Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական մշակոյթը․ ՀՀ իշխանութիւնները քայլեր չեն ձեռնարկում պաշտպանելու այն․ Լեռնիկ Յովհաննիսեան

Արցախի մշակոյթի, սպորտի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմանական խորհրդի ատենապետ, պատմաբան, ազգագրագէտ Լեռնիկ Յովհաննիսեանը «Ապառաժ»-ի խմբագիր Յ․ Շինդեանի հետ զրոյցում մտահոգութիւն է յայտնել Արցախում Ատրպէյճանի կողմից իրականացուող մշակութային ցեղասպանութեան ուղղութեամբ․

«Ցաւօք սրտի, ՀՀ ներկայ իշխանութիւններն Արցախի պատմամշակութային արժէքների պահպանման հարցը թողել են բարձիթողի։ Թէ ինչ են անում ՀՀ դիւանագիտական առաքելութիւնները, ԱԳՆ-ն, համապատասխան մարմինները, որոնք կոչուած են ներկայացնելու մեր մշակութային ժառանգութեան պահպանման նկատմամբ մարտահրաւէրները, որոնք առկայ են՝ յայտնի չէ։ Մինչեւ հիմա, բացի մի քանի ոչինչ չասող յայտարարութիւններից՝ գործնական քայլեր չեն ձեռնարկւում:

Բռնագրաւուած տարածքներում ոչ միայն միջնադարեան եկեղեցիները, վանական համալիրները, մատուռները, գերեզմանոցները, տապանաքարերը, խաչքարերը, բերդ-ամրոցները, կամուրջներն են ենթարկւում վանդալիզմի ու ոչնչացման, այլ նաեւ համեմատաբար նոր կառուցուած յուշարձանները, մասնաւորապէս՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերին եւ Արցախեան առաջին պատերազմում զոհուած ազատամարտիկներին նուիրուած յուշահամալիրները: Մենք այդպիսի յուշարձանների հիմնայատակ ոչնչացման եւ վանդալիզմի բազմաթիւ փաստեր ունենք, օրերս Մարտակերտի շրջանի Վանք գիւղի մասին տեղեկութիւն տարածուեց», նշել է նա:

Հարցին, թէ ի՞նչ պէտք է արուի պաշտպանելու համար Արցախի մշակութային ժառանգութիւնը եւ ովքե՞ր են այդ գործին լծուած՝ Լ․ Յովհաննիսեանը նշել է․

«Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան հարցն այսօր մնացել է Հայ Առաքելական եկեղեցու եւ մի շարք այլ գիտակրթական եւ մշակութային միութիւնների, ինչպէս նաեւ Սփիւռքի կառոյցների, հիմնականում ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի օրակարգում։ Արցախի իշխանութիւնների կողմից եւս որոշակի քայլեր ձեռնարկւում են, որպէսզի կարողանանք այդ ամէնին ինչ-որ չափով հակազդել եւ քանդման ու պղծման ընթացքը կանգնեցնել: Ի հարկէ, Արցախի թեմը եւս որոշակի քայլեր է կատարում այդ մասին անընդհատ խօսելով, ինչպէս նաեւ աշխատանքներ է իրականացնում թէ՛ Արցախի մշակութային ժառանգութեան մատենաշարի հրատարկման, թէ՛ ապագայում ցուցահանդէսների կազմակերպման, ինչպէս նաեւ իր բոլոր հանդիպումներում, այդ թուում նաեւ տարբեր օտարեկրեայ պատգամաւորների, համաշխարհային քրիստոնէական տարբեր կազմակերպութիւնների հետ հանդիպման ժամանակ միշտ բարձրացւում է այդ հարցը։

Տարբեր երկրների ղեկավարների առջեւ այդ հարցը բարձրացւում է Վեհափառ Հայրապետի մակարդակով։ Սակայն դա միայն չպէտք է լինի Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռի կամ տարբեր կազմակերպութիւնների առաքելութիւնն ու աշխատանքը, այլ նաեւ պէտք է համակարգուի ՀՀ պետութեան կողմից, որն այսօր, ցաւօք սրտի, չի արւում։

Ես գտնում եմ, որ միջազգային կազմակերպութիւնների մօտ այդ հարցը համակարգուած ներկայացնելու դէպքում մենք կարող ենք յաջողութիւնների հասնել, որը ցավւօք սրտի, ինչպէս նշեցի, չի արւում։ Բայց մենք մեր աշխատանքը կատարում ենք նաեւ Արցախի նկատմամբ սրտացաւ մարդկանց աջակցութեամբ, մեծ աշխատանքներն են տարւում Հայ Դատի գրասենեակների միջոցով Արցախի մշակութային ժառանգութեան յատկապէս հանրահռչակման ուղղութեամբ, նաեւ ինչ-որ ձեւով միջազգային հանրութեանը ներկայացնելով այն ամէնն ինչ ունենք, որպէսզի միջազգային ճնշման ներքոյ կարողանանք սանձել Ատրպէյճանի էթնոցիդ քաղաքականութիւնը։ Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ միջազգային հանրութիւնը Ատրպէյճանին զսպելու քաղաքականութիւն վարի»: