Արցախի 19-րդ դարի հայկական ժառանգութիւնն ատրպէյճանական հայաջինջ քաղաքականութեան թիրախում

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Համաձայն Ատրպէյճանի պաշտօնական քարոզչութեան՝ Ատրպէյճանի տարածքում հայկական մշակութային ժառանգութեան օրինակներ են հանդիսանում միայն 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին կառուցուած հոգեւոր կառոյցները: Ատրպէյճանական քարոզչամեքենան սա «բացատրում է» նրանով, որ «Անդրկովկասում հայերը վերաբնակեցուել են վերջին երկու հարիւր տարիներին Ռուսական կայսրութեան իշխանութիւնների կողմից, եւ տարածաշրջանի հայկական հոգեւոր կառոյցները կառուցուած են հայ վերաբնակիչների կողմից: Անդրկովկասում եւ մասնաւորապէս ժամանակակից Հայաստանի Հանրապետութեան եւ Ղարաբաղի տարածաշրջանում եղած հայկական մշակութային ժառանգութիւնը հենց այս վերաբնակիչներին է պատկանում եւ ստեղծուել է վերջին 200 տարիների ընթացքում»:

Ինչպէս կարող ենք տեսնել, նման յայտարութեամբ պաշտօնական Ատրպէյճանը «իւրացնում եւ սեփականում է» ոչ միայն ՀՀ, այլ նաեւ Արցախի եւ պատմական հայկական այլ երկրամասերի տարածքում ստեղծուած ողջ մշակութային ժառանգութիւնը: Այստեղ իւրացւում է ոչ միայն չորրորդ դարից ստեղծուած քրիստոնէական ժառանգութիւնը, այլ նաեւ՝ աւելի վաղ շրջաններինը:

Կարող ենք տեսնել, որ ատրպէյճանական քարոզչամեքենան հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցուած եկեղեցիները, այն էլ՝ սեփական քարոզչական թեզերից ելներով, որտեղ հայերը համարւում են եկուոր: Այս մասին վերջերս յայտարարեց նաեւ տխրահռչակ ատրպէյճանական քարոզիչ Րիզվան Հուսէյնովը:

Հիմք ընդունելով քարոզչական այս թեզը՝ ատրպէյճանական կողմը բռնագրաւուած Արցախում հայկական է համարում միայն 19-րդ դարում կառուցուած եկեղեցիները, քանի որ ըստ իրենց՝ մինչեւ 19-րդ դարը հայեր Արցախում չեն եղել: Այս եկեղեցիների շուրջ ստեղծուել է քարոզչական երկակի իրավիճակ՝ մի կողմից դրանք կարծես չպէտք է քանդուեն, քանի որ կառուցուել են ոչ «օկուպանտական» տարիներին, բայց դրանք նաեւ չեն կարող յայտարարուել «աղուանա_ուտիական»: Ուստի հարց է ծագում, թէ ինչ անել սրանց հետ: Վերջին չորս տարում ատրպէյճանական կողմը քարոզչական տեսանիւթեր էր հրապարակում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին կառուցուած եւ Պաքուում, Գանձակում, Շամքորում դեռեւս կանգուն հայկական եկեղեցիներ՝ ցոյց տալու համար, որ «հանդուրժող» է եւ խնդիր չունի հայկական ժառանգութեան հետ (այս մասին աւելի մանրամասն տես՝ Ատրպէյճանի «հանդուրժողականութեան» մասին):

Սակայն միւս կողմից՝ 19-րդ դարի այս ժառանգութիւնը եւս խնդրայարոյց է Ատրպէյճանի համար, քանի որ նման եկեղեցիներ կան Արցախի համարեա բոլոր գիւղերում: Կան այս յուշարձանների կառուցման արձանագրութիւնները, որտեղ սովորաբար նշուած է գիւղական համայնքը, մեկենասը, քահանան, եկեղեցիների մի մասի կառուցման մասին կան նաեւ փաստաթղթային վկայութիւններ եւ նկարագրութիւններ: Մակար Պարղուտարեանցը, շրջելով ամբողջ Արցախում, նկարագրում էր հայկական գիւղերը, դրանցում գտնուող յուշարձանները, կառուցուող, վեակառուցուող, նորոգուող գիւղական եկեղեցիները:

Կարող ենք տեսնել, որ սկսած 2020 թուականից որոշ դէպքում դրանք պաշտօնապէս յայտարարւում են կրկին աղուանա-ուտիական, ինչպէս օրինակ Թալիշ գիւղի 1894 թուականին կառուցուած Ս. Ամենափրկիչ եկեղեցին, ինչով հակասութիւն են ստեղծում քարոզչական հիմնական թեզերի հետ (տես՝ Թալիշ գիւղի Ս. Ամենափրկիչ եկեղեցին «աղուանա-ուտիական» հռչակելու մասին):

Որոշ դէպքերում կարող ենք վաւերացնել, որ 19-րդ դարով թուագրուող նման եկեղեցիներն «անհետանում են», միտումնաւոր վնասւում ատրպէյճանական կողմի իրականացուող «ենթակառուցուածքային» աշխատանքների ժամանակ, ինչպէս դա եղաւ Հադրութի շրջանի Մոխրենես գիւղի Ս. Սարգիս, Մադաթաշէն գիւղի Ս. Աստուածածին եկեղեցիների (տես՝ Մոխրենեսի Ս. Սարգիս եկեղեցին, Թշնամին աւերել է Մադաթաշէն գիւղի դպրոցը, մշակոյթի տունը, յուշարձանն ու վնասել Ս․ Աստուածածին եկեղեցին):

Որոշ դէպքերում այս եկեղեցիները ուղղակի պղծւում են, պատւում են գրութիւններով, ինչպէս դա եղաւ Քարինտակ, Ջրաղացներ գիւղերի եկեղեցիների պարագայում (տես՝ Քարինտակի Ս. Աստուածածին եկեղեցին ենթարկւում է վանդալիզմի, Ատրպէյճանի զինուորականները մահմետական աղօթք են հնչեցնում բռնագրաւուած Ջրաղացներ գիւղի Սուրբ Աստուածածին եկեղեցում):

Հարկ ենք համարում նշել, որ Հադրութի շրջանում ունենք մի իրավիճակ, որ եթէ անգամ եկեղեցիները կանգուն են, ապա միտումնաւոր վնասուել են, աւերուել գիւղերը, իսկ ամբողջ Արցախում հայ չի մնացել, այսինքն՝ չկայ եկեղեցիները կառուցող համայնքը, իսկ նրա բնակավայրերը քանդւում են:
Առաւել բարդ իրավիճակը ստեղծուած է Շուշիում: Ատրպէյճանական քարոզչամեքենան առհասարակ մերժում է քաղաքի հայկական ինքնութիւնը, ինչի դրեւսրումը խորհրդային տարիներից դեռեւս մի կերպ պահպանուած հայկական գերեզմանոցների հիմնական եւ վերջնական աւերումն էր վերջին տարիներին: Փաստ է, որ ատրպէյճանական կողմը որոշել էր Շուշի քաղաքում չտեսնել, վերացնել անգամ իր քարոզչամեքենայի թեզերով առկայ հայկական ժառանգութիւնը (տես՝ Ատրպէյճանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները):

Շուշի քաղաքի հայկական Ս. Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եւ Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցիները պաշտօնապէս յայտարարուեցին ռուսական ուղղափառ եւ ձեռնարկուեցին այդ եկեղեցիների «նախնական, պատմական» տեսքին բերելու աշխատանքները, իսկ այնուհետեւ «յանկարծակի» անհետացաւ Կանաչ ժամ եկեղեցին:

Այստեղ առաւել զարմանալին այն է, որ Կանաչ ժամի չակերտաւոր վերականգնումը ցուցադրելու համար Շուշի էին բերուել Ատրպէյճանում հաւատարմագրուած դեսպաններ, կրօնական համայնքների առաջնորդներ (տես՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին որպէս Ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացնելու եւ այնտեղ կազմակերպուած անօրինական ծիսակատարութեան մասին):

Ակնյայտ է, որ Ղազանչեցոց եկեղեցին արտաքնապէս արդէն նմանեցուել է ուղղափառ եկեղեցու՝ հանուել է նրա վեղարը, գմբէթին տրուել է կիսագնդի տեսք, ներկուել դեղնա-ոսկեգոյն: Շուշի քաղաքի եկեղեցիները հարուստ էին հայերէն արձանագրութիւններով, որտեղ որպէս պատուիրատու հանդէս էր գալիս քաղաքի հայկական թաղամասերի բնակչութիւնը: Քաղաքի մասին առկայ են մեծ թուով արխիւային, պաշտօնական փաստաթղթեր, որոնք Ռուսական կայսրութեան գաւառական իշխանութիւնների կողմից էին կազմուած:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ անգամ 19-րդ դարում կառուցուած եւ որպէս հայկական ճանաչուող ժառանգութեան ֆիզիքական գոյութիւնը նոյնպէս խիստ մտահոգում է օուպանտներին, եւ այս յուշարձանները եւս ենթակայ են աւերման»:

Comments are closed.