Արցախի կարգավիճակի խնդիրը 44-օրեայ պատերազմից յետոյ և Ադրբեջանի դիրքորոշումը
Լիանա Պետրոսեան
Արցախեան առաջին պատերազմում հայկական կողմի յաղթանակից յետոյ՝ զինադադարի հաստատման հէնց սկզբից, համաշխարհային ուժային կենտրոնները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հակամարտութիւնը սառեցնելու համաձայնութեան եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ դրանում ներառելով նաև Ֆրանսիային որպէս եւրոպական շահերի ներկայացուցիչ:
Սակայն ոչ մի հակամարտութիւն յարատև չէ, և երկար տարիներ Ադրբեջանի իշխանութիւնները պատրաստւում էին արցախեան հիմնախնդրի ռազմական լուծմանը՝ մշտապէս ճնշում գործադրելով Հայաստանի վրայ՝ սահմանագծի ողջ երկայնքով պահպանելով ռազմական լարուածութիւնը: Այդ լարուածութեան մակարդակը տարուէ տարի աճում էր: Օգտուելով Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ (2018 թ.) տիրող ներքաղաքական լարուածութիւնից և արտաքին քաղաքական դաշտում գործող իշխանութիւնների թերացումներից՝ Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր պատերազմ սանձազերծեց Հայաստանի և Արցախի դէմ, ինչի hետևանքով Արցախի հայկական տարածքների բռնազաւթմամբ հակամարտութիւնն այլ փուլ թևակոխեց, իսկ Ռուսաստանը Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայեց:
44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի անկախութեան և կարգավիճակի հարցը նոր մարտահրաւէրների առջև կանգնեցրեց հայութեանը: Պատերազմը և 2020 թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը յանգեցրին մօտ երեք տասնամեակ հայկական ուժերի վերահսկողութեան տակ եղած 7 շրջանների յանձնմանը, ԼՂԻՄ-ին մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորստին, ռուս խաղաղապահների տեղակայմանը, Արցախի աւելի քան 70 տոկոսի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցմանը, բնակչութեան տեղահանութիւնների, հազարաւոր զոհերի ու վիրաւորների և մեծ անորոշութեան ու բազմաթիւ հարցերի: Այն հնարաւորութիւններն ու առաւելութիւնները, որոնք հայկական կողմին թոյլ էին տալիս անկախութեան պահանջներ ներկայացնել, իսկ Բաքուն էլ պատրաստ էր բանակցելու մինչև 2020 թ., ըստ էութեան, այլևս գոյութիւն չունեն:
Փաստօրէն, 44-օրեայ պատերազմը արմատապէս փոխեց իրավիճակը Հարաւային Կովկասում: Ադրբեջանի դիրքերն ամրապնդուեցին, Հայաստանի դիրքերը թուլացան, Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում զգալիօրէն աճեց, և ընդլայնուեց նրա ռազմական ներկայութիւնն Ադրբեջանի տարածքում: Միաժամանակ թուրք զինուորականներին հակամարտութեան գօտում խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակ չտրուեց, ինչպէս ակնկալում էին Անկարան և Բաքուն, այլ սահմանափակուեց հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի դիտորդների գործառոյթներով միայն, որը տեղակայուած է Ադրբեջանի կողմից բռնազաւթուած Ակնայի (Աղդամ) շրջանում:
Ըստ էութեան, 44-օրեայ պատերազմի ընթացքում և դրանից յետոյ իրավիճակի վրայ ազդելու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անկարողութեան պայմաններում յստակօրէն ընդգծուեց պետութիւնների ղեկավարների մակարդակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ երկխօսութեան ձևաչափի հաստատումը:
Յատկանշական է, որ նախորդ տարուայ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վ. Պուտինը յայտարարեց, թէ Արցախի կարգավիճակը պէտք է անփոփոխ մնայ մինչև հակամարտութեան վերջնական կարգաւորումը, իսկ արդէն վերջին շրջանի ելոյթներում նախագահը նշում է, որ հակամարտութիւնը տարածաշրջանում ոչ թէ լուծուած է, այլ դադարեցուած: Այսինքն՝ ստացւում է, որ հայ-ադրբեջանական հակամարտութիւնը, ինչպէս 90-ականներին, այնպէս էլ այժմ ուղղակի ռազմական գործողութիւններից տեղափոխուել է դիւանագիտական հարթակ (յամենայնդէպս, դա այդպէս են ընկալում համաշխարհային ուժային կենտրոնները և էատկապէս տարածաշրջանային գլխաւոր խաղացողներից մէկը՝ Ռուսաստանը): Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ արցախեան հակամարտութիւնը գտել է իր լուծումը:
Աւելին՝ նա սպառնում է չխօսել դրա շարունակուելու մասին, քանի որ «դա սխալ և վտանգաւոր ճանապարհ է»: Աւելի վաղ՝ մայիսին, Ի. Ալիևը յայտարարել էր, որ կարգավիճակի հարցն անտեղի է:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների խօսքերի միջև ակնյայտ անհամապատասխանութիւն կայ, աւելին՝ ստացւում է, որ Վ. Պուտինը գնում է «սխալ և վտանգաւոր ճանապարհով», քանի որ, նրա խօսքերով, հակամարտութիւնը միայն դադարեցուել է և չի լուծուել, իսկ կարգավիճակի հարցը դեռ որոշուած չէ:
Ֆրանսիական կողմը իր հերթին վերջին շրջանում ակտիւացել է Անդրկովկասեան տարածաշրջանում: Երևանում Ֆրանսիայի դեսպանը բացայայտօրէն մատնանշել է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է միայն Արցախի կարգավիճակի որոշումից յետոյ: Ստացւում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն բացառում, այսպէս կոչուած, Արցախի Հանրապետութեան կարգավիճակի քննարկումը: Ֆրանսիան բարձրաձայն խօսում է այս մասին, Ռուսաստանն ակնարկում է, իսկ Միացեալ Նահանգներն առայժմ լռում է, բայց հաւանաբար հակուած է նրան, որ կարգավիճակի խնդիրը դեռ արդիական է:
2021 թ. յունիսի վերջին Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը մատնանշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը շարունակում է գործել, և այն խնդիրները, որոնք ներառուած են համանախագահների ձևաչափի օրակարգում, պահպանւում են: Յուլիսի սկզբին Փարիզի նախաձեռնութեամբ Է. Մակրոնը և Վ. Պուտինը հեռախօսազրոյց ունեցան, որի ընթացքում երկու կողմերն էլ «պատրաստակամութիւն յայտնեցին համակարգելու Արցախի հակամարտութեան կարգաւորումը տարբեր ասպեկտներով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ անդամ ԱՄՆ-ին, ապա վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախօսազրոյցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որոնց ընթացքում ամերիկացի դիւանագէտն ընդգծել է, որ Վաշինգտոնը «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացուող գործընթացը, որն ուղղուած է արցախեան հակամարտութեան կայուն քաղաքական կարգաւորմանը», և Հայաստանին «ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում կառուցողական համագործակցութեան» կոչ արել: Իսկ արդէն օրեր առաջ Սիւնիքի մարզ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրէյսին յայտարարել է, որ «վերջին պատերազմի հետևանքները յաղթահարուած չեն, հակամարտութիւնը կարգաւորուած չէ, քանի որ դեռևս որոշուած չէ Արցախի կարգավիճակի հարցը», ինչն էլ նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում շարունակելու է իր գործունէութիւնը՝ իրավիճակի դեէսկալացիայի, միջադէպերի բացառման, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի կարգավիճակի վերջնական կարգաւորման անհրաժեշտութիւնից ելնելով:
Յատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդընը դեռ չէր ստանձնել Սպիտակ տան տիրոջ լիազօրութիւնները, երբ որոշւում էր Արցախի ճակատագիրը: Վաշինգտոնը 44-օրեայ պատերազմի արդիւնքների ամփոփման մէջ եթէ ոչ զրոյական, ապա երկրորդական դերակատարութիւն ունեցաւ, ուստի Միացեալ Նահանգները կարող էր բաւարարուել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մնալով, սակայն չպէտք է մոռանալ Ջ. Բայդընի՝ Է. Մակրոնից ոչ պակաս «հայամէտ» լինելու մասին: Ջ. Բայդընը աւելիի քան տասը տարի աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի յանձնաժողովում, իսկ վերջերս 1915 թ. արիւնալի իրադարձութիւններն անուանել է «Հայոց ցեղասպանութիւն»: Հայկական լոբբիի հետ որպէս կոնգրեսական աշխատելիս Ջ. Բայդընը պաշտպանել է Ադրբեջանին յատկացուող օգնութիւնը դադարեցնելու մասին «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ յօդուածը և Արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ պահանջել այն ուժի մէջ պահել: Սպիտակ տան ղեկավարն անգամ քննադատել է Դոնալդ Թրամփին՝ 44-օրեայ պատերազմի ընթացքում պասիւ լինելու համար, և Թուրքիային մեղադրել հակամարտութիւնը «թէժացնելու» մէջ:
Այսպիսով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համար Արցախի կարգավիճակի հարցը բաց է, և նրանց դիրքորոշումը հակասում է Ի. Ալիևի յայտարարութիւններին (վերջինս կարող է յոյսը դնել միայն Թուրքիայի վրայ, որը լիովին պաշտպանում է Ադրբեջանի քաղաքական գիծը): Ի դէպ, այն բանից յետոյ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանները մերժեցին Ադրբեջանի կառավարութեան հրաւէրը՝ այցելելու Շուշի, բուռն քննադատութեան արժանացան ադրբեջանական իշխանութիւնների կողմից: Պէտք է ընդգծել, որ մերժումն ինքնին հասկանալի է՝ հաշուի առնելով չէզոքութիւն պահպանելու համանախագահների պարտաւորութիւնը: Այլ բան է, որ դա առաջացրեց Ադրբեջանի զայրոյթը, որը նախկինում համանախագահներին (շատ յաճախ՝ Ռուսաստանին) մեղադրում էր կողմնակալութեան և հայանպաստ դիրքորոշման մէջ:
Ընդհանուր առմամբ իրավիճակը ցոյց է տալիս, որ տարածաշրջանի հիմնական դերակատարները ոչ միայն դէմ են յետպատերազմեան շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, այլև աջակցում են նման ձևաչափի վերակենդանացմանը: Իրադարձութիւնների տրամաբանութիւնը յուշում է, որ Մոսկուան մտադիր չէ այս դէպքում մենակ գործել, այլ համաձայն է ներգրաւել այլ դերակատարների ևս:
Ի. Ալիևն իր ելոյթներից մէկում նշել է, որ պատերազմի ժամանակաշրջանն անցեալում է, սակայն Ադրբեջանը ամէն րոպէ պէտք է պատրաստ լինի պատերազմի: Անհասկանալի է, թէ ում դէմ է Ադրբեջանը մտադիր պատերազմել և ինչի համար, եթէ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան յստակ նշել են, որ առճակատում չի լինի, ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ տարածաշրջանի քաղաքական դաշտում, և Արցախի կարգավիճակը պէտք է յստակեցուի: Այդ դէպքում ինչո՞վ է պայմանաւորուած Ի. Ալիևի դիւանագիտական նման կտրուկ հռետորաբանութիւնը: Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերը բաւարար չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հակազդելու համար, եթէ նրանք Արցախի հարցում միասնական մօտեցում ցուցաբերեն: Պատերազմ չի լինի, ինչը նշանակում է, որ դիւանագիտական դաշտում խստացումներ կը լինեն: Օրինակ՝ կարող է դրուել Արցախի Հանրապետութեան (ԱՀ) ճանաչման հարցը: Արդեօք սա ձեռնտո՞ւ է պաշտօնական Բաքուին, որը նախկինում խօսում էր շատ աւելի մեղմ և դիւանագիտական լեզուով:
Եթէ Բաքուն չմեղմացնի իր կոշտ հռետորաբանութիւնը, ապա դա նրա փոխարէն կ’անեն ուրիշները, առաջին հերթին՝ Մինսկի խմբի երկրները: Սա նման է այն արտայայտութեանը, թէ «դուք կարող էք պատերազմը յաղթել ռազմի դաշտում և պարտուել այն դիւանագիտական սեղանների շուրջ»: Այս պարագայում Ադրբեջանը մարտահրաւէր է նետում համաշխարհային դիւանագիտութեանը՝ ըստ էութեան խոչընդոտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսումը, մինչդեռ Երևանը պատրաստ է հետևելու համանախագահ երկրների յայտարարութեանը, որը կողմերին կոչ էր անում առաջին իսկ հնարաւորութեան դէպքում վերսկսելու բարձր մակարդակի հանդիպումները միջնորդ երկրների հովանու ներքոյ: Բայց մի՞թէ դա հնարաւոր է: Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական» է (չմոռանանք, թէ ինչպէս 44-օրեայ պատերազմից յետոյ վերջինս կարողացաւ միայնակ իրականացնել միջնորդական դերակատարութիւնը): Միաժամանակ չպէտք է բացառել Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարաւորութիւնը՝ հաշուի առնելով, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսներն այդ ուղղութեամբ դեռ չեն սպառուել: Ակնյայտ է, որ Մինսկի խումբը և նրա համանախագահները պէտք է նպաստեն հակամարտութեան երկարաժամկէտ և կայուն կարգաւորման բանակցութիւններին: Հետևաբար ինչպե՞ս և ի՞նչ պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է վերսկսել Արցախի հակամարտութեան կարգաւորման միջնորդական առաքելութիւնը այն պայմաններում, երբ, ըստ ռուս փորձագէտ Սերգէյ Մարկեդոնովի, «հին ստատուս քւոն արմատապէս կոտրուած է, բայց նորը դեռ չի կայացել», իսկ դրա ձևաւորումը տեղի է ունենում «դրամատիկ պայմաններում»:
Ինչպէս տեսնում ենք, խաղն ընթանում է հեռահար տիրոյթով, ինչը կարող է պայմանաւորուած լինել առնուազն երկու գործօններով: Նախ՝ Բաքուում և Անկարայում, որոնք անցեալ տարուայ աշնանը փորձում էին վերջնականապէս լուծել արցախեան հակամարտութիւնը, սկսեցին գիտակցել, որ չկայ «բացարձակ յաղթանակ», քանի դեռ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում: Լրացուցիչ լարուածութիւն է առաջացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի հնարաւոր վերսկսումը, որը Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնօրէն և անարդիւնաւէտօրէն «թաղել» է մի քանի անգամ:
Երկրորդ՝ սոցիալ-տնտեսական դրութիւնը մերձկասպեան երկրում, մեղմ ասած, այնքան էլ գոհացնող չէ: Յունիսի 1-ից «SOCAR»-ի նախաձեռնութեամբ Ադրբեջանում բարձրացուել են բնական գազի և էլեկտրաէներգիայի գները, այդ թւում՝ այն ձեռնարկութիւնների, որոնք անխուսափելիօրէն կ’ազդեն բնակչութեանը մատուցուող ծառայութիւնների գների վրայ: Այս ամէնը նոյնպէս նպաստում է հասարակական դժգոհութեան մեծացմանը: Ընդ որում, բնակչութեանը մտահոգում է նաև ռուսական խաղաղապահ ուժերի առկայութիւնը:
Չնայած Ադրբեջանի օգտին իրավիճակի արմատական փոփոխութեանը՝ վաղ թէ ուշ թէ՛ տարածաշրջանային և թէ՛ արտատարածաշրջանային ուժերը, միևնոյն է, ստիպուած կը լինեն վերադառնալ Արցախի կարգավիճակի խնդրին: Ակնյայտ է, որ ռուս խաղաղապահները չեն հեռանայ, մինչև չլուծուի Արցախի կարգավիճակի և բնակչութեան անվտանգութեան խնդիրը: Իհարկէ, այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային ասպարէզում վերականգնել Հայաստանի դիրքն ու կարևորութիւնը:
Լիանա Պետրոսեան
«Դրօշակ», թիւ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.