։

Իսկ «Դասաւանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն արցախցիներին վերապատրաստման ծրագրեր է ներկայացնում արցախցիներին, որոնք պատրաստ են վերապարտաստում անցնելուց յետոյ դասաւանդել Հայաստանի մարզերում գտնուող դպրոցներում։ Նրանք, ովքեր տօնավաճառի ընթացքում չեն հասցրել ինքնակենսագրական տուեալներ թողնել, կարող են «Դասաւանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի պաշտօնական կայքում գրանցուել։

Ստեղծուել է յատուկ կայք, որտեղ գործատուն եւ աշխատանք որոնողները կարող են գտնել միմեանց։ Աշխատանք փնտռող արցախցիները կարող են ինքնակենսագրական տուեալներ թողնել, իսկ գործատուները՝ յայտարարութիւններ տեղադրել թափուր հաստիքների վերաբերեալ։

Յասմիկ Բալէեան

Comments are closed.